4 նշան, որ ծրագրավորումը քոնը չէ

Հայաստանում վերջին տարիներին մասնագիտության ընտրության մասին ամեն երկրորդ խոսակցություն հասնում է IT ոլորտին։ «Դե, հոգնել եմ էս գործիցս, երևի շուտով կսկսեմ ինչ-որ կենտրոն գնալ ու ծրագրավորում սովորել։ Մի քանի ամսից էլ մի կես միլիոն փող հաստատ կստանամ»։ Վստահ եմ, ծանոթ խոսքեր են։ Ու շատերը այդպես էլ վարվում են՝ կորցնելով իրենց ժամանակն ու կլորիկ գումար։ Արդյունքում երկար փնտրտուքներից հետո միլիոններ բերող բաղձալի աշխատանքը չեն գտնում, կամ էլ հասկանում են, որ ոլորտն, այնուամենայնիվ, իրենցը չէր ու հայտնվում կոտրած տաշտակի առաջ։

Իրականում նմանատիպ իրավիճակներում հայտնվելուց առաջ պետք է ուղղակի գիտակցել, որ ցանկացած մասնագիտություն՝ այդ թվում նաև ծրագրավորողինը, ունի իր առանձնահատկությունները։ Շատերը հաճախ մոռանում են, որ ցանկացած ոլորտում հաջողության հասնելու համար անհրաժեշտ են որոշակի հմտություններ։ Դե օրինակ, եթե լավ ուսուցիչ ես, դեռ չի նշանակում, որ լավ փրկարար կլինեիր։ Սա վերաբերում է նաև ծրագրավորմանը ու IT ոլորտին ընդհանրապես։ Ստացվում է, կարելի է նախօրոք պատկերացնել, քեզ մոտ կստացվի հաջողությունների հասնել, թե հիասփաթվելու ես ու ջղայնացած ամեն ինչի ու ամենքի վրա, անցնես առաջ։ Իսկ ինչպե՞ս…

Համակարգչի առջև նստելուց բացի ծրագրավորողը այդ ժամանակի զգալի մասը անց է կացնում մտածելով այս կամ այն խնդրի լուծման մասին։ Օրվա ընթացքում մենք բոլորս էլ, իհարկե, անվերջ մտածում ենք այս կամ այն բանի մասին։ Բայց երբ գործը հասնում է տրամաբանական խնդիրներ լուծելուն, մեզնից ոմանք պարզապես ալարում են մտածել, մինչդեռ մյուսների համար դա ամենահաճելի գործողություններից մեկն է։ Եթե դու պատկանում ես առաջին խմբին, դե երևի հասկացար(ծրագրավորումը այնքան էլ քոնը չէ)։

Այո, պարզվում է միլիոններով աշխատանքին հասնելու ճանապարհին պետք է գալու սովորել։ Շատ սովորել։ Ընդ որում սովորելու ամենաարդյունավետ հատվածներից մեկը թերևս ինքնուսուցման փուլն է։ Տանը՝ համակարգչի դիմաց, ժամերով կոդերի վրա ջանք թափելը իր արդյունքը անպայման տալիս է։ Մինչդեռ շատերը կարծում են, թե ուսուցման կենտրոն շաբաթական 3 անգամ հաճախելով միայն կարող են մասնագիտություն ձեռք բերել։ Այնպես որ, եթե սովորելն ու հատկապես ինքնուրույն սովորելը քո սիրելի զբաղմունքներից չեն, հավանաբար պետք է հետ կանգնես մտքիցդ։

Թե ինքնուրույնությունն ու թե համառությունը շատ կարևոր գծեր են ցանկացած ոլորտի համար։ Սովորելու ընթացքում բազմաթիվ աղբյուրներ քչփորելը, գուգլը տակնուվրա անելն ու անհրաժեշտ ինֆոն գտնելը, դեռ այդ ընթացքում մոտիվացիան պահելն ու չհանձնվելը հաջողության հասնելու ճանապարհի ամենակարևոր պահերից են։ Ոչ ոք չի կարող քեզ սովորեցնել այնքան բան, ինչքան դու ինքդ այս երկու գծերի շնորհիվ։ Քեզ անհրաժեշտ ամբողջ ինֆորմացիան գուգլում վաղուց կա, պետք է միայն փնտրել, գտնել ու սովորել։

Ծրագրավորումը ինչ-որ չափով արվեստի նման է։ Պետք է ազատություն ունենաս ու ստեղծագործես։ Եթե ամեն խնդրի լուծումը քեզ հետաքրքիր է «ճիշտ» պատասխանն իմանալու ու ստանդարտ կերպով օգտագործելու համար, ապա հեռուն դժվար թե գնաս։ Լուծումները շատ դեպքերում բազմաթիվ են ու իրավիճակային, իսկ դրանք ձեռք են բերվում հետաքրքրասիրության արդյունքում անթիվ տարբերակներ փորձարկելու միջոցով։

Բարդ է, գիտեմ, բայց եթե ցանկությունը մեծ է, ապա միշտ կարող ես ամեն ինչ անել արդյունքի հասնելու համար։ Եվ ի վերջո, մասնագիտության ճիշտ ընտրությունը սեփական բնավորությանը համապատասխան շատ կարևոր է սեփական կյանքից գոհ լինելու ու երջանիկ զգալու համար։

Comments(0)

Leave a Comment