4 աշխատանք ՏՏ-ում, բացի ծրագրավորումից

Ինչպե՞ս աշխատել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, եթե ծրագրավորող չեք

Հավանաբար արդեն գիտեք, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ամենաարագ զարգացող, կարիերայում հաջողություններ ունենալու համար նպատակահարմար և ամենաշահութաբեր ոլորտն է այսօր։ Սակայն թյուրըմբռնում կա, որ այս ոլորտում միայն ծրագրավորողներ են։ Իրականում ՏՏ ընկերություններում աշխատում են տասնյակ այլ մասնագիտությունների տեր մարդիկ, որոնց աշխատանքը նույնքան կարևոր է ընկերության զարգացման համար, որքան հենց ծրագրավորողներինը։

Մարդկային ռեսուրսների կառավարում (HR)

-Ովքե՞ր են մարդկային ռեսուրսների կառավարիչները։ Հենց այս մասնագետների շնորհիվ են ընկերությունները ընտրում աշխատակիցներին և ապահովում այդ աշխատակիցների մշտական անձնական և պրոֆեսիոնալ աճը։ Նրանք հզոր թիմեր ունենալու երաշխավորներն են։

-HR մենեջերը աշխատակիցների համար մեկ օգնականն է, մենթորը, ուստի եթե ուզում ես մասնագիտանալ այս ոլորտում, պիտի շատ սիրես մարդկանց հետ աշխատանքը, նվիրվես նրանց հոգեբանությունը հասկանալուն ու ճանաչես այն ուղին, որով զարգանում են աշխատաշուկաները։

-Այս ոլորտում մասնագիտանալու առավելություններից է նաև տարբեր տեսակի ընկերություններում աշխատանք ունենալու հնարավորությունը։ Այսինքն՝ մարդկային ռեսուրսների կառավարիչներ պետք են բոլորին՝ բժշկական կամ տեղեկատվական տեխնոլոգիաների կազմակերպություններին, սպասարկման ոլորտի ընկերություններին կամ մշակութային կառույցներին։ Եթե փնտրում ես բազմաժանր ծանոթություններ, ապա սա հենց քո մասնագիտացումն է։

-Նախկինում մարդկային ռեսուրսների կառավարիչները հիմնականում կատարում էին ադմինիստրատիվ աշխատանքներ՝ աշխատակիցների փաստաթղթերի կազմում, գրասենյակային աշխատանք։ Այդ ամենն անցյալում է։ Մեր օրերի մասնագետները երազանքի թիմեր ստեղծելով են զբաղված, իսկ դու չե՞ս ուզում նման կախարդական փայտիկ վերցնել ձեռքդ։

UI/UX  դիզայն

-UI/UX դիզայնը հաջորդ մասնագիտացումն է, որն ամենապահանջվածն է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Այս մասնագետները ապահովում են թվային արտադրանքի թե տեսքը, թե կիրառելիությունը։ Եթե քեզ հետաքրքրում է գույների և ձևերի հետ աշխատանքը, ապա կարող ես մասնագիտանալ այս ոլորտում։

-Պետք է հիշել, որ UI/UX դիզայնը նկարչություն չէ։ Այս մասնագետները ևս պիտի ծանոթանան մարդկանց հոգեբանությանը՝ հատկապես թվային աշխարհում։ Պիտի կարողանան աշխատել ծրագրավորման, արտադրանքի կառավարման և մարքեթինգի թիմի մասնագետների հետ։ Այս աշխատանքի առավելությունն այն է, որ կարելի է կատարել նաև ֆրիլանս/արտահաստիքային տարբերակով։

-Եթե հետաքրքրված ես այս ոլորտում մասնագիտանալով, կարող ես սկսել նաև փոքր քայլերից՝ ուսումնասիրել այս մասնագետների աշխատանքային ընթացքը կամ աշխատանքային գործիքները, փորձել ինքնուրույն օգտվել այդ գործիքներից, որպեսզի հասկանաս արդյոք սա քո մասնագիտացումն է, թե ոչ։

