Խմբային և անհատական դասեր. ինչպե՞ս կատարել ճիշտ ընտրություն

Բարև։ Երբևէ որոնե՞լ եք որևէ մասնավոր դասընթաց։ Նկատե՞լ եք, որ դրանք տարբեր են ոչ միայն գներով, այլև կազմակերպման բնույթով։ Իսկ կցանկանայի՞ք մասնակցել մի դասընթացի, որի մեկ դասը տևում է 3.5 ժամ, իսկ բացի Ձեզանից մասնակցում է ևս 7 հոգի։
Եթե այս հարցերը Ձեզ երբևէ մտահոգել են, ապա հոդվածը Ձեզ համար է։

Բայց մինչ առաջ անցնելը, չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքի խմբին՝ SAT/GRE Learners Club

Այս հոդվածում կխոսեմ դասընթացների տարբեր տեսակների ու դրանց յուրահատուկ մոտեցումների մասին, ինչպես նաև կհամեմատեմ մեծ ու փոքր խմբերով դասընթացները ու դրանցից յուրաքանչյուրի առավելություններն ու թերությունները։ Սկսենք։ ?

Ինչպես գիտենք, հայկական շուկայում ներկայումս առկա են տարբեր գների ու որակի դասընթացներ՝ օտար լեզուների, մաթեմատիկայի, մարքեթինգի, դիզայնի և այլ առարկաների շուրջ։ Դասընթացները՝ ըստ մասնակիցների քանակի կարելի է բաժանել երկու հիմնական տեսակի՝

  • անհատական
  • խմբակային

Անհատական դասընթացի ժամանակ ուսանողը դասավարի հետ նստում է մեկ սեղանի շուրջ, և դասավարը իր գիտելիքն է փոխանցում ուսանողին։ Այս տեսակի դասընթացներն ընդունված է համարել ամենաորակյալը, սակայն արդյոք այդպե՞ս է։ Եկեք դիտարկենք անհատական դասընթացների առավելությունները՝

  • Դասավարը դասի ընթացքում իր ամբողջ ժամանակը տրամադրում է մեկ ուսանողի։
  • Ուսանողը միայնակ է, ուստի չի լինի կաշկանդվածություն կամ շփոթմունք, եթե առաջանում են հարցեր, քանի որ ոչ ոք կողքից ուսանողին չի դիտում։
  • Ուսանողն ունի շատ ժամանակ իր բոլոր հարցերը տալու ու դրանց պատասխանները լսելու համար։
  • Դասավարին ավելի հեշտ է կազմակերպել կոմունիկացիան մեկ ուսանողի հետ, ստեղծել հեղինակություն, կապ, ու ոգեշնչել ուսանողին նոր հաջողությունների։

Անհատական դասընթացները, սակայն, ունեն նաև թերություններ որոնք, իմ կարծիքով, հետևյալն են՝

  • Ուսանողը միայնակ է, ուստի լսարանում չեն հնչի այլ ուսանողների տեսակետեր կամ հարցեր, որոնք կծառայեն որպես լրացուցիչ գիտելիքի աղբյուր կամ կօգնեն բազմակողմանիորեն ուսումնասիրել նյութը։
  • Նախորդ կետի հետևանքն է նաև այն, որ որոշ դեպքերում հնարավոր է ուսանողը չհամարձակվի բարձրաձայնել իրեն հուզող հարցը։ Եթե խմբում կա այլ ուսանող, ապա հնարավոր է մյուսը բարձրաձայնի այդ նույն հարցը, ու դասավարի պատասխանը օգտակար լինի երկուսին էլ։
  • Առողջ մրցակցության բացակայություն. մրցակցությունը կամ մյուսներին դուր գալու ձգտումը կարող է լավ դեր կատարել լսարանում՝ ուսանողների համար շարժառիթ հանդիսանալով ավելի ուշադիր լինել, առաջինը և ճիշտ պատասխանել հարցերին կամ ավելի ազատ արտահայտել իրենց սեփական կարծիքներն ու հարցերը։

Ինչպես տեսնում ենք, անհատական դասընթացների որակյալ լինելը միանշանակ չէ։

Հիմա եկեք դիտարկենք խմբակային դասընթացները։
Խմբակային դասընթացներն այսօր առավելապես տարածված են։ Տրամաբանորեն խմբակային դասընթացների միջին արժեքն ավելի ցածր է, քան անհատականինը, սակայն դա թույլ չի տալիս եզրակացնել, որ որակը ավելի ցածր է։ Խմբակային դասընթացներն ունեն հետևյալ առավելությունները՝

  • Բազմակողմանի կոմունիկացիա. ուսանողը շփվում է ոչ միայն դասավարի, այլ նաև մյուս ուսանողների հետ։ Սա միանշանակ առավելություն է օտար լեզուների դասընթացների ժամանակ, սակայն օգտակար է նաև մաթեմատիկայի և այլ բնական գիտությունների դասընթացներում. ուսանողները կիսվում են խնդիրների հանդեպ իրենց մոտեցումներով, սովորում մեկը մյուսից։
  • Նախորդ կետի ոչ ակնհայտ առավելությունը, որը ես ցանկացա առանձնացնել, հաղորդակցական հմտությունների լավացումն է ուսանողների մոտ, այլ՝ սեփականից տարբերվող կարծիքների հանդեպ հարգանքի ձևավորումը։ Սա շատ կարևոր եմ համարում, քանի որ մանավանդ դպրոցական տարիքի աշակերտների մոտ նման մոտեցումների ձևավորումը կնպաստի նաև ապագայում՝ համալսարանական տարիներին, ավելի ազատ լինել մեծ լսարանում սեփական կարծիքը արտահայտելիս ու հարգալից, ըմբռնող կերպով լսել դասի մյուս մասնակիցների կարծիքներն ու հարցերը։ Սա կրթման, ուսման գործընթացի կարևոր բաղադրիչ է։
  • Առողջ մրցակցության առկայություն. այն կօգնի ուսանողներին ձևավորել հարգանք մրցակիցների հանդեպ, դրա միջոցով էլ՝ ավելի շատ ջանք ներդնել սեփական ուսման ու հմտությունների կատարելագործման մեջ։

