Ինչպե՞ս ու որտե՞ղ սովորել իսպաներեն

07 Մայիս 2019

Երբ որոշում ես նոր օտար լեզու սովորել, միշտ առաջ են գալիս բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները չգիտես որտեղ գտնել։ Ունենալով իսպաներենի դասավանդման երկար տարիների փորձ, ինձ համար առանձնացրել եմ որոշ նրբություններ, որոնցով սիրով կիսվում եմ ձեզ հետ։ Եվ այսպես, եկեք փորձենք գտնել որոշ հարցերի պատասխանները, որոնք հավանաբար առաջացել են ձեզ մոտ։

Ես ավելի շուտ կասեմ այո, քան ոչ, ԲԱՅՑ ինքնուրույն սովորել ցանկացողը պետք է հստակ գիտակցի, որ դա նրանից պահանջելու է մեծ ջանք, եռանդ, ժամանակ։ Այո, հիմա համացանցում հնարավոր է գտնել ամեն ինչ, ինչ քեզ անհրաժեշտ կլինի լեզուն սովորելիս՝ ուսումնական նյութեր, տեսանյութեր, լեզու սովորեցնող ծրագրեր, լեզվակիրների հետ շփման հնարավորություն եւ այլն։ Բայց, ըստ իս, ինքնուրույն լեզու սովորելիս ամենադժվարը  մոտիվացիան չկորցնելն է։ Վստահաբար, սկզբում շատ ոգեւորված ես սկսում, հնչյունաբանության հատվածը իսպաներենում բարդ չէ, դա հեշտությամբ հաղթահարում ես ու սկսում սովորել պարզ բառեր, նախադասություններ, դե դա էլ կարող ես հաղթահարել, ու հետո սկսում ես ծանոթանալ քերականությանը. այստեղ պետք է համառություն եւ կամք դրսեւորել։ Եթե դու տիրապետում ես անգլերենին, քեզ համար անակնկալ կլինի իսպաներենի քերականությունը, անգլերենի համեմատ` այն բավականին բարդ է թվում։ Եթե դու տիրապետում ես ռոմանական այլ լեզվի, օրինակ` ֆրանսերենին, իտալերենին, պորտուգալերենին, հեշտությամբ կհարմարվես իսպեներենի քերականությանը։ Այսպիսով, քերականություն սովորելիս՝ դու անընդհատ բախվելու ես տարբեր հարցերի, որոնց պատասխանները պիտի ինքդ գտնես։ Այստեղ են շատերը կորցնում մոտիվացիան։ Եթե դու լավ զարգացած «լեզվի հոտառություն» ունես, սիրում ես հաղթահարել մարտահրավերներ ու ավելի բարդ բան սովորելը քեզ ավելի է մոտիվացնում շարունակել, ուրեմն կհաղթահարես նաեւ այս փուլը։

Եվ այսպես, դու որոշել ես ինքնուրույն սովորել իսպաներեն։ Ի՞նչ քայլեր պետք է անես դրա համար։ Նախ որոշիր ինչ ռեսուրսներով ես սովորելու՝ օնլայն, թե օֆֆլայն։ Եթե օնլայն, ուրեմն գտիր քեզ համար հարմար յութուբյան ալիքներ, օնլայն անվճար կուրսեր կամ ծրագրեր, դրանցից համացանցում շատ կան։ Եթե ավանդական ուսուցման կողմնակից ես, գտիր լավ դասագիրք, մեր գրախանութներում իսպաներենի դասագրքերի արդեն բավականին մեծ տեսականի կա։ Բայց մի սահմանափակվիր դրանով։ Ամենակարեւորը՝ պիտի գտնես մարդկանց, ովքեր քեզ կօգնեն այն պահերին, երբ ինչ-որ բան չես հասկանա կամ կուզենաս ստուգել սերտածդ։ Իդեալական տարբերակում՝ այդ մարդիկ, իհարկե, լեզվակիրներն են։ Գտիր իսպանախոսների ֆեյսբուքյան խմբեր, ծանոթացիր մասնակիցների հետ ու շփվիր։ Եթե չես ուզում միանգամից լեզվակիրների հետ շփվել, միացիր մեր Tutor Spanish Club խմբին, որտեղ հավաքված են քեզ նման նոր սովորող կամ ավելի լավ տիրապետողներ։ Այստեղ ավելի հանգիստ կզգաս քեզ ինչ-որ անհասկանալի հարցեր պարզաբանելիս, կգտնես հետաքրքիր նյութեր, կայքեր, որոնք շատ պետք կգան սովորելու ընթացքում։

Սկսիր լսել իսպանական երգեր։ Երաժշտությունը նպաստում է բառերը ավելի լավ հիշելուն։

Նայիր իսպաներեն ֆիլմեր՝ անգլերեն կամ ռուսերեն ենթագրերով։ Սկզբում իհարկե դժվար կլինի եւ լսել, եւ կարդալ, բայց բառերը, արտահայտությունները ենթագիտակցորեն կպահպանվեն հիշողությանդ մեջ, կլսես դրանց ճիշտ արտասանությունը, որը խոսելիս քեզ շատ կօգնի։

Եթե ունենաս հնարավորություն, ճանապարհորդիր որեւէ իսպանախոս երկիր. սա լեզուն կատարելագործելու ամենաարդյունավետ միջոցն է։

Իսկ եթե որոշել ես դասընթացների գնալ, կան բազմաթիվ լեզվի դպրոցներ, որտեղ ուսուցանվում է իսպաներեն։ Ունենալով երկար տարիների դասավանդման փորձ՝ մի բանում վստահ եմ. օտար լեզուն ցանկալի է սովորել խմբով։ Գիտեմ, որ շատերը նախընտրում են անհատական պարապմունքները՝ կարծելով, որ այդ դեպքում իրենց ավելի ազատ կզգան, ուսուցչի ուշադրությունը կենտրոնացած կլինի միայն իրենց վրա, եւ ուսուցումն ավելի արդյունավետ կլինի։ Գուցե եւ ճշմարտություն կա այս ամեն մեջ, բայց եկեք չմոռանանք, որ լեզուն նախ եւ առաջ հաղորդակցման միջոց է, եւ դրանով պետք է ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ առաջին իսկ դասերից։ Ուսուցչի հետ հաղորդակցվելը նույնը չէ, ինչ քո լեզվի մակարդակն ունեցող մեկի։ Խմբային դասերը միշտ ավելի հետաքրքիր են անցնում, ակտիվ, անընդհատ հնարավորություն ես ունենում կիրառելու լեզվական գիտելիքներդ տարբեր խմբային քննարկումների, երկխոսությունների միջոցով եւ, որ ամենակարեւորն է, հաղթահարել խոսելու վախը։

Հուսով եմ՝ կարողացար գտնել որոշ հարցերի պատասխաններ, իսկ ավելի մանրամասն պատասխաններ գտնելու համար միացիր մեր խմբին։

Comments(0)

Leave a Comment