Մերժված Կոծիկ ի Դոյչլանձիա

Պատմեմ ձեզ մի հեքիաթ Կոծիկի մասին, ով դիմում էր կրթաթոշակային ծրագրերի և միշտ մերժվում։ Ավագ դպրոցից սկսած նա փորձում էր. բարեհաջող անցնում նախընտրական փուլերը, բայց վերջում ստանում մի սիրուն նամակ այն մասին, որ նրա համար տեղ չկա։ Բայց գիտեք, նա միևնույն է շարունակեց դիմելը և մի օր «բումմ»՝ նա ստացավ Erasmus-ի կրթաթոշակ, որը հնարավորություն տվեց նրան 4 ամիս հետազոտական աշխատանք իրականացնել Զաարլանդի(Saarland) համալսարանում։
Դե հիմա վերադառնանք իրականություն ։Դ Կոծիկը ես եմ՝ նույն ինքը Մարիամը։ Հիշում եմ, որ հանձնեցի թղթերս և մոռացա դրա մասին, հիշում եմ մի քանի ամիս անց ստացածս նամակը, հետո ֆակուլտետի հատակը, որի վրա հայտնվել էի նամակը կարդալուց հետո ։Դ Էմոցիոնալ ճիչը ավարտվեց և սկսվեց թղթաբանությունների նոր փուլը։ Հիմա արդեն պետք է տուն գտնեի, դիմեի վիզայի համար, տոմս պատվիրեի։ Ոնց ասում են. «Ուրախությունը նոր էր սկսվում»։

Եկավ հասավ այն օրը, երբ ես հայտնվեցի Գերմանիայում։ Մի քանի բան կար, որ պետք է հիշեի՝ աղբը սորտավորել, կիրակի օրերին  խանութների փակ լինելը ու ամենակարևորը՝ պատմական թեմաներով հումորներ չանելը(հուսամ հասկացաք։Դ) Առաջին օրը բարեհաջող հասա հանրակացարան. ընդամենը 20 րոպե տևեց մինչև գտա մուտքը, հավատացեք իմ դեպքում դա ռեկորդային ցուցանիշ է։ Շատ տպավորվեցի ինձ դիմավորող աղջկա բարեհամբույր լինելով։ Հանդիպեցինք ու ցույց տվեց սենյակս, տվեց բանալիները, պատմեց, որ Իրանից է ու որ շատ հայ ընկերներ ունի։ Միջանցքից անուշ հոտ էր գալիս, հավանաբար արևելյան համեմունքներով մի բան էին եփում։ Պարզվեց նրա մայրիկն էր եկել Իրանից։ Դե ես էլ չդիմացա ու ասացի, որ շատ համեղ է բուրում, ինչ խոսք, դեմ չէի լինի եփածից փորձելուն՝մտածելով մտա սենյակս։ Քիչ անց նա ինձ համար ուտելիք բերեց, ստամոքսս երջանիկ էր, ես նույնպես և արդեն կարելի էր ննջել։
Հաջորդ օրը համալսարանում ծանոթացա իմ խենթ պրոֆեսորի հետ, այո՛ հենց խենթ։ Պետք է  աշխատեի «Դեղագործության» ֆակուլտետի «Օրգանական քիմիայի» լաբորատորիայում, ինքս կենսաքիմիկ/մանրէաբան եմ և առնչվել եմ միայն «անմեղ» բակտերիաների հետ։ Իհարկե շատ էի մտածում արդյոք կկարողանա՞մ տակից դուրս գալ, չէ որ սա քիմիա է, ես էլ մի փոքր վտանգավոր եմ ռեակտիվների միջավայրում ։Դ Գերմանացի պրոֆեսորից հենց առաջին օրը իմացանք, որ մանուշակագույնի սիրահար է․ ցույց տվեց իր ժամացույցը, տաբատի գոտին և գուլպաները։ Բարեբախտաբար բավարարվեց այդքանով ։Դ Լաբորատորիայում մի քանի օր  վախենալով էի աշխատում, մտածում էի ինձ ու մյուսներին վնաս չտալու մասին, ավելի շատ ինձ ։Դ Շատ սիրեցի համալսարանը, կանաչապատ տարածքը, որտեղ եղանակը տաքանալուն պես ուսանողները լանչ էին անում, գիրք կարդում։ «Օհ, սրա մասին ես երազել եմ»,- մտածում էի միշտ։

