Ինչո՞ւ և ինչպե՞ս դառնալ TED խոսնակ

Գաղափարներ, որ արժանի են տարածման

Բիլ Քլինթոն, Բիլ Գեյթս, Սր. Քեն Րոբինսոն՝ նրանք նույնպես կիսել են իրենց լավագույն գաղափարներն ու փորձը TED-ի բեմերից։

Եթե գոնե մեկ անգամ դիտել ես TED ելույթներից որևէ մեկը ու մտքումդ ասել.  «սա հենց այն է, ինչ ես մտածել եմ», կամ ոգեշնչվել որևէ պատմությամբ, ուրեմն արդեն TED համայնքի անդամ ես, իսկ եթե ոչ, ապա հենց հիմա էլ կարող ես դառնալ։

TED-ը հիմնադրվել է 1984-ին ու սկզբնապես պատմել պատմություններ տեխնոլոգիաների, ժամանցի ու դիզայնի մասին, այստեղից էլ ծագում է անունը՝ Technology, Entertainment, Design  (TED):

Բայց այսօր TED-ը տարածել է իր սահմանները թեմաների ընտրության առումով և ոչ միայն։ Աշխարհի տարբեր երկրներ համագործակցում են TED-ի հետ ու կազմակերպում տեղական համաժողովներ, այնուամենայնիվ  հիմնական TED կոնֆերանսը տեղի է ունենում ամեն տարի Հյուսիսային Ամերիկայի արևմտյան հատվածում: Մեկ շաբաթում հանդիսատեսը հնարավորություն ունի լսելու ավելի քան 50 ելույթ տարբեր թեմաներով՝ արվեստից ու ժամանցից մինչև բարձր տեխնոլոգիաներ ու բնական գիտություններ։ (TED-ի մասին ավելին՝ կայքում)

Լուսանկարում՝ Սր Քեն Րոբինսոնը

TED-ը հնարավորություն է տալիս կիսելու ամենանորարական, ամենախենթ ու ամենակարևոր գաղափարներդ։

TED-ը կարող է հիանալի հարթակ դառնալ, որտեղից կպատմես քո պատմությունը տարբեր բնագավառներում աշխատող այլ խոսնակներին ու գուցե նրանց օգնությամբ իրականացնես ամենաանիրական թվացող նպատակներդ։

Եթե կատարել ես մի հետազոտություն ու բացահայտել մեզ այդքան հուզող խնդիրներից մեկի լուծումը, կամ եթե ունես պատմություն, որ պետք է լսեն բոլորը, ուրեմն TED-ի համայնքն ու լսարանը քեզ են սպասում։

Այժմ TED համաժողովներ կազմակերպվում են տարբեր երկրներում և դրանք կոչվում են անկախ կազմակերպված TEDx համաժողովներ։ Կազմակերպելու համար պետք է պարզապես համապատասխան լիցենզիա ստանալ։ Հայաստանում ևս կազմակերպվում են տարբեր համալսարանական և ոչ համալսարանական TEDx կոնֆերանսներ և հայաստանյան TEDx-ի մի մասը դառնալու համար անհրաժեշտ է պարզապես կապ հաստատել տեղի կազմակերպիչների հետ։

TED խոսնակ դառնալու համար պետք է պարզապես պաշտոնական կայքում լրացնել համապատասխան հայտադիմումը, որով կարող ես առաջադրել քո կամ մեկ ուրիշի թեկնածությունը՝ որպես խոսնակի։

TED-ի պաշտոնական լեզուն անգլերենն է, ուստի եթե հիանալի գաղափարներ ունես, բայց կաղում ես անգլերենից, ժամանակն է, որ սկսես փնտրել լեզվի դպրոց կամ ինքնուրույն սովորես այն։

TED խոսնակները ելույթների համար չեն վարձատրվում։

TED խոսնակ դառնալու համար հայտադիմումները միշտ բաց են։

Ի վերջո, TED խոսնակ դառնալու կարևորագույն պայմանը հիանալի պատմություն ունենալն է։ Իսկ եթե դեռ չունես այն, լսիր TED-ի լավագույն ելույթները ու գուցե դրանք քեզ ոգեշնչեն։

Եթե ուզում ես իմանալ ավելին TED-ի խոսնակների, ելույթների և այլ միջոցառումների մասին, հետևիր բլոգի առաջիկա հրապարակումներին։ Իսկ մինչ այդ չմոռանաս կարդալ նախորդները՝

Comments(0)

Leave a Comment