Գերմաներեն սովորելու դպրոցը՝ «Պոլիգլոտ»

Ողջույն։

Ինչպես գիտեք, մեր այցելությունները տարբեր օտար լեզուներ դասավանդող դպրոցներ ու կենտրոններ դեռևս շարունակվում են ու այս անգամ գերմաներենի ուսուցման ամենահայտնի կենտրոններից մեկում էինք՝ «Պոլիգլոտում»։

Այստեղ զրուցեցինք հիմնադիր տնօրենի, ուսանողների ու ուսուցիչների հետ։ Բայց պիտի մի գաղտնիք բացահայտեմ՝ Սվետան ևս աշխատել է այս դպրոցում ու ես նաև նրան մի փոքր հարցաքննեցի, որպեսզի ձեզ պատմեմ, թե ինչու պետք է ընտրել հենց այս դպրոցը, երբ հատկապես ուզում ես գերմաներեն սովորել։

Էլյան (դպրոցի հիմնադիրը) մեզ պատմեց, որ դպրոցը հիմնադրել է 2013-ին և սկզբնական շրջանում շեշտը դրվել է հիմնականում գերմաներենի ուսուցման վրա։ Այնուհետև սկսել են ուսուցանել նաև այլ լեզուներ՝ անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, ռուսերեն։ Այժմ շեշտադրված, զուգահեռ գծերով ընթանում են գերմաներենի ու անգլերենի պարապմունքները։ 

Նա շատ խիստ է մոտենում ուսուցիչների ընտրության հարցին. «Շատ եմ կարևորում ուսուցիչների փորձառությունը, սակայն եթե փորձառության պակաս էլ կա, բայց մասնագետը շատ լավ է տիրապետում լեզվին, ապա մի քանի փորձնական դաս է անցկացնում մեզ հետ։ Այսինքն՝ տրամադրում ենք նյութերը, նա պատրաստվում է ու դասը բացատրում է մեզ, եթե ստացվում է, ապա շարունակում ենք հետագա աշխատանքը»։

Ուսանող տղաներից մեկը ասաց, որ «Պոլիգլոտ» է եկել քրոջ խորհրդով։ Նա կլառնետահար է ու գերմաներեն է պարապում հետագայում ուսումը Գերմանիայում շարունակելու նպատակով։ Արմինեն էլ մոտ յոթ ամիս է, ինչ այստեղ անգլերենի դասերի է գալիս ու ասում է, որ դասերը շատ ջերմ մթնոլորտում են անցնում, հասցնում են շատ բան սովորել, բայց կատակելու մասին չեն մոռանում։

Անգլերենի ուսուցչուհին՝ Մայրանուշը «Պոլիգլոտում» անգլերենի դասերի գնալ ցանկացողներին խոստանում է յուրահատուկ մեթոդ ու ջերմ միջավայր, միայն թե ասում է. «Եթե սովորելու համար չեն գալիս, ավելի լավ է չգան»։

Գերմաներենի ուսուցչուհի Մարինեն էլ պատմեց, որ այստեղ հաճախող ուսանողները շատ տարբեր են ու յուրահատուկ, բայց այդ տարբերությունները միայն օգնում են նրան որպես ուսուցչի ավելի կատարելագործվել, շարունակ նոր բաներ փնտրել, նորը սովորել։ 

Ինչպես խոստացել էի, դպրոցի մասին հարցրի նաև Սվետայից։ Նա պատմեց, որ «Պոլիգլոտում» աշխատանքը իր համար ինքնաճանաչման մի ձև էր, ու Էլյան նրան շատ օգնեց, բացահայտեց իր կարողությունները։ Իսկ այդպես լեզուներ դասավանդելն ու սովորելը ավելի հեշտ ու արդյունավետ են դառնում։ Սվետայի համար «Պոլիգլոտում» աշխատանքը միայն աշխատանք չի եղել, նա շատ էր սիրում այդ աշխատանքը, շատ ուսանողներ է ունեցել ու մինչև հիմա էլ նրանցից շատերի հետ կապը պահպանում է։ 

Էլյան մեզ ասաց, որ այժմ նրանց համար առաջնային նպատակ է «Պոլիգլոտի» մեկ այլ մասնաճյուղ ունենալը։ 

Դե ինչ, Պոլիգլոտից այսքանն էինք պատրաստել։

Շարունակիր հետևել բլոգի հրապարակումներին, որովհետև մենք շարունակում ենք բացահայտել տարբեր դպրոցների ու ուսումնական հաստատությունների աշխատանքը։ 

Քնարիկ, Սվետա` «Պոլիգլոտից»։

Չմոռանաս կարդալ նաև մյուս դպրոցների մասին՝
Բացահայտում ենք ICLT-ն
Այց DC. Ինչո՞ւ ընտրել հենց այս լեզվի դպրոցը

Comments(0)

Leave a Comment