Զգալով multikulti Բեռլինը

Պատկերացրեք ձեզ 18 տարեկան ինտրովերտ աղջկա մարմնում։ Հայտնվել եք Բեռլինում, որոշել եք կամավորություն անել ծերերի խնամքի կենտրոնում և ունեք գերմաներենի մակերեսային գիտելիքներ։ Պատմությունը ի սկզբանե խառն էր, բայց բախտս բերեց. հարցազրույցի ժամանակ հանդիպեցի ռուսերեն իմացող մի կնոջ ու կարողացանք առանց ձեռք ու ոտք օգտագործելու իրար հասկանալ։ Որոշվեց. ամեն օր ժամը 08:45 սկսվելու էր իմ տառապանքը (գերմաներեն խոսելը), որը մեծ սիրով էի անելու։ Շատ հեշտ է շփոթել դժվարությունը անելանելի իրավիճակի հետ։ Օրեր էին լինում, երբ պարզապես չէի ուզում գնալ՝ հիշելով, որ էլի չեմ կարողանալու նորմալ արտահայտել մտքերս, չնայած ինչ եմ ասում, ընդհանրապես չէի կարողանում արտահայտվել։ 2-3 սահուն ասված նախադասություն ու վերջ։ Բայց գերմանախոս տատիկներն ու պապիկները շատ օգնեցին ինձ գերմաներենիս մինիմալ մակարդակը ձևավորելու և հղկելու մեջ։ Առավոտյան նախաճաշի ընթացքում նրանց համար նորություններ էի կարդում թերթերից, իսկ հետո զբոսնում և զրուցում էինք միասին։ 

Բժշկականի ուսանող լինելով հանդերձ և այլ առօրյա ու մասնագիտական զբաղվածություն ունենալու հետ զուգահեռ գերմաներեն պարապելը խնդիր էր։ Երբ վերջապես հասկացա, որ ժամանակ չեմ կարողանում տրամադրել լեզվի օպտիմալ ուսուցման համար, որոշեցի հեշտն ու հաճելին համատեղել։ Արդեն նայածս սերիալները դիտում էի գերմաներենով կամ սկզբում նայում էի ռուսերենով կամ անգլերենով, հետո նորից գերմաներենով։ Եվ այդպես անդադար։ Փորձում էի գեղարվեստական գրքեր կարդալ ու չէր ստացվում. ջղայնանում էի։ Ժամեր էի անցկացնում գրախանութում՝ համապատասխան գիրք գտնելու համար ու գնում էի մի գիտնականի կիսամասնագիտական գիրք. ավելի շատ էի ջղայինանում։ Իրականում սարսափելի հետաքրքիր էր, բայց մեծ մասը չէի հասկանում ։Դ

Երկրորդ անգամ, երբ գնացի Բեռլին ամեն ինչ արդեն համեմատաբար ավելի լավ էր։ Եղբայրս կարողանում էր ինձ ստիպել տանից դուրս գալ, գնում էի միթափների, մի քանի ծանոթներ ունեի, հանդիպում էինք՝  փորձում գերմաներեն խոսել։ Ի վերջո գրանցվեցի գերմաներենի դասընթացի ու կարծում եմ դա էր ամենամեծ «տալչոկը» գերմաներենը ուսումնասիրելու ողջ ընթացքում։ Գրանցվելուց հետո կյանքի գնով ընկա B2.1 խումբ։ ԻՆտենսիվ դասընթաց էր՝ շաբաթը 5 օր, օրը 3,5 ժամ։ 13 մասնակից էինք, 13-ս էլ տարբեր ազգության, մշակույթի ու արտասանության տեր։ «Ականջներդ 4 արած» պիտի դասախոսին լսեիր գերմաներենի իրական արտասանության զգացումը չկորցնելու համար։ Դե սկիզբը ինչպես միշտ յուրահատուկ էր, դժվար էր կանխատեսել արդյոք մի բան ստացվելու էր, թե՞ չէ։ Առանձնահատուկ էր, որ դասընթացի շեշտը միշտ դրված էր բանավոր քննարկումների, կարճ զեկույցների և խմբային առաջադրանքների վրա։ Տնային աշխատանքը շատ պարզ էր. ընթացքում նոր բառերի ամրապնդում, հազվադեպ գրավոր աշխատանքներ։ Կարծես ավելի շատ «ինտեգրացիոն» կուրսի ոճով լիներ։ Նպատակը այն էր, որ կարողանայինք արտահայտել մեր զգացածն ու մտքերը։ Ամեն ինչ լավ ստացվեց, բայց երբ վերադարձա Հայաստան ուզում էի քննություն հանձնել ու ինձ նախապատրաստող մասնագետը ասաց, որ ամեն ինչ խառնել եմ իրար։ Չնայած, որ համարձակ էի խոսում, չէի կաշկանդվում արտահայտվելիս, միևնույն է միշտ չէ, որ խոսքը գրագետ էի կառուցում։ Ամեն դեպքում երկու շաբաթ գիտելիքներս կարգի բերելուց հետո հանձնեցի քննությունը և ստացա ÖSD Zertifikat B2։ 

Հայաստանում և Գերմանիայում դասընթացների տարբերությունը ահռելի մեծ էր ինձ համար։ Այստեղ միշտ անհատական պարապմունքներն եմ ընտրել, իսկ Բեռլինում դասընթացին գնալուց հետո հասկացա, որ հենց խումբը դրական ազդեցություն ունեցավ ինձ վրա։ Այդքան ազատ չես քայլերիդ մեջ և ուզես թե չուզես պատասխանատվությամբ պիտի գնաս դասընթացին, հակառակ դեպքում մասնակցությունը լիարժեք չէր լինի և հաջորդ մակարդակին անցնելու համար ստիպված պետք է գնայի նախընտրական քննության։ Այս ամենից բացի ինչքան էլ փորձես Հայաստանում միայն գերմաներեն խոսել, չի ստացվի։ Իսկ Գերմանիայում մնացած մասնակիցների և դասընթացավարի հետ միակ կապող լեզուն գերմաներենն էր։ Երկրորդը՝ Հայաստանում ստացած խորը քերականական գիտելիքներից բացի վերջապես ձեռք բերեցի այդ համարձակությունը՝ Գերմաներենով շփվելու և մտքերս հանգիստ արտահայտելու։ Երևի ամենահավես առանձնահատկությունը խմբի անդամների հետ շփումն էր, առաջին անգամ էի “Mulitkulti” միջավայրում ու այդ բազմամշակութային իրավիճակը լի էր տարբեր քննարկումներով, որոնք հաճախ բուռն էին ընթանում։ 

Հիմնականում բոլորս էլ նմանատիպ խնդիրներ ենք ունենում նոր լեզուն մերը դարձնելու ընթացքում։ Կարևորը չհանձնվելն է և համառությունը՝ նպատակներին հասնելիս։ Հենց գիտակցում ես ինչ-որ երևույթի կարևորությունը քո կյանքում ընթացքը հեշտանում է հաստատակամության շնորհիվ։

Տաթև Կարապետյան

Comments(0)

Leave a Comment