Մոռացա ասել, որ մինչև Գերմանիա մեկնելը սովորում էի գերմաներեն, հասել էի A2 մակարդակի։ Մի քանի շաբաթ հանդիպում և գերմաներեն էինք խոսում Սվետայի հետ, ով ամենասկզբում ընկեր Սվետան էր ։Դ Երբեմն խանութում կամ փողոցում մարդկանցից գերմաներենով ինչ-որ բան հարցնելու կարիք էր լինում և այդտեղ արթնանում էր իմ «ամաչկոտ, ջարդված» գերմաներենը, որը ի զարմանս ինձ հերիքում էր։ Համալսարանը հնարավորություն էր տալիս գերմաներենի դասերի հաճախելու, ամենասկզբում հանձնեցի քննություն, որ հասկանամ թե ինչ մակարդակի գերմաներեն գիտեմ։ Ուրախ էի, որ չդավաճանեցի իմ A2-ին և ահա, դասերը սկսվեցին։ Մտածում էի. ինչ լավ է, հիմա ուսուցիչը  կգա կբացատրի ամենը, զուգահեռաբար նաև անգլերենս կլավացնեմ և չսպասված անակնկալ ՝ դասերը գերմաներենով էին, հարցերի դեպքում էլ ուսուցիչը օգտագործում էր իր անտաղանդ ժեստերը՝ ինձ ավելի խճճելով (մեռնեմ Google Translate-ի ջանին)։ Ամեն անգամ ահավոր սթրես էի ապրում դասերի ժամանակ, բայց ուզում էի անպայման գնալ, գոնե լսել, ծիծաղել այդ պանտոմիման տեսնելով։ Ի վերջո բարեհաջող չստացա քննությունը և շարունակեցի ուրախ ապրել ։Դ

Այդ 4 ամիսները ինձ շատ բան տվեցին։ Ես ճանաչեցի ինքս ինձ, բացահայտեցի իմ լավ ու վատ կողմերը․ օրինակ՝ հասկացա, որ ես «փարթիի» մարդ չեմ. խնջույքներ, աղմուկ, շատ մարդիկ. այդ ամենը իմը չէ։ Սիրեցի գարեջուրը․․. շատ սիրեցի։ Հասկացա, որ սիրում եմ նստել իմ փոքրիկ սենյակում՝ պատուհանի մոտ, նայել դուրս ու վայելել արևի «գալ-գնալը»։ Զգացի, որ հայկական երաժշտություն լսելիս փշաքաղվում եմ. Թաթայի ականջը կանչի՝  հուզվում ու լացում էի։ Այդ ամենը հրաշալի էր, այդ նեղ փողոցները, ժպտացող մարդիկ, սուպերմարկետի «հալլո, չուսս» ասող աշխատողները, տատիներն ու պապիները, որ ամեն օր վազելու էին դուրս գալիս՝ ստիպելով, որ մեզ ծեր զգանք իրենց կողքին ։Դ Սիրեցի փողոցներում թափառելը մինչև ուշ գիշեր, գնալ Զաար գետի մոտ, երբեմն վազել տատիներին չզիջելով։ Բայց կարոտում էի ու երազում տուն վերադառնալու, ընկերներիս հետ ջրիկանալու, փողոցում մլավելու ու մամայի «ուղիղ ժամը 21։00-ին կլինես տանը» արտահայտության  մասին։ 

Դե որպես վերջաբան ասեմ, եթե ուզում ես գունավորես ու ավելի հետաքրքիր դարձնես ուսանողական առօրյադ` անպայման փորձիր Erasmus+ կրթաթոշակային ծրագրերից մեկին դիմել։ Անգամ եթե չստացվի, միևնույն է շարունակի, դու այդպես էլ ես շատ բան սովորում ու աճում։

Սիրով՝
Մարիամ Կոծինյան

Comments(0)

Leave a Comment