Խմբակային դասընթացները, ելնելով մասնակիցների մեծ քանակից, ունեն նաև իրենց բարդությունները։ Դրանք են՝

  • Յուրաքանչյուր ուսանողի ներգրավվածությունն ապահովելը – որքան էլ մենք փորձենք խմբավորել ուսանողներին ըստ իրենց հմտությունների, սկզբնական մակարդակի, միևնույնն է, դրանք մի փոքր տարբերվելու են։ Ծայրահեղ կարևոր է, որ դասավարը անընդհատ ուշադրություն դարձնի յուրաքանչյուր ուսանողի հարցերին, թերացումներին, գիտելիքի բացերին, որպեսզի կարողանա ընդհանուր խմբակային դասընթացի ենթատեքստում նաև տեղային օգնություն ցուցաբերել առանձին ուսանողներին։ Չնայած այս մոտեցումը դասընթացի հիմնական տևողությունից բացի լրացուցիչ ժամանակ է պահանջում ու րոպեներ է ավելացնում մեկ դասի տևողությանը, սակայն հնարավորություն է տալիս ժամանակի հետ ավելի ու ավելի հավասարեցնել ուսանողների գիտելիքները։ Սա կարևոր է, որովհետև եթե սկզբնական շրջանում այս ուղղությամբ ջանք չներդրվի, ապա դասընթացի մեջտեղում ու վերջում դեռ կլինեն գիտելիքի բացով ուսանողներ։ Դա շտկելը ոչ միայն ավելի ժամանակատար է դառնում դասավարի համար, այլ նաև անցած թեմաների քննարկումը թանկարժեք ժամանակ է խլում ուսանողներից, որոնք այդ նյութն արդեն յուրացրել են։
  • Յուրաքանչյուր ուսանողի հոգեբանական առանձնահատկությունները. դասավարը պարտավոր է ծանոթության պահից ուշադիր հետևել աշակերտների վարքին՝ դասին պատրաստվածությունը, դասին մասնակցությունը, հաճախումը, դասընկերների հետ հաղորդակցությունը դասի ընթացքում ու դրանից դուրս և այլն։ Այս ամենի համադրումը իր հերթին հնարավորություն կտա բացահայտել ու թիրախային օգնություն մատուցել այն աշակերտներին, որոնք դրա կարիքն ունեն։ Սա առավել կարևոր է դպրոցական ու հետդպրոցական տարիքի երեխաների հետ աշխատելիս. հաճախ դասավարը ստիպված է նաև դիմել ծնողների օգնությանը, կամ առնվազն շփվել նրանց հետ` պարզելու համար, թե ինչ ենթատեքստում ու միջավայրում է գտնվում աշակերտը, ու դրա հիման վրա ձևավորել անհատականացված մոտեցում։
  • Լրացուցիչ ժամանակի ծախս ադմինիստրատիվ բնույթի գործողությունների վրա. խմբակային դասընթացների սահուն գործընթացի ապահովման համար խիստ կարևոր է մինիմալի հասցնել թղթային շրջանառությունը, իսկ այն դեպքերում երբ դա անխուսափելի է՝ պատրաստվել նախապես, որպեսզի դասաժամից հնարավորինս քիչ ժամանակ ծախսվի դրա վրա։ Համեմատաբար մեծ խմբերում կարևոր է նաև հաճախումների և հանձնարարությունների կատարման հսկողություն՝ նշումների միջոցով։ Վերջում ավելացնեմ՝ որքան շատ ուսանող կա խմբում, այնքան մեծ է հավանականությունը, որ դասը չի սկսվի ճիշտ ժամանակին։ Համենայն դեպս, դասավարի համար կարևոր է ամենաառաջին ուշացման ժամանակ պարզ դարձնել բոլորի համար, որ եթե մեկ աշակերտ ուշանում է, նրան սպասում է ոչ միայն դասավարը, այլ նաև դասընկերները։

Պարզ է, որ անհատական ու խմբակային դասընթացներն ունեն իրենց առավելություններն ու թերությունները։ Մենք դիտարկեցինք դրանք, ու պարզեցինք, որ ամեն ինչ այդքան միանշանակ չէ, որքան ընդունված է համարել։

Սա դասընթացներ ընտրելու մասին առաջին գրառումն է։ Երկրորդ գրառման մեջ կքննարկեմ, թե ինչ տարբերություն կա դասընթացի ու դասախոսության միջև, կվերլուծեմ, թե ինչն է ազդում դասընթացի որակի վրա ու կեզրափակեմ այս երկու գրառումները։

Կարեն Աթալյանց
Էջը course.am կայքում՝ https://bit.ly/Կարեն-Աթալյանց
Կայք՝ https://www.karenatalyants.com/
Ֆեյսբուքի խումբ՝ SAT/GRE Learners Club

Comments(0)

Leave a Comment