Սովորիր գերմաներեն, բայց մասնագետի հետ

Եկե՛ք մի փոքր խոսենք գերմաներենը ճիշտ սովորելու մասին։ Եթե օտար լեզուն սովորում եք որևէ քննություն հանձնելու նպատակով կամ շատ արագ ձգտում եք ավելի բարձր մակարդակի հասնել, ապա այս դեպքում ճիշտ կլինի դիմել մասնագետի օգնությանը։ Իսկ ինչո՞ւ  մասնագետի։ Յուրաքանչյուր օտար լեզու ունի իր առանձնահատկություններն ու նրբությունները, ու այդ ամենը ճիշտ և հեշտ հասկանալու տարբեր մեթոդներ կան, որոնց շատ լավ ծանոթ են մասնագետները։ Օրինակ գերմաներենում, սովորել գոյականներն առանց հոդերի, նշանակում է սովորել բառի երեսուն տոկոսը, քանի որ գոյականի հոլովը, սեռը, թիվը անմիջականորեն կապված են հոդի հետ: Lեզվի մասնագետը հստակ գիտի, թե որոնք են այդ լեզվի հեշտ ու դժվար կողմերը։ Նա դասապլանը կառուցում է  ըստ ուսանողի ունեցած գիտելիքի, ընդունակության և տրամադրած ժամանակի։ Այդ իսկ պատճառով էլ, եթե որոշել եք նոր օտար լեզու սովորել, ապա խորհուրդ կտամ սկզբնական շրջանում դիմել ուսուցչի օգնությանը, ով ձեզ հստակ խորհուրդներ կտա, թե ինչպես կառուցել ուսումնառության ընթացքը։


Երևի շատերի մոտ կառաջանա մի հարց, ինչո՞վ է պայմանավորված ինքնուրույն՝ առանց ուսուցչի օգնության, սովորելու վտանգը։ Ուրիշ կերպ ասել չեմ կարող, քանի որ դա իսկապես վտանգ է այն պարագայում, երբ փորձում ես օտար լեզվի նրբություններն ու բացառություններն ինքնուրույն հասկանալ, ամենը ճիշտ կիրառել։ Գերմաներենը հարուստ է մի շարք բացառություններով, իսկ այդ բացարություններն միայնակ ընկալել և հասկանալ այնպես, ինչպես հարկն է, քչերին է հաջողվում։
Ինչ նպատակ էլ դնեք ինքներդ ձեր առջև՝ հանձնել քնություն, սովորել առօրյա խոսակցական՝ միշտ սկսեք սովորել ուսուցչի հետ և այդպես կկարողանաք շատ ավելի գրագետ սովորել բոլորին այդքան դժվար թվացող, բայց և միաժամանակ շատ գեղեցիկ և հարուստ գերմաներեն լեզուն։ Վերջնական նպատակի որոշումը շատ կարևոր քայլ է, որպեսզի ձեր մարզումը լինի առավել արդյունավետ: Լեզուն սովորելը երկար և դժվար ճանապարհ է, բայց և այնպես երբեք հետ մի՛ կանգնեք։ Ունեք նպատակ, ուրեմն հասեք դրան։

Իսկ ինչ վերաբերում է բանավոր խոսքին, ապա պետք է սկսել հնարավորինս շուտ խոսել: Պետք չէ սպասել, նրան թե բառապաշարը երբ կդառնա բավականաչափ մեծ, որ ավելի վստահ խոսեք։ Առաջին իսկ դասերից հետո կարող եք սկսել կառուցել ամենապարզ երկխոսությունները: Թող դրանք սովորական լինեն, բայց մի անտեսեք խոսակցական հմտությունների զարգացումը: Շփվե՛ք ձեր ուսուցչի կամ համակուրսեցու հետ, հնարավորինս շատ լսե՛ք լեզվակրի խոսքը և դա կօգնի ձեզ ավելի արագ ազատվել շեշտադրության հետ կապված բարդություններից: Երբեք մի՛ մոռացեք աշխատասիրության մասին, փորձե՛ք ճիշտ հասկանալ բացատրված նյութը, չէ որ ուսուցիչը միշտ պատրաստ է օգնել ու պատասխանել առաջացած բոլոր հարցերին։ Այս ամենին զուգահեռ կարող եմ ասել՝ լեզուն միայն լավ բանավոր կամ գրավոր խոսքին տիրապետելը չի, այն ընդգրկում է հմտությունների լայն սպեկտր։ Դրա համար փորձեք հավասարաչափ ժամանակ տրամադրել չորս հմտությունները զարգացնելու համար՝ գրավոր խոսք, բանավոր խոսք, ընթերցանություն ու ունկնդրման հմտություն։ Միայն այդ դեպքում կկարողանաք բալանսավորված զարգացում և առաջընթաց ունենալ։

 

Կարինե Դավթյան (DaF-Sprachschule)

Comments(0)

Leave a Comment