Օսկար 2019. Ֆիլմեր, որ պետք է դիտել օրիգինալ լեզվով

Մեկ ամսից էլ քիչ է մնացել, որ ամերիկյան կինոակադեմիան հայտնի, թե ովքեր են ստանալու «Օսկար» 2019-ի ոսկե արձանիկները։ Մրցանակաբաշխությունը կայանալու է փետրվարի 24-ին Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում։ Դե ինչ, բավականին ժամանակ կա «Օսկարի» նոմինանտ ֆիլմերը դիտելու և քեզ համար լավագույններին առանձնացնելու համար։ Ես արդեն դիտել եմ այն ֆիլմերը, որոնք ամենաշատ անվանակարգերում են նոմինացված ու այսօր որոշել եմ պատմել, թե ինչու արժե դիտել այս ֆիլմերը ու դիտել հենց օրիգինալ լեզվով։  

1960-ականների ամերիկյան հասարակությունը դեռևս ռասայական խտրականություն էր կիրառում սևամորթների հանդեպ։ Հենց այս ժամանակ աֆրոամերիկյան ծագմամբ դասական-ջազ երաժիշտ, դաշնակահար Դոն Շիրլին իր նոր սպիտակամորթ վարորդ Թոնիի հետ մեկնում է ութշաբաթյա շրջագայությունների դեպի երկրի հարավարևմտյան հատվածները։ Այս ճանապարհորդությունից հետո, այս երկու տարբեր ծագման, խառնվածքի ու աշխարհայացքի տեր մարդկանց կյանքն այլևս նույնը չի լինի։ Կերպարների վառ արտահայտված տարբերությունները առավել ակնհայտ են հենց նրանց բառապաշարի տարբերությունների շնորհիվ, այդ պատճառով էլ ֆիլմը պետք է դիտել հենց անգլերենով։ 60-ականների ամերիկյան կյանքը, ջազ երաժշտությունն, անկրկնելի դերասանական վարպետությունն ու նուրբ հումորն իրոք արժանի են կինոակադեմիայի ուշադրությանը։ Իսկ, թե ինչու էր Թոնիի մականունը “Lip”, հատկապես ինչի համար էր նրա կինը երախտապարտ Դոն Շիրլիին և ինչ է “Green Book”-ը, առավել հստակ կիմանաս, երբ ֆիլմը դիտես հենց անգլերենով։  

1700-ականներ, Մեծ Բրիտանիա. գահին Աննա թագուհին է, ով, իրականում, ի վիճակի չէ ղեկավարել Ֆրանսիայի դեմ պատերազմող երկիրը։  Իսկ այդ հարցում նրան օգնում է իր սիրելի ընկերուհին՝ Սառա Չերչիլը։ Սակայն իրավիճակը փոխվում է, երբ նրանց կյանքում հայտնվում է Սառայի զարմուհին՝ Աբիգեյլը։ Այս ֆիլմը առաջադրված է «Օսկարի» ինը անվանակարգերում, և վստահ եմ, նրանք «Դոլբիից» առանց արձանիկի չեն հեռանալու։ Էմմա Սթոունը «Լա-Լա Լենդ»-ում իր կերտած Միայի կերպարի համար արդեն արժանացել է  «Օսկար» մրցանակի, բայց գուցե այս տարի նա ևս կարողանա ժյուրիի «սիրելին» դառնալ երկրորդ պլանի լավագույն դերասանուհու մրցանակին արժանանալու պայքարում։ Բրիտանական անգլերենով հետաքրքվողները պետք է անպայման դիտեն այս պատմական կատակերգություն-դրաման, որովհետև այս ֆիլմում առկա զգացմունքայնությունը բացում է թագավորական բառապաշարի բոլոր նուրբ շերտերը։

