Գերմաներեն լեզու, դժվար լեզու
“Deutsche Sprache, schwere Sprache” (Գերմաներեն լեզու, դժվար լեզու) արտահայտությունը շատերիս է հանդիպել դեռևս դպրոցական տարիներից։ Այն ավելի շատ վերաբերում է նրանց, ովքեր սովորում են գերմաներենը որպես օտար լեզու։ Սակայն արդյո՞ք գերմաներենն իրոք ավելի դժվար է սովորել, քան մեկ այլ օտար լեզու, թե՞ սա ուղղակի կլիշե է։
Ինչպես մյուս բոլոր լեզուները, գերմաներենը ևս ունի դժվար և հեշտ կողմեր։ Յուրաքանչյուրիս կողմից օտար լեզուների ուսուցումը կախված է համապատասխան մեթոդաբանությունից և տրամադրվածությունից, ինչպես նաև այլ լեզուներից ունեցած նախնական գիտելիքներից։ Գոյություն ունի մոտեցում, որի համաձայն կան մարդիկ, ում հեշտ են տրվում բնական գիտությունները ու կան մարդիկ, ովքեր փայլում են հումանիտար գիտությունների բնագավառում։ Մյուս կողմից, յուրաքանչյուր ոք, ով ինչ-որ չափով տիրապետում է լատինական ծագում ունեցող որևէ լեզվի կամ սլավոնական լեզվի, դժվարությունների չի առերեսվի գերմաներեն սովորելիս։ Իսկ որո՞նք են այդ դժվարությունները։
Գոյականի սեռը գերմաներենում
Շատերի համար լեզվական բարդ հասկացություն է գոյականի սեռը (արական, իգական, չեզոք), որը բացակայում է շատ այլ լեզուներում։ Գերմաներենում յուրաքանչյուր գոյական ունի իր սեռը՝ das Messer, die Gabel, der Löffel.
Այն, ինչը առաջին հայացքից ողջամիտ է թվում, արագորեն դառնում է խնդրահարույց: Այսպես, das Mädchen (աղջիկ) գոյականը չեզոք սեռին է պատկանում, մինչդեռ die Spitzhacke-ն (քլունգ) իգական սեռի է: Հետևաբար խորհուրդ է տրվում բոլոր գերմաներեն սովորողներին գոյականները սովորել սեռի հետ միասին: Լեզվաբանական ուղղություն ընտրած շատ ուսանողներ նույնպես դժվարանում են այս հարցում: Այնուամենայնիվ, գոյություն ունեն շատ օգնող կանոններ, ինչպիսիք են օրինակ տարբեր սեռերին ցուցող վերջավորությունները։
Հոլովները գերմաներենում
Գերմաներենն ունի 4 հոլով՝ Nominativ, Genitiv, Dativ և Akkusativ.
Գոյականի հոլովը որոշվում է նրա գործառույթով։ Այսպես, das Mädchen-ը դառնում է dem Mädchen (Dativ), երբ նրան օրինակ ինչ-որ բան են տալիս։ Akkusativ-ում այն կդառնա կրկին das Mädchen (Er sieht das Mädchen da). Նրանք, ովքեր գործ չեն ունեցել հոլովների հետ, կարող են հեշտությամբ կանգնել դժվարությունների առջև։ Սակայն լատիներեն (7 հոլով) կամ սլավոնական որևէ լեզու, օրինակ՝ ռուսերեն (6 հոլով) իմացող յուրաքանչյուր ոք արդեն որոշակի փորձ ունի այս հարցում։
Բառերի շարադասությունը գերմաներենում
Գերմաներեն լեզուն սիրում է մեզ անորոշության մեջ թողնել մինչև նախադասության ավարտը: Նախադասության երկրորդ բայը տեղադրվում է նախադասության վերջում: Բացի այդ, որոշ շաղկապներ «բայ»-ին ուղարկում են նախադասության վերջ: Բայերը նաև նախադասությունների վերջ գնալու սովորություն ունեն, մանավանդ, եթե նախադասությունը անցյալ ժամանակով է (Perfekt, Plusquamperfekt): Բայց եթե ծանոթ եք գերմաներեն խոսքի ռիթմին, բառերի կարգը դառնում է շատ բնական և ինտուիտիվ:
Հոգնակի թիվը գերմաներենում
Ananas – Ananässe? Թե՞ ավելի ճիշտ Ananassen։ Ակնհայտ գլխացավանք է, չէ՞: Ընդ որում, անխուսափելի։ Գերմաներենում հոգնակիի կազմության 5 տարբեր եղանակ կա։ Մինչդեռ անգլերենում բավական է ընդամենը մեկ ,,s” ավելացնել հոգնակի թիվ ստանալու համար։ Այնուամենայնիվ անգլերենում նույնպես ոչ միշտ է այդքան հեշտ։ children, men և sheep բառերը միայն երեքն են հոգնակի թվի այն բազում դեպքերից, որոնց հետ առերեսվում են լեզուն սովորողները։
Դժվա՞ր է հնչում։ Վախենալու հարկ չկա։ Գերմաներենում կան մի շարք օրենքներ ու հուշումներ, որոնք ուսուցումը հեշտացնում են։
Ուղղագրությունն ու արտասանությունը գերմաներենում
Ի տարբերություն անգլերենի և ֆրանսերենի՝ գերմաներենում կարդում ենք այն, ինչ գրում ենք: Սա հեշտացնում է արտասանությունն ու ուղղագրությունը: Գերմաներենում արտասանվում են բոլոր վանկերը, ինչը հնարավորություն է տալիս հեշտությամբ հասկանալ գերմաներենի հեռուստատեսային ծրագրերը, երգերը և խոսակցությունները: Եթե տիրապետում եք անգլերենին, շվեդերենին, նիդերլանդերենին, դանիերենին կամ որևէ այլ գերմանական լեզվի, շատ արտահայտություններ Ձեզ ծանոթ կթվան։ Եվ վերջում. գիտեի՞ք, որ անգլերենում ամենաշատ կիրառվող 100 բառերից 97-ը գերմանական արմատներ ունի։
Բոլորիդ հաջողություն և համբերություն եմ մաղթում։
Leave a Comment