Սովորում ենք տեսնելու յուրահատուկ ձևեր

Երբևիցե պատկերացրել եք, որ գույները կարող են համ կամ հոտ ունենալ։ Գույները կարող են լինել քաղցր կամ թթու, փափուկ կամ կոշտ, իսկ նոտաները ունեն համապատասխանաբար իրենց գույները։ Այո, մենք դրա մասին իմացանք աշխարհը այլ ձև տեսնող, տեսողական խնդիրներ ունեցող երեխաներից։ Նրանք աշխարհը այլ կերպ են ընկալում, ուստի, իրենց ինչ-որ բան բացատրելու համար նախ և առաջ ինքդ պետք է այդ աշխարհի հետ ծանոթանաս։

«Լավ եմ» նախագծի մասնակիցները Երևանի Ն․ Տիգրանյանի անվան տեսողական խնդիրներ ունեցող հատուկ դպրոցի երեխաներն են, ովքեր իրենց ընտրությամբ են մասնակցում ծրագրին։ Ստեղծագործական, կատարողական դասընթացները շատ ճկուն են ու վերաբերում են իրենց հետաքրքրող թեմաներին։ Օրինակ՝ երեխաներին հետաքրքրում էր Արեգակնային համակարգը, և մենք միասին պատրաստեցինք դրա մանրատիպը։ Ընթացքում լսում էինք մոլորակների արձակած ձայնային ալիքները։ Նաև փորձում էինք շարժման միջոցով բացատրել մոլորակների պտույտը։ Երեխաներից մեկը Արեգակն էր, մյուսը Երկիրը, իսկ երրորդը՝ Լուսինը։ Արեգակը կանգնում էր կենտրոնում, իսկ նրա շուրջ պտտվում էր Երկիրը, Երկրի շուրջ՝ Լուսինը։ Իսկ ինչպե՞ս բացատրել գույնը, երբ երբեք չես տեսել։ Մենք դա արեցինք խաղի միջոցով։ Բոլորը մտքում գույն էին պահում, ապա նկարագրում այն և մենք պետք է գուշակեինք։ Պարզվեց նույն գույնը տարբեր երեխաների մոտ տարբեր ասոցացիաներ ուներ և դա այնքան անհատական է։ 

Մի փոքր կուզեմ խոսել նաև Սոլռեսոլ լեզվի մասին, որը մենք միասին սկսել ենք ուսումնասիրել և ինչու չէ կատարելագործել։  Այն արհեստական լեզու է  և մշակվել է Ֆրանսուա Սյուդրոյի կողմից 1827 թվականին։ Կա Սոլռեսոլի սիրահարների մի փոքրիկ համայնք՝ ցրված աշխարհով մեկ, ովքեր համացանցի միջոցով կարողանում են հաղորդակցվել։ Ըստ այդ լեզվի յուրաքանչյուր նոտա ունի իր գույնը, յուրաքանչյուր գույն ունի իր նշանը և մենք յուրաքանչյուր գույնին ավելացրել ենք ֆակտուրա։

Ինչո՞վ են տարբերվում խմբային դասերը անհատականից։ Խմբային դասերի դժվարությունը հետևյալն է․ յուրաքանչյուր երեխա գալիս է մեկ այլ միջավայրից, իսկ առօրյան հոգսաշատ է՝ չհաշված մեր հոգսերը։ Դասը սկսելուց առաջ մոռանում ենք ամեն խնդրի մասին՝ կենտրոնանալով ներկա պահի գեղեցկության վրա ֆիզիկական վարժության և հանգստացնող երաժշտության միջոցով։ Այդպես զարգանում է երեխայի կենտրոնացումը։ Խմբային դասերի դժվարություններից է նաև, որ յուրաքանչյուր երեխա պետք է ներգրաված լինի դասին՝ հաշվի առնելով երեխայի հատուկ կարիքները։ Նա առանց վախենալու պետք է արտահայտի իր կարծքը, որը կարող է  չհամընկնել ընկերների կարծիքին, իսկ տարբերվող և յուրահատուկ լինելը միայն խրախուսվում է։ Միևնույն ժամանակ նրանք սովորում են հարգել դիմացինի կարծիքը՝ առանց ծաղրելու այն։ Կարծիք արտահայտում են նաև այն երեխաները, ովքեր խոսքի հետ կապված խնդիրներ ունեն, բայց դա պետք է նրանց չընկճի միջավայրում։  Անհատական արվեստի ուսուցումը համեմատած ավելի հեշտ է, իր դժվարություններով հանդերձ։ Սակայն մեր նախագծի  նպատակը հաղորդակցման հմտություններն զարգացնելն է։

Ես մանկավարժական կրթություն չունեմ, բայց ինձ օգնում է ստեղծարար մտածողությունը և երեխաների սովորելու պատրաստակամությունը։ Ես նրանց հետ խոսում եմ  գիտելիքի հյուրասիրության մասին։ Օրինակ՝ եթե քեզ խնձոր են հյուրասիրում և դու չես ցանկանում ուտել այն, պետք է ոչ թե ստիպեն քեզ կամ համոզեն, որ ուտես այլ բացատրեն, թե դա որքան օգտակար է, որքան վիտամիններ է պարունակում։ Այդպես էլ գիտելիքն է, պետք է ոչ թե ստիպես, որ սովորեն այլ բացատրես, թե դա որքան կարևոր է իրենց համար և որ նրանք ունեն ընտրության հնարավորություն։

Comments(0)

Leave a Comment