Լեդի Գագան թողել է իր “poker face”-ն ու լիովին նոր դեմքով ու կերպարով է հանդիսանում Բրեդլի Քուփերի՝ որպես ռեժիսոր դեբյուտային «Աստղը ծնվեց» ֆիլմում։ Դե իսկ խենթերի դերերով հայտնի Բրեդլին չի սահմանափակվել միայն ֆիլմի ռեժիսորը լինելով, նա նաև ֆիլմի սցենարիստներից է ու ֆիլմում Գագայի զուգընկերը։ Ամենատրամաբանական պատմություն այն մասին, թե ինչպես տաղանդավոր աղջնակը կարող է հասնել «Գրեմիի» բեմին, եթե միայն նրան նկատեն։ Թեև այս ֆիլմը 1937-ին նկարահանված նույնանուն ֆիլմի և 1954, 1976 թվականներին ստեղծված ֆիլմերի նորագույն տարբերակն է, կինոքննադատներն այն շատ բարձր գնահատականի են արժանացրել՝ շնորհիվ դերասանական փայլուն խաղի և ռեժիսորական գերազանց կատարված աշխատանքի։ Սովորական ամերիկյան բառապաշար ու այդ բառապաշարով գրված գեղեցիկ, ռոմանտիկ երգեր՝ ահա, թե ինչ կստանաս ֆիլմից, եթե այն դիտես օրիգինալ լեզվով՝ անգլերենով։

Եթե անցած «Օսկար» մրցանակաբաշխության ամենաէսթետիկ ֆիլմը «Կոչիր ինձ քո անունովն» էր, ապա այս տարի դա միանշանակ «Ռոման» է։ Մեքսիկա, սև ու սպիտակ կադրեր ու նորահայտ Յալիցա Ապարիչոյի անկրկնելի խաղը՝ իսպաներենի գիտակների համար սա իսկական նվեր է։ Ալֆոնսո Կուարոն, որ այս ֆիլմի սցենարի հեղինակն է, ռեժիսորն ու պրոդյուսերը, ամենապարզ ու ամենաօրիգինալ ձևով ներկայացրել է երկու տարբեր խավերի, բայց ճակատագրով նման կանանց պատմությունն, ու, վստահաբար, նման յուրօրինակ ներկայացումը պետք է արժանանա ամենաբարձր գնահատանքի։ Իսպանախոսները  ֆիլմը օրիգինալ լեզվով դիտելու ու այն մեր իսպաներենի խմբում #Tutor_Spanish_Club-ում քննարկելուհիանալի հնարավորություն ունեն։

«Օսկար» մրցանակին հավակնող ֆիլմերի շարքը մեծ է՝ “Vice”, “Can You Ever Forgive Me”, “Black Panther” և մի շարք այլ ֆիլմեր, որոնք ևս արժե օրիգինալ լեզվով դիտել, բայց մինչ կսկսես կինոդիտումները, ահա մի քանի խորհուրդ, որ գրել էի անգլերեն սովորելու համար 5 ֆիլմերի մասին նախորդ հոդվածում՝

  1. Ֆիլմերը օգնում են լեզուներ սովորել, եթե միայն որոշակի մակարդակի գիտելիքներ ունես։
  2. Սկսնակներին խորհուրդ է տրվում դիտել ուսուցողական հոլովակներ։
  3. Եթե արդեն դիտել ես ֆիլմը, ապա դա նաև առավելություն է. այժմ կարող ես միացնել ենթագրերը ու կենտրոնանալ հենց բառապաշարի, ոչ թե տեսարանների վրա։
  4. Երբ ֆիլմը դիտում ես ուսուցողական նպատակով, ձեռքիդ տակ թուղթ ու գրիչ ունեցիր և դուրս գրիր անծանոթ բառերն ու արտահայտությունները, որպեսզի ստուգես դրանք բառարանում։

Եթե ֆիլմերի մասին հոդվածս քեզ ստիպեց ևս մեկ անգամ մտածել լեզուներ սովորելու կամ ունեցածդ գիտելիքները զարգացնելու մասին, ուսումնասիրիր այս դասընթացներն ու հետաքրքրության դեպքում՝ թող տվյալներդ։ Մենք կօգնենք քեզ հեշտ անցնել օտար լեզուներ սովորելու ողջ ճանապարհը։

Comments(0)

Leave a Comment