Դժվար է ապրել Հայաստանում ու ռուսերեն չսովորել: Չուզես էլ՝ ինքնաբերաբար կստացվի: Թեկուզ միայն մեր մանկության մուլտ(ֆիլմերն) էլ հերիք պիտի լինեին, որ ռուսերենն առանց ջանք թափելու մայրենիին զուգահեռ յուրացվեր: Բայց ես, պատկերացնու՞մ ես, հաջողացրեցի ռուսերենը շրջանցել: Մի պահ, կարծեմ 18 թե 19 տարեկանում, սկսեցի պարապել, «դե, որովհետև բոլորն են ռուսերեն խոսում», բայց բան դուրս չեկավ. պարապելուս չորրորդ թե հինգերորդ օրը մոռացա դրա մասին: Հա, հա, ազնիվ խոսք, մոռացա, ու հիշեցի մի քանի ամիս անց, երբ փողոցում մի ռուս տուրիստ հասցե էր հարցնում, իսկ ես կմկմալով ասացի. «ըըը, իզվինիծե, յա նե զդեշնայա»:
Ի տարբերություն ռուսերենի՝ դպրոցն ու համալսարանն ավարտելուց հետո զրոյից գերմաներեն եմ սովորել: Մինչ այդ նույնիսկ ծանոթ չէի գերմաներենի հնչողությանը, ամբողջ կյանքում գերմաներեն երեք-չորս բառ էի լսել՝ «կապուտ», «ֆանտասթիշ», «շվայնե պարտիզանե»…Երևի գլխի ես ընկնում որտեղից էի այս բառերը լսել 🙂 Բայց մի օր Գերմանիայի մասին հոդված կարդալուց այնքան տպավորվեցի, որ որոշեցի այդ երկրում ապրել: Ինքս ինձ ասացի. ես պիտի շփվեմ գերմանացիների հետ, պիտի անձամբ ծանոթանամ այդ զարմանալիորեն սառն ու քաղաքավարի, անհավանական աշխատասեր ու ուղղախոս մարդկանց հետ: Պիտի սովորեմ գերմանական մի բուհում ու աշխատեմ գերմանական ընկերությունում: Պիտի հասկանամ, թե ոնց են այդքան հզոր տնտեսություն կառուցել:
Այդ օրերին ընկերներիցս մեկն ինձ ուղարկեց Մարկ Տվենի ‘’Die schreckliche deutsche Sprache’’ էսսեն, որում մեծանուն գրողը մի լավ բողոքում է գերմաներենի խրթին լինելուց. «Գերմաներեն նախադասությունը հաճախ մեկ քառորդ էջի չափ է, և վերջում միայն կգտնես բայը, իսկ թե ինչի մասին է խոսքն ընդհանրապես, կհասկանաս միայն մի ամբողջ շարք ”haben”, ”sind gewesen”, ”gehabt haben”, ”geworden sein” բայերից հետո: Գոյականներն ունեն իրենց սեռը, նույնիսկ կարտոֆիլը, բայց ”Madchen”-ը եւ ”Fraulein”-ը անսեռ են: Ձիերը սեռից զուրկ են, շները՝ արական, իսկ կատուները պատկանում են իգական սեռին: Իսկ ահա ”Unabhangigkeitserklarung”-ը կամ թե Stadtverordnetenversammlung”-ը ոչ թե բառեր, այլ այբբենական շքահանդեսներ են…»
Չվախեցա այբբենական շքահանդեսներ սերտելուց: Ավելին, ինձ խթանում էր նպատակիս դժվարահաս լինելու միտքը, գերմաներենն ինձ մարտահրավեր էր նետել:) Տեսա, որ շաբաթական երեք անգամ դասի գնալով շատ դանդաղ եմ սովորում: Կրկնապատկեցի դասերս, բառացիորեն ինձ շրջապատեցի գերմաներենով, ամեն մի ազատ րոպես տրամադրում էի գերմաներենին՝ ռադիո լսում, լուրեր կարդում, արդեն նայածս ֆիլմերը մի անգամ էլ գերմաներեն դիտում, տանը գրեթե բոլոր առարկաների վրա թարգմանություններով թերթիկներ էի փակցրել, սոցցանցերում էլ գաղտնաբառս գերմաներեն էր, մեկ ամիս ’’Urheberrechtsgesetz’’, հաջորդ ամսին՝ ’’durchsetzungsvermoegen’’ , այնուհետև՝ ‘’Abwehrsystem և այլն: Որպեսզի չափելի լինի սովորածս՝ մակարադակներով էի պարապում ու հերթով քննությունները հանձնում, ինչից էլ ավելի էի ոգևորվում… Այդպես երազանքներս հերթով իրականացան՝ մեկնել Գերմանիա, սովորել ու աշխատել այնտեղ, շոշափել Գերմանիան:
Այս պատմությունը գուցե քեզ օգտակար լինի: Մի բան իրոք գլուխ բերելու համար պիտի իմանաս՝ ի՛նչ ես ուզում, ինչի՛ ես ուզում: Բայց ամենադժվար հարցը, որին պիտի անկեղծորեն պատասխանես՝ արդյո՞ք ուզում ես դու դա: Ես ռուսերեն սովորելու ներքին մոտիվացիա չունեի (հիմա էլ չունեմ), դա դրսից եկող ազդակ էր, իսկ «օտար լեզու սովորելը լավ է» կամ «դե, բոլորը գիտեն՝ ես էլ իմանամ»-ը շատ թույլ հիմնավորում է: Իսկ ահա գերմնաներեն սովորելու նպատակն ավելի քան կոնկրետ սահմանված էր: Գերմաներենն իմ տարերքն էր դարձել, հետևաբար, ինձ համար դժվար չէր ամեն օր 6-8 ժամ սովորել գերմաներեն, ավելին՝ պարապելը հարմարեցրել էի կյանքիս, ժամանցիս անբաժանելի մասը դարձրել: Ենթադրում եմ, որ դու էլ գերմաներեն կամ մեկ այլ լեզու սովորելու ճանապարհին ես: Իսկապես քո՞ երազանքն է այդ լեզուն իմանալը, գիտես, ինչու ես սովորում, թե՞ դրսից եկող ազդակ է լեզու սովորելը:
Արմինե Հովհաննիսյան, սիրահարված schreckliche գերմաներենին
Leave a Comment