Բայրոյթն իմ սրտում

Ես Վալդորֆում եմ սովորել։ Էդ դպրոցի միակ դրական կողմերից մեկը փոխանակային ծրագրերն էին, որը մեր դեպքում 3 շաբաթ էր. գնացինք Գերմանիա ու Շվեյցարիա։ Բազելում գերմանախոսների ընտանիքում մի շաբաթ ապրել եմ ու հանգիստ հաղորդակցվել։ Մեզ հյուրընկալել էր մի դասարան։ Ես իրենց դասղեկի տանն էի ապրում։ Վալդորֆը իմ դպրոցը չէ մի քիչ այն իմաստով, որ իրենց մոտեցումները բնագիտական առարկաներին ինձ համար փոքր-ինչ տարօրինակ են. շտայներականները Դարվինին չեն սիրում, այդ իսկ պատճառով մեր կենսաբանության դասերը մի քիչ այն ֆորմատով չէին անցնում, ինչպես ընդունված է ուրիշ դպրոցներում։ Ես անատոմիայի ու մնացածի մասին նորմալ գիտելիքներ ստացել եմ արդեն համալսարան ընդունվելիս՝ պարապելով կրկնուսույցի մոտ։ Մեր համալսարանում գերմաներենի խմբում ինձանից բացի մնացած ուսանողները հիմնականում Ախալքալաքից ու Գեղարքունիքի շրջանի գյուղերից էին, իրականում ընդհանրապես գերմաներեն չէին սովորել դպրոցում, ատեստատի մեջ ուղղակի նկարվել էր գնահատականը, այդ իսկ պատճառով այդ տարիներին ոչ մի առաջընթաց չունեցա։ Հետո ավելի շատը խորացել էի անգլերենի մեջ, որը դպրոցում չէի անցել՝ գիտական գրականության հետ պատշաճ ձևով աշխատելու համար։

Երբ մագիստրատուրայում էի, ամբիոնիս վարիչը նոր փոխանակային ծրագիր էր սկսել Սաարլանդի(Saarland) համալսարանի հետ։ Մենք այդպիսով այդ համագործակցության շրջանակներում առաջինն էինք, որ գնացինք Սաարբրյուկեն։ Գիտական փորձեր էինք անում շատ բազմազգ լաբում, մեր աշխատանքային լեզուն անգլերենն էր։ Մինչև գնալս ստիպված վերհիշել էի գերմաներենը, մի քիչ թարմացրել ամեն ինչ, ինչն ինձ շատ պետք եկավ ապահովագրության և այլ աշխատակիցների հետ հաղորդակցվելիս ու արկածներիս ժամանակ։ Ինձ իրենց գիտական մոտեցումները շատ դուր եկան էդպես որոշեցի դիմել ուսման համար։ Դիմեցի DAAD-ի կրթաթոշակային ծրագրին, արդյունքում դարձա կրթաթոշակակիր, հատուկ ընտրեցի գերմաներեն ծրագրեր, որ ամեն ինչ գերմաներեն անցնեմ, ոչ թե անգլերեն ու հենց գերմանացիների հետ, ինչի համար նույնպես չեմ զղջում։ Ունեցածս արկածները ինձ ստիպել էին, որ շատ սիրեմ Բավարիան, Մյունխենի համալսարան միջնորդ կազմակերպության` uni-assistի պատճառով չկարողացա դիմել, բայց Բայրոյթից ստացա դրական պատասխան։ Բայրոյթի համալսարանը շատ հավես, փոքր համալսարան է, որտեղ շատ լավ պրոֆեսորներ են դասավանդում, պրակտիկ աշխատանքի բացերս լրացնում եմ, որոնք ունեի թե ուսման, թե աշխատանքի ընթացքում(ուսումն ավարտելուց հետո 1,5 տարի աշխատել եմ գիտահետազոտական ինստիտուտում)։ Դեռ կողմնորոշվում եմ, թե որ լաբում անեմ ավարտական աշխատանքի փորձեր, բայց դրան դեռ ժամանակ կա։ Բայրոյթը հարմար քաղաք է ուսանողների համար, այդքան մեծ չէ, հեծանվով կարելի է գնալ դասի։ Դեռ հետաքրքիր է, թե ինչի է վերածվում քաղաքը ամենամյա Վագներյան փառատոնի ժամանակ, քանի որ էդ փառատոնին Մերկելից սկսած բոլորը գալիս են։

Աստղիկ Թուրաբյան

Comments(0)

Leave a Comment