A+ Skills Լիբանանից` Հայաստան։ Մի դպրոցի պատմություն

Ողջույն։ Ինչպես հիշում ես, շարունակում ենք բացահայտել, թե ինչպիսին է տարբեր ուսումնական կենտրոնների առօրյան։ Այսօր որոշել եմ պատմել մի դպրոցի մասին, որը անձամբ ինձ անչափ տպավորել է ու վստահաբար շատերին խորհուրդ կտայի այնտեղ հաճախել։

Խոսքս A+ Skills ուսումնական կենտրոնի մասին է, որտեղ դեռ շատ վաղուց էի հարցազրույց անցկացրել, բայց պատմությունը շարադրել այդպես էլ չէր ստացվում։ Հիմա ճիշտ ժամանակն է…

Լիբանանից Երևան՝ նոր գաղափարներով ու առաքելությամբ

A+ Skills ուսումնական կենտրոնի պատմությունը պետք է սկսել հիմնադիր տնօրենի՝ Արմինեի պատմությամբ։ Արմինեն Լիբանանից է։ Պատմում է, որ շատ վաղուց է երազել նման կենտրոն ունենալու մասին. «Լիբանանում շատ երկար տարիներ աշխատել եմ որպես անգլերենի ուսուցիչ, ինչպես նաև տարբեր հրատարակչություններում, որտեղ դասագրքեր էինք կազմում և հրատարակում։ Այդ երկար տարիների ընթացքում կուտակած փորձը, գաղափարներն ու նորարական մեթոդները ուզում էի ներդնել դասավանդման մեջ»։ Սակայն Լիբանանում ուսումնական կենտրոն հիմնադրելը ռիսկային է եղել։ Ինչպես Արմինեն է ասում՝ կարող էր պատերազմային իրավիճակ ստեղծվել և ներդրածդ ողջ ջանքերը պարզապես ջուրը կընկնեին։

2015 թվականին Արմինեն տեղափոխվում է Հայաստան, ուսումնասիրում է կրթական ոլորտը ու որոշ ժամանակ՝ աշխատում մի քանի ուսումնական կենտրոններում. «2000 թվականին կրթական ոլորտում շատ բարեփոխումներ եղան, որոնք միտված էին կրթությունը թեորետիկից վերափոխելու ավելի կիրառականի։ Հենց այդ տարի ես ավարտեցի համալսարանը, մասնակցում էի բազմաթիվ թրեյնինգների, տարբեր կենտրոններում էի դասավանդում, աշխատում էի դասագրքեր պատրաստող հրատարակչություններում և երբ եկա Հայաստան, այդքան տարիների փորձը թույլ տվեց նկատել տեղի խնդիրներն ու բացթողումները»։

Արմինեի կարծիքով Հայաստանում օտար լեզուների դասավանդման մեջ ամենամեծ բացթողումն այն է, որ գործնական հմտությունները զարգացնելու փոխարեն՝ շեշտը դրվում է հատկապես տեսական գիտելիքի վրա։ «Իրականում իմանալ օտար լեզու նշանակում է կարողանալ այն օգտագործել։ Շատ են լինում դեպքեր, երբ մարդիկ գալիս են ու ասում, որ խոսակցական անգլերենի դասի են ուզում մասնակցել, բայց իրականում չկա այդպիսի բաժանում՝ «խոսակցական անգլերեն», կա լեզու, որը սովորել նշանակում է տիրապետել այդ լեզվին ամբողջությամբ և կարողանալ կիրառել այն կյանքում»։

Արմինեն պատմում է, որ թեև A+ skills-ը պաշտոնապես հիմնադրվել է 2017-ին, բայց կարելի է ասել, որ դպրոցի պատմությունը սկսվել է 2016-ի ամռանը, երբ Լիբանանից եկած մի քանի ծնողներ Արմինեին խնդրում են իրենց երեխաների հետ անգլերեն պարապել. «Ես վերսկսեցի active classroom (ակտիվ դասասենյակ) վարել։ Երեխաների հետ անգլերեն էինք պարապում տարբեր վայրերում՝ կախված նրանից, թե ինչ թեմա էինք ուսումնասիրում։ Գնում էինք այգի, ժամանցի այլ վայրեր ու երբ տեսա, որ հետաքրքրությունը մեծանում է, ուզեցի իմ սեփական դպրոցն ունենալ»։

Սկզբնական շրջանում Արմինեի համար հատկապես բարդ է եղել ուսուցիչների ու աշխատակազմի ընտրությունը, որոշել է ինքը վերապատրաստել այն մասնագետներին, որոնք լավ են տիրապետել լեզվին, սակայն դասավանդման մեթոդներին՝ ոչ այնքան։ Եվ այսօր Արմինեն այլևս միայնակ չի դասավանդում դպրոցում։

Նախկին աշակերտը՝ գործընկեր

A+ Skills-ում խոսեցինք ուսուցիչներից Սամուելի հետ։ Հետաքրքիրն այն է, որ դեռևս Լիբանանում Արմինեն եղել է Սամուելի անգլերենի ուսուցիչը։ Երբ Սամուելը եկել է Հայաստան, տարբեր ուսումնական կենտրոններում է աշխատել, հետո տեսել է, որ Արմինեն ուսումնական կենտրոն է հիմնել, հետաքրքրվել է, Արմինեից աշխատանքի առաջարկ ստացել, վերապատրաստվել ու անցել աշխատանքի։

«Ուսուցչությունն ինձ համար միախառնված է առաքելությանը։ Ուսուցիչը պետք է զգույշ լինի իր խոսքում, որովհետև գործ ունի երեխաների հետ, որոնք սպիտակ թղթի են նման։ Պետք է ճիշտ ընտրել այն տեղեկատվությունը, որ փոխանցում ենք նրանց»։ Սամուելն ասում է, որ երեխաներն իր հայելին են և կատակում, որ հայրություն անելու դասեր էլ է ստացել ու ապագայում պետք է որ լավ հայրիկ լինի։

Ուսուցիչներից բացի, մենք նաև խոսեցինք փոքրիկ աշակերտների հետ, որոնք հայերենի նման վարժ անգլերեն էին խոսում մեզ հետ, ու նրանցից մեկն անգամ անգլերեն բանաստեղծություն էր գրել, որ կարդաց մեզ համար։

Այստեղ մենք իսկապես շատ հետաքրքիր զրույց ունեցանք, ու որպես այս դպրոցի մասին պատմության ամփոփում՝ ուզում եմ օգտագործել նրանց նշանաբանը՝ A+ Skills-ը հնարավորություն է տալիս «Սովորել, կիրառել ու կատարելագործվել»։

Comments(0)

Leave a Comment