Լինում է, չի լինում, ապրում է այս աշխարհում մի ստեղծագործող արարած: Ստեղծագործողը ուներ մի շատ լավ ընկեր, որ նրան ոգևորում էր ու ներշնչում։ Բայց մի օր նա հանկարծ անհետանում է….
Լիրիկական այս անդրադարձը այս կամ այն չափով հոգեհարազատ է բոլոր ստեղծագործող մարդկանց։ Դրա մասին շատ լավ նկարված է սովետական “Фильм, фильм, фильм”-ում, Վիսոցկին է երգում դրա մասին, ու լիքը ուրիշ օրինակներ։ Փախստական այդ մուսաները կարող են դառնալ իսկական մի գլխացավանք։ Հիշում եմ՝ մի օր ես ուղղակի զարթնեցի և հասկացա, որ կորցրել եմ իմ մուսային։ Ոչ մի բառ գրել չէի կարողանում։ Առաջին բանը, որ այդ պահին զգացի, վախն էր, ու իրականում ստեղծագործող մարդու համար ավելի սարսափելի բան չկա, քան ստեղծագործելու «հնարավորության» կամ «ցանկության» կորուստը։ Այդ պահին ոնց որ կորցնես լավագույն ընկերոջդ, ում սովորել ես վստահել քո բոլոր ձեռքբերումներն ու անկումները։ Դրա համար որոշեցի այս փոքրիկ ուղերձը գրել բոլոր այն մարդկանց համար, ովքեր բախվել են «փախստականներին»։
Ո՞նց գտնել մուսային, եթե նա բռնել ու անհետացել է։ Այ զարթնում եք մի օր ու հոպ՝ չկա ո՛չ մուսա, ո՛չ ստեղծագործելու ցանկություն։ Իմ փորձն ասում է, որ ընտրությունը շատ մեծ չէ։
Առաջին տարբերակը «ես ավելի լավին էլ կգտնեմ»
Ես որոշեցի նոր մուսային փնտրել գրքերի էջերի արանքում։ Հետո հասկացա՝ հաստատ այնտեղ չէ, գնացի նայեմ բասկետբոլի դաշտում, հետո գնացի պեղումների։ Պեղումների ռոմանտիկ աուրային խաբնվեցի ու սկսեցի պեղել, ասեմ միանգամից՝ գետնի տակ էլ չէր, բայց թաղումները հետաքրքիր էին։ Մի խոսքով նոր մուսա չգտա, նեղվեցի շատ։
Երկրորդ տարբերակ՝ «… ու վերջ»
Այսինքն ստեղծագործում եմ ու վերջ։ Նոր մուսա չգտնելուց հետո ջղայնացա, ասացի, «կաս, չկաս, ինձ քիչ ես հետաքրքրում, քո ինադու եմ ստեղծագործելու»։ Նստեցի ու օրը 500 բառ ստիպում էի ինձ գրել։ «Կոֆեի թագավորությունը գրավել են այլմոլորակայինները, իսկ հերոս արջը քնած է բնում, ծառի փչակի մեջ» այս շրջանի ամենատաղանդավոր ստեղծագործությունս է։ Բայց համառորեն շարունակում էի…
Երրորդ տարբերակը՝ «ես քո հավեսը չունեմ»
Երկար փորձերից, դեգերումներից հետո ուժերը քեզ լքում են, ու դու հոգնած ձեռքով ես անում՝ մտովի ասելով. «ես քո հավեսը չունեմ»։ Ու իրականում այս շրջանը ամենացավագինն ու հոգնեցուցիչն է։ Անտարբերությունն ու հետաքրքրության պակասը, ու իհարկե ձանձրույթը դառնում են քո գրեթե մշտական ուղեկցորդները։
Դու քեզ զգում ես դավաճանված ու թշվառ
Ու հոպ, մեկ էլ փախստական դավաճանը վերադառնում է։ Սկզբում դու շատ զգուշորեն ես մոտենում նրան, չնայած որ ինքը լիքը ջանք է գործադրում, որ դու իրեն նորից վստահես։ Հետո սկսում ես մտածել՝ ո՞նց էս դավաճանի ոտքերը կապես, որ էլ չփախչի։ Ազնվորեն խոստովանեմ՝ ուզում էի մուսայիս թաղել այն նույն փոսի մեջ, որ պեղումների ժամանակ փորել էի։ Հետո մտածում էի քարշ տամ ու Արագածի գագաթներից մեկին կապեմ (ալարեցի)։ Մտովի բոլոր պատիժները դիտարկեցի, հետո նայեցի ինքս ինձ ու որոշեցի, որ մուսան ինձ պետք չէ, բայց չստացվեց։
Ի՞նչ եմ ուզում ասել։ Լինում է, ու շատ հաճախ է լինում, որ մենք դադարում ենք ստեղծագործել։ Բժիշկները հաստատ ինչ որ բարդ բան մտածել են դա նկարագրելու համար։ Ես ներկայացրի 3 տարբերակ, բայց դե հարազատ մուսայից լավ բան չկա, որ իր ոտքով հետ գա…
Իսկ նույն ժամանակ, երբ մենք մոլագարի պես մուսա ենք ման գալիս, հոգնած ու տանջված մուսաները հավաքված մի խարույկի մոտ, անտառում նստած իրար են պատմում իենց դարդերը։ «Չի գնահատում ինձ»,-հառաչում է նրանցից մեկը։ «Ասում է՝ ես եմ մեղավորը, իսկ ես իրեն ասում էի…»,-մեկ ուրիշն է հիշում։
Մի խոսքով՝ մուսային էլ է մեզնից հանգիստ պետք՝ ում ավելի երկար, ում ավելի կարճ…
Թե պատմությունս հարազատ թվաց, գտիր ինձ այստեղ՝ Arts and Crafts Learners Club
Leave a Comment