UX կրթությունը Հայաստանում թերի է

«UX/UI design»-ը աշխարհում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություն է, որի մասին, սակայնմեր կրթական համակարգը և աշխատաշուկան  թերի պատկերացումներ ունեն։ Տասնյակ երիտասարդներ ուսանում են «Համակարգչային դիզայն» և «Համակարգչային գրաֆիկա», սակայն, ցավոք, ուսումն ավարտելուց հետո ոչ միշտ են համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին, իսկ շատերն էլ շարունակում են իրենց կարիերան՝ մասնագիտանալով բոլորովին այլ ոլորտներում։

Այս թեմայով մեր զրուցակիցն է UX/UI փորձագետ Իշխան Ադամյանը։

-Վերջին մի քանի ամիսների դիտարկումների արդյունքում եկել եմ այն եզրակացության, որ Հայաստանում փաստացի չկա UX-ի մասնագետ, քանի որ կենտրոնները մեծ մասամբ սովորեցնելիս շեշտը դնում են UI-ի վրա։ Ի՞նչն է նմանատիպ խնդրի պատճառը։

-Այո, Դուք ճիշտ եք, պետք է նշեմ, որ UX մասնագիտությունը Հայաստանում չեն սովորեցնում։  Ինչքան էլ տարբեր ուսումնական կենտրոններ խոստանան, որ 3 կամ 4 ամսում դուք կդառնաք UI/UX դիզայնի լավ մասնագետ, միևնույն է, լիարժեք UX այնտեղ ձեզ չեն սովորեցնի։ Որոշակի սկսնակ մակարդակ իհարկե կապահովեն,  բայց բարձրակարգ մասնագետ դառնալու համար, դա, բնականաբար, բավարար չէ։ UX-ի հետ կապված մեր խնդիրը երկկողմանի էՄի կողմից աշխատաշուկան, չտիրապետելով մասնագիտության ամբողջական նկարագրին ու ֆունկցիոնալ գործառույթներին, չի ձևակերպում համապատասխան մասնագիտական որակավորման պահանջ, և այդ պահանջը չի հասնում կրթության ոլորտին, իսկ մյուս կողմից էլ կրթության ոլորտը, չունենալով համապատասխան որակավորմամբ պրոֆեսիոնալ մասնագետներ, դիմորդին այսպես ասած ձևավորում է ըստ իր ունեցածի և աշխատաշուկայի թերի պահանջների։ Oրինակ՝ լավ UX մասնագետը զբաղվում է լուրջ ուսումնասիրություններով, ինչը ենթադրում է, որ նա պետք է տիրապետի նաև  բիզնեսի, մարքեթինգի, հոգեբանության և սոցիոլոգիայի գիտելիքների։

-Որո՞նք են այն պահանջները, որոնց պետք է համապատասխանի մասնագետը։

-UX-ը և UI-ը միավորող բարդ մասնագիտացումը պահանջում է հատկապես հատուկ մտածելակերպ, լսելու ունակություն և պատրաստակամություն։

Booking.com-ը, օրինակ, ունի դիզայներների հսկայական թիմ, որոնք ամեն օր փոքր քայերով զարգացնում են պրոդուկտը։ Ուսումնասիրում են նախկին և նոր փորձառությունները, որպեսզի մշտապես գտնեն նոր լուծումներ, փորձարկեն դրանք և  իրականացնեն բարեփոխումներ։ Այսինքն, ամեն օր նրանք 1սմով ավելի մոտ են իրենց մեծ նպատակին։ Մեր երկրում կարծես թե  հակառակ միտումն է՝ դիզայնը համապատասխանեցվում է ճաշակին և «այսպես սիրուն է» կոնցեպտին՝ առանց ֆունկցիոնալության բարելավման։

