Իսկ եթե՞ ինքնուրույն

-Իսկ եթե՞ ինքնուրույն։

Համոզված եմ, որ ցանկացած լեզու սովորող սկսնակի գլխում այս միտքը գոնե մեկ անգամ առաջացել է։ Շատերը կարևորություն չեն տվել, մյուսները անհեռանկարային ու ժամանակի անիմաստ վատնում են համարել, իսկ ոմանք էլ փորձել ու հասել են հաջողության։
Դե, ինչ խոսք, ինքնուրույն սովորելը այդքան էլ հեշտ բան չէ, մանավանդ սկսնակի համար, սակայն եթե կա հստակ նպատակ, ապա հնարավոր է հաղթահարել ցանկացած դժվարություն։ Ստորև կառանձնացնեմ ամենահաճախ հանդիպող դժվարություններն ու դրանց հաղթահարման եղանակները։

Ախ այս ծուլությունը։ Քանի-քանի անգամ ենք որոշել՝ երկուշաբթի օրվանից ինչ-որ բան սկսել: Լավ դե, հաջորդ շաբաթ անպայման կանեմ: Չէ-չէ, հաջորդ ամիս։
Ինքնուրույն սովորելու ժամանակ մեր ամենաառաջին ու գլխավոր թշնամին հենց ծուլությունն է։ Սովորելու այս մեթոդը ընտրելիս դու ես քո գլխի տերը. չկան տնայիններ, չկան խիստ «դասատուներ». կաս միայն դու ու քո պատասխանատվությունը։ Առաջին քայլը, որ պետք է անես ծուլությունը հաղթահարելու համար՝ երբեք չասել հետո. անել հիմա, մեր կամքին հակառակ գնալով, սիրած սերիալից մի սերիա պակաս նայելով, բայց ՀԻՄԱ։ Մի քանի անգամ ծուլությանը հաղթելուց հետո այն քեզ հանգիստ կթողնի, գոնե մոտակա ժամանակներս։))

Ինքնուրույն սովորելու ժամանակ հանդիպող երևի «ամենավտանգավոր» դժվարություններից է հուսահատությունը։ Երբ կարճ ժամանակում արդյունքի չես հասնում (իսկ գերմաներենի դեպքում դա հաստատ պատահում է ։)), սկսում ես հիասթափվել, ընկճվել, թվում է՝ ոչ մի բան էլ չի ստացվի: Այս փուլից դուրս գալու լուծումներից է օրինակ՝ խմբակային քննարկումների գնալը։ Հավատա, չկա ավելի մոտիվացնող բան, քան օրինակ՝ լսել ու հասկանալ գերմաներենով ասված ինչ֊որ տեքստ ամբողջությամբ, կամ ծանոթանալ մարդկանց հետ, ովքեր ոչ միայն ունեն նույն նպատակներն, ինչ դու, այլև պատրաստ են օգնել տարբեր ու ամենաօգտակար խորհուրդներով։

Համաձայն եմ մտքի հետ, որ գերմաներենը բարդ լեզու է ու եթե ինքնուրույն սովորելու ընթացքում կենտրոնանաս միայն քերականության, դասագրքերի ու վարժությունների վրա, ապա չափազանց դժվար կլինի։ Գերմաներեն սովորելու ընթացքը հեշտացնելու ու հաճելի դարձնելու համար ամենալավ տարբերակը օրդ գերմաներենով «լցնելն» է. օրինակ՝ հեռախոսի կամ համակարգչի լեզուն գերմաներեն դարձնելը, ճիշտ է, սկզբից մի քիչ անսովոր է, սակայն բավականին արդյունավետ, գնումների ցուցակը գերմաներեն գրելը և այլն։ Դե, երգացանկում գերմաներեն երգեր ավելացնելու մասին խոսելն ավելորդ է։ Իհարկե նաև քեզ հետաքրքրող ոլորտի մասին գերմաներեն նյութեր գտնելը, թարգմանելն ու ուսումնասիրելը (լեռնագնացությունից մինչև գեղանկարչություն, ճարտարապետությունից մինչև գյուղատնտեսություն) շատ են օգնում։
Մի խոսքով, եթե մի կողմ դնես ծուլությունը, «չեմ կարողներն» ու «եթեները» ապա հաստատ որոշակի ժամանակից կհասնես ցանկալի արդյունքի։


Ռուզան Սարգսյան

Comments(0)

Leave a Comment