-Այս ոլորտում կարող ես հաջողությունների հասնել միայն այն դեպքում, եթե շատ աշխատասեր ես ու միշտ հետևում ես թրենդներին, սովորում ես նորը և բաց ես առողջ քննադատության առաջ։ Հիշիր, որ սկզբնական շրջանում գուցե ոչ ոք գոհ չլինի քո աշխատանքից կամ ճանապարհը բարդ թվա, բայց եթե մի փոքր պերֆեկցիոնիստ ես ու միշտ ձգտում ես անել ավելի լավը, ուրեմն այստեղ հաստատ հաջողության կհասնես։

Թվային մարքեթինգ

-Երբևէ եղե՞լ է, որ մտածես մի բանի մասին, հետո այդ մասին գովազդ տեսնես ֆեյսբուքի կամ ինսթագրամի պատին։ Այս հրաշագործները թվային մարքեթինգի մասնագետներն են, ովքեր կարծես կարդում են մեր մտքերն ու միշտ գիտեն ցավոտ տեղերը։

-Այս ոլորտի առանձնահատկությունն այն է, որ այն բաժանվում է ենթաոլորտների՝ սոցիալական մեդիա մարքեթինգ, քոնթենթ մարքեթինգ, տվյալների վերլուծություն, որոնողական կայքերի օպտիմիզացում և այլն։ Ուստի ընտրությունը մեծ է, բայց ամենապահանջված մասնագետները, իհարկե, նրանք են, ովքեր տիրապետում են այս հմտությունների մեծ մասին։

-Աշխատանքային ակտիվ տեմպ, ստեղծարարություն, նոր գաղափարներ, դիզայն, վիդեո և աուդիո նյութեր, նորություններ ու երբեք չդադարող ռիթմ։ Եթե փնտրում ես այս ամենը, գումարած բարձր աշխատավարձ, ֆրիլանս աշխատելու հնարավորություն ու միշտ նոր հնարավորություններ, ուրեմն պիտի ընտրես թվային մարքեթինգի մասնագետի աշխատանքը։

-Առաջին քայլերն անելուց առաջ կարևոր է, սակայն, ճանաչել քո ուժեղ ու թույլ կողմերը։ Հասկանալ, թե ինչն է քեզ ամենաշատը դուր գալիս։ Ինչպես արդեն ասացի, տարբերակները շատ են. եթե վերլուծական աշխատանքի կողմնակից ես, կարող ես հմտանալ թվային վերլուծություններում, իսկ եթե հետաքրքրում են օնլայն վաճառքները, ապա e-commerce։ Իսկ լավագույն տարբերակն այն է, որ ընդհանուր թվային մարքեթինգի դասընթաց անցնես ու տիրապետես ոլորտի բոլոր գաղտնիքներին։

Նախագծի կառավարում

-Եվ վերջին մասնագիտացումը, որը սերտ կապ ունի ՏՏ ոլորտի հետ, սակայն ծրագրավորումը չէ՝ նախածի կառավարումն է։ Այս մասնագետները զբաղվում են ՏՏ նախագծերի կառավարմամբ։ Շփվում են պատվիրատուների հետ, պլանավորում են թիմի առաջնահերթությունները, աշխատանքի բաժանումը, նախագծի առաջխաղացման ռազմավարություններն ու համապատասխան գործողությունները։

-Այս ոլորտում մասնագիտանալու համար շատ կարևոր է նախ ճանաչել աշխատանքի բնույթը։ Սա ենթադրում է աշխատանք պատվիրատուների հետ, ինչպես նաև ծրագրավորման, մարքեթինգի, դիզայնի թիմերի։ Այս մասնագետները պետք է շատ լավ կազմակերպչական հմտություններ ունենան, ժամանակի ուժեղ զգացողություն և հաղորդակցման հմտություններ։

-Աշխատանքը թիմային է, երբեմն սթրեսային, սակայն լավ է վարձատրվում և հաջողակ կազմակերպություններում աշխատելու և կարիերայում աճ ունենալու հնարավորությունը շատ մեծ է։

-ՏՏ նախագծի կառավարումը իրականացվում է մի քանի հայտնի մեթոդներով, որոնցից ամենահայտնին agile մեթոդոլոգիան է։ Եթե ուզում ես ծանոթանալ այս մասնագիտացմանը, կարելի է սկսել հենց agile project management-ի դասընթացից, իսկ եթե որոշակի պատկերացում կամ փորձ արդեն ունես, կարող ես ավելի հմտանալ scrum master դասընթացի միջոցով։

Comments(0)

Leave a Comment