Ճանապարհը դեպի Գերմանիա

Դեպի Գերմանիա ճանապարհը բարդ էր ու հետաքրքիր։ 20 տարեկան էի ընդամենը… Առաջին փորձս ձախողվել էր ու հիշում եմ` ոնց էի ողբում ու անիծում բախտս։ Փաստորեն ինձ լրիվ այլ բան էր սպասվում։ Կրթաթոշակ ստացա DAAD-ից` Gip-Stipendium։ Վրաստանում էի, երբ Անին (կուրսեցիս) զանգես ու ասաց, «Թագի, գնում ես Գերմանիա», էդ ժամանակ չգիտեմ` ինչ էի զգում, հիշում եմ `բարձր գոռում էի ամբողջ հոթելով մեկ։ (Էդ օրվանից հիշում եմ, որ ամբողջ օրը լայն ժպտում էի, ամենայն-ժպիտ-օր կդնեի անունը)։ Դե հաջորդ շրջանը թղթեր հավաքելն էր ու Գերմանիա գնալը. վախենում էի, ահավոր էի վախենում, ֆեյսբուքում գրառում էի արել, որ տեղեկանայի` ոնց հասնեմ Բեռլինից Հալլե։ Մի աղջիկ գրեց, որ կարող է գալ ու ինձ դիմավորել  (Մելուշը` արժեք ներկայացնող մարդկանցից մեկն է իմ կյանքում)։ Առաջին օրը հիշում եմ շատ էի խառնվել, սիրտս խփում էր դըխկ, դըխկ, դըխկ, բայց շատ չմանրամասնեմ՝ եկեք խոսենք նախաճաշի մասին։ WG-ում էի ապրելու, Կարինեի ու Բիրգիտի հետ (ականջը կանչի), սուրճ խմեցինք, ու ես անմիջապես հետո որոշեցի, որ դե նոր եմ (ինձ ցույց տալու համար) ամանները լվանամ։ Լվանալուց հետո Բիրգիտը ասեց, «Թագուհի, մեզ մոտ ջուրը բավականին թանկ է, ու որոշակի ամաններ հավաքելուց հետո նոր լվանում ենք ամանները»։ Ամենագժականը էն էր, որ ամանները լվանալու հեղուկը բիո էր, ու կարելի էր հանգիստ լվանալ ու չպարզաջրել, օհ Աստված իմ։ Կարինեի հետ շատ էինք խոսում, շատ բաներ էր ինձ սովորեցնում, ոչ ուղիղ, խոսում էինք էդ թեմաներից, հասկանում էի, որ «message» է թողնում ինձ համար, ես էլ փորձում էի կուլ տալ էդ ինֆոն։ Սովորելու էի Հալլեի Մարտին Լյութերի համալսարանում, մի հրաշք ու վեհապանծ կառույց, հրաշալի համակարգ։ Առարկաները ընտրելու հնարավորություն ունեինք, ու նույն առարկան տարբեր դասախոսներ էին դասավանդում, կարող էիր փորձել` ով է քեզ համար ավելի հոգեհարազատ։ Ամենահրաշալին նաև այն էր, որ ժամերը կարելի էր ընտրել. ես ցերեկային գրաֆիկն էի ընտրել, քնում էի, սիրունանում (եթե Գերմանիայում դրա կարիքը կար ։Դ) ու գնում դասի։ 

Պետք է նշեմ, որ չորս ամսվա մեջ մի օր չի եղել, որ արթնանամ ու դասի գնալ չուզեմ։ Դասախոսների ընդունելությունը, ինչպես նաև ուսանողների հետ շփումը կատարյալ էր. տեսնում էի, որ ուսանողներ կային, դրսում դռան մոտ բարևում էին դասախոսին, բայց օրինակ չէին գալիս դասին նստելու, դասախոսը չէր գնում դուրս ու ասում `գիտեք ինչ, դա վիրավորում է ինձ, դուք արհամարհում եք իմ դասը. ոչ, էնտեղ յուրաքանչյուրը գիտեր, թե էդ դասը ինչքանով էր պետք իրեն ու առհասարակ ինչն էր պետք։ Քննությունները հրաշալի էին կազմակերված, պարոն Վագների դասերին էի նստում (հայերին շատ էր սիրում, ու ազգանունս սիրում էր հաճախակի տալ` ֆղաու Չակ/խոիան), հիշում եմ հարիբո հյուրասիրեց ու խոսեցինք` ինչ վերցրի էս ամենից, հայերենում անձնական դերանունների կիրառումը ինչպես է լինում… Քննությունը վերջացավ, կանգնեց, ձեռքս սեղմեց ու ուղեկցեց մինչև դուռը։ Վերջում էլ հաջողություն մաղթեց։ Գոհ ու կարևոր էի զգում ինքս ինձ։ Քաղաքում շատ հայեր չկային, բայց Հալլեի քահանան `Տեր Գնելը հենց իմացավ, որ հայ ուսանող է գալու, միանգամից կապվեց հետս ու ես ինձ ապահով զգացի, ոչ մենակ ու դրա համար շնորհակալ եմ։ Էլի լիքը հայերի հանդիպեցի տարբեր համայնքներում, պարադոքսալ է. մեկ շատ պաթետիկ էին, մեկ չափից դուրս սիրտ-մարդ։ Մի քիչ էլ դետալների վրա կենտրոնանամ։ Ես էնտեղ շատ բան եմ սովորել, օրինակ սովորեցի գինու բաժակը բռնելու էսթետիկան։ Ամենասիրուն պահը, երբ Ալեքսանդրայի հետ (Լեհ ընկերուհիս) գնում էինք ինչ-որ տեղ, պարտադիր առաջարկում էր` միգուցե ուզում եմ փորձել ուտելիքից, դե ես «Չէէէ, լավա», բայց հենց հենց ես էի փոխադարձ առաջարկում, ինքը մեծ ոգևորությամբ փորձում էր (առանց զզվելու)։ Չգիտեմ որտեղ եմ կարդացել, գրված էր մոտավոր` «Յուրաքանչյուրը ճամփորդելուց առաջ պետք է ֆիքսի իր հատկանիշները, որովհետև ճամփորդելուց հետո մենք փոխվում ենք»։ Ու էդպես էր նաև իմ դեպքում, ես էնտեղ ճանաչեցի ինքս ինձ, իմ տեսակը, հնարավորությունները։ Ու հիմա շնորհակալ եմ իմ համալսարանին (ԵՊԼՀ-ին), DAAD-ին, տիեզերքին ու էն սիրուն մարդկանց, ովքեր կողքիս էին ամբողջ ընթացքում։ Իմ կյանքի կատարյալ և ամենգոհ շրջանն էր էս հատվածը։ Եվ ես միայն մեկ բան եմ ցանկանում, որ էս ամենը էլի կրկնվի։

Թագուհի Չախոյան

Comments(0)

Leave a Comment