Խմբային և անհատական դասեր. Մաս 2՝ Դասընթաց vs դասախոսություն

Նախորդ հոդվածում քննարկեցինք խմբային և անհատական դասերի առանձնահատկությունները։ Այսօր կխոսենք դասընթաց անցկացնելու և դասախոսություն կարդալու տարբերությունների և ուսանողների ուշադրության մասին։

Բայց մինչ առաջ անցնելը, չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքի խմբին՝ SAT/GRE Learners Club

Երբ խոսում ենք խմբակային դասընթացների մասին, կարևոր է անդրադառնալ «դասախոսություն» ձևաչափին։ Ի՞նչ է դասախոսությունը։ 

Դասախոսությունը տեղի է ունենում համեմատաբար մեծաքանակ մասնակիցներով լսարանում, որտեղ դասը վարողը՝ դասախոսը, իր գիտելիքն է փոխանցում ուսանողներին՝ բանավոր խոսքի ու գրատախտակի (պրոյեկտորի) օգնությամբ։ Դասախոսությունը դարերով ծառայել է գիտելիքի փոխանցման հիմնական միջոց դպրոցներում ու համալսարաններում։

Յուրաքանչյուր դասընթաց, լինի դա կարճատև թրեյնինգ, ամիսներ տևող դասընթաց կամ դասախոսություն, ուսանողի ու դասը վարողի համատեղ աշխատանքի տևողության տեսակետից պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի՝

  • առաջինում մեծապես շեշտադրվում է դասավարի ու ուսանողի համատեղ աշխատանքը, փորձի, սխալները գտնելու ու շտկելու միջոցով ուսման գործընթացը։ Այս խմբին են պատկանում մասնավոր դասընթացների ու  թրեյնինգների մեծամասնությունը։
  • երկրորդում առավելապես շեշտադրվում է ուսանողի ինքնուրույն աշխատանքը։ Այս խմբում են դասախոսությունները։

Կարևոր է գիտակցել, որ դասընթացի կազմակերպման հարցում կա երկու հիմնական փոփոխական՝ մասնակիցների քանակը ու դասի տևողությունը։ Որքան շատ են մասնակիցները, այսինքն մեծ է խումբը, այդքան շատ ժամանակ է պետք հատկացնել մեկ դասին։ Սակայն, երբ մասնակիցների քանակն անցնում է 3-4 հոգին, իսկ դասի տևողությունը՝ 2 ժամը, ուսանողների ուշադրություն դարձնելու ունակությունը կտրուկ ընկնում է։ Բացի այդ, միայն  մասնակիցների քանակի աճը բերում է նրան, որ դասընթացն իր բնույթով մոտենում է դասախոսությանը, որում ավելի է կարևորվում ուսանողի ինքնուրույն աշխատանքը։ Պատճառն այն է, որ մասնակիցների քանակի աճին զուգընթաց նվազում է դասավարի կողմից յուրաքանչյուր ուսանողին տրամադրվող անհատական ուշադրության ժամանակը։ Այս սահմանափակումներն են, որ թելադրում են մասնավոր դասընթացի օպտիմալ ձևաչափը, որի մասին կխոսեմ եզրակացության մեջ։ 

Այսպիսով, մենք ուսումնասիրեցինք դասընթացների շուկան, դրանց ձևաչափերն ու մոտեցումները։ Ես կարևորում եմ յուրաքանչյուր դասընթացի (ոչ դասախոսության) ընթացքում անհատական մոտեցումը առավելագույնի հասցնելը։ Դրա համար, ելնելով փորձից, ընդհանրացրել եմ իմ համար դասի տևողության ու խմբի մասնակիցների քանակի որոշակի կանոններ։  Դասը արդյունավետ անցկացնելու ու որակյալ գիտելիք ապահովելու համար խմբում պետք է լինի առավելագույնը 3-4 ուսանող, ու դասի առավելագույն տևողությունը՝ 2 ժամ։ Դասի տևողության երկարացումը բացասաբար է ազդում ուսանողների ուշադրություն դարձնելու ունակության վրա։ Նրանք դառնում են ցրված, դեմոտիվացված, ցանկանում են, որ դասը շուտ ավարտվի։ Մասնակիցների քանակի ավելացումը սահմանափակում է դասավարի ունակությունը ցուցաբերել անհատական մոտեցում։

Կարեն Աթալյանց
Էջը course.am կայքում՝ https://bit.ly/Կարեն-Աթալյանց
Կայք՝ https://www.karenatalyants.com/
Ֆեյսբուքի խումբ՝ SAT/GRE Learners Club

Comments(0)

Leave a Comment