Գերմաներենի նկատմամբ սիրուց դեպի Բեռլին ու Բունդեսթագ

Դեռ վաղ տարիքից մտածել եմ գերմաներեն սովորել։ Հիշում եմ՝ բոլորն ասում էին, որ գերմաներենը կոպիտ լեզու է, իսկ ես այդ լեզվի մեջ հզորություն, սեր ու քաղցր մի բան էի տեսնում։ Համալսարանում որպես երրորդ օտար լեզու ընտրեցի գերմաներենը, և դա դարձավ, թերևս, կյանքիս լավագույն որոշումներից մեկը։ Ցանկացած լեզու սովորելը առավելություն է, միանշանակ, բայց ոչ բոլոր լեզուներն են քեզ մեծ հնարավորություններ ընձեռում։ Գերմաներենը ինձ համար մեծ հնարավորությունների լեզու է եղել ու դեռևս մնում է։ Գերմաներենի շնորհիվ կատարեցի կյանքիս առաջին ճամփորդությունը միայնակ, ձեռք բերեցի մի շարք ընկերներ տարբեր երկրներից, ապրեցի ամենագրավիչ, շնչող ու ազատ քաղաքում ու վերջապես մտա Բունդեսթագ ։D
Դիմել էի Գերմանիայի միջազգային միջխորհրդարանական կրթաթոշակին (IPS) Բունդեսթագում պատգամավորի գրասենյակում պրակտիկա անցնելու համար: Երկար ժամանակ չէի կիրառել գերմաներենը, և ինձ թվում էր, որ հավանականությունը ընտրվելու շատ քիչ է, սակայն մի քանի ամսվա ընթացքում կարողացա բարելավել գիտելիքներս և ընտրվեցի որպես կրթաթոշակակիր:

Հիշում եմ՝ Բունդեսթագում ՀՀԵՄ համաձայնագրի վավերացման քննարկումներին պլենար նստաշրջանին նստած մտածում էի, որ աչքերիս առաջ պատմություն է կերտվում, իսկ առաջին անգամ Ռայխսթագի միջով քայլելիս տեսա 1945 թվականից մնացած Ներսեսյան ազգանունով զինվորի գրառումը։ Անհավատալի է, որ եղել ու աշխատել եմ այնտեղ։)) Բայց մի կողմ թողնելով Բունդեսթագը՝ ուզում եմ պատմել Բեռլինի մասին։ Հինգ ամիս ապրելով այնտեղ՝ սիրահարվեցի քաղաքին։ Բեռլինը Գերմանիա չէմոռացեք բոլոր պատկերացումները, որ ունեք գերմանական քաղաքների մասին։ Բեռլինը տարբեր մշակույթների, լեզուների, մարդկանց, կանաչ ու մեծ այգիների, դասական, տեխնո երաժշտության, թանգարանների քաղաք է։ Բունդեսթագի իմ կոլեգա գերմանացիները չէին սիրում Բեռլինը նրանց համար քաղաքը շատ խառն էր, կեղտոտ։ Ինչն ինձ ամենից շատ էր ապշեցնում՝ Բեռլինի ենթակառուցվածքներն էին՝ U-Bahn-ի ու S-Bahn-ի փոխկապակցվածությունը։ Այսպիսով, իմ կյանքի դեռևս լավագույն փորձառության համար գերմաներենին եմ պարտական։ Լեզու սովորելը կարող է ինքնանպատակ լինել, բայց հիանալի է, երբ դառնում է նաև նման փորձառությունների միջոց։

Տաթև Սարգսյան (IPS կրթաթոշակակիր)

Comments(0)

Leave a Comment