Հայաստանում կիրառվում է փաստացի միայն  UI-ը, այն էլ ոչ շատ արհեստավարժ կերպով, ինչի վկայությունը կարող են լինել տասնյակ կայքերը։ Նմանատիպ բարդ մասնագիտությունը պահանջում է առնվազն 2 տարվա անընդմեջ ինքնակրթություն և փորձ, որպեսզի մոտ լինես սկսնակ մակարդակի մասնագետ կոչվելուն։ Կարծում եմ, որ կրթական ոլորտի 2 մեծ խնդիրներն են «ի՞նչ անելը» և «ի՞նչ ստանալը»։

Մասնագիտություն ընտրելիս կամ աշխատանքի ընդունվելիս չկա որոշակի կարիերայի ուղի (career path), որը կասի` ինչ պետք է անել արդյունք ունենալու համար և ինչպիսին կլինի այդ արդյունքը։ Չկա ուղղորդող/mentor, որ սկսնակին ու/կամ ուսանողին կօգնի հասկանալ մասնագիտական շատ նրբություններ։ Կարծում եմ, որ թե՛ աշխատաշուկայում, թե՛ կրթական կենտրոններում պետք է լինեն որակավորման հստակ չափորոշիչներ։

-Շատ հաճախ ինձ հարցնում են՝ որն է UI-ի տարբերությունը UX-ից և դրանց տարբերությունը՝ Web Design-ից։

-Եթե կարճ, ապա UX-ը շատ բարդ գիտություն է, որը միավորում է մի քանի տարբեր մասնագիտություններ։ UI-ը դրա արտաքին/արվեստային դրսևորումն է։ UX-ի գլխավոր նպատակը հիմնականում  բիզնեսի զարգացմանը նպաստելն էինչպես քիչ ծախսել՝ շատ վաստակել և օպտիմալ ու գրագետ օգտագործել եղած ռեսուրսները։

Հայաստանում այս մասնագիտությունը, ցավոք, գրեթե  չի դիտարկվում, իսկ եթե դիտարկվում էլ է, ապա այն հիմնականում ընկալվում է որպես զուտ  «թրենդային» անուն ունեցող կայքի դիզայնը «դզողփչող» կամ էլ հեռախոսի հավելված մտածող։

Կարելի է ասել, որ, փաստացի, ամեն օր նորից հեծանիվ հայտնաբերելու պրոցես են իրականացնում՝ եղած հեծանիվը օգտագործելու փոխարեն։

-Քանի որ աշխատաշուկան է ձևավորում պահանջարկը, ո՞րն է աշխատաշուկայի խնդիրը։ Արդյո՞ք դիպլոմի առկայությունը որոշիչ է։ Եվ կա՞ն արդյոք հմտություններ, որոնք հարկավոր է ունենալ, բայց մեր կրթական կենտրոնները և ուսումնական հաստատությունները դրանց ուշադրություն չեն դարձնում։

-Մեր աշխատաշուկայի գլխավոր խնդիրներից է որակյալ մասնագետների պակասը։ Դիպլոմը հավասարազոր չէ գիտելիքին։ Այսօր մեծ և առավել զարգացած ընկերությունները առաջին հերթին պահանջում են ոչ թե դիպլոմ, այլ գիտելիք, և կարևորում են սովորելու և ինքնազարգանալու ցանկությունը։ Շատ սկսնակների մոտ նույնիսկ բուհը ավարտելուց հետո չկան շատ կարևոր հմտություններ (Soft skills)՝ սկսած ամենատարրական պաշտոնական նամակագրություն և հարցազրույց անցնելու հմտություններից մինչև բանակցելու և պրոդուկտ ներկայացնելու ունակություններ։ Կարծում եմ՝ ժամանակն է, որ մենք լրջորեն ուշադրություն դարձնենք այս խնդիրներին և փորձենք հասնել դրանց լուծմանը, որն անշուշտ, հանգեցնելու է «UX/UI design»-ի դերի բարձրացմանը և նպաստելու է շուկայում որակյալ ու մրցունակ պրոդուկտներ ունենալուն։

Comments(0)

Leave a Comment