Գերմաներենը բժիշկների համար

Այս հոդվածը հավանաբար ավելի շատ օգտակար կլինի բժիշկ կոլեգաներիս համար, բայց կհետաքրքրի գերմաներենով հետքրքրվողներին նույնպես։ Պատճառները շատ են, թե ինչի սկսեցի ուսումնասիրել գերմաներենը․ հնարավոր կդառնար աշխատել որպես բժիշկ աշխարհում լավագույն առողջապահություն ունեցող երկրներից մեկում, բարձրացնել մասնագիտական կարողություններս, առաջ շարժվել կարիերայում, վերջապես ավելի լավ կվաստակեի և այսպես շարունակ։

Լեզուն սկսել եմ սովորել ինքնուրույն։ Այո, դա հնարավոր է, բայց պետք է ունենալ լավ գրականություն (օգտվել եմ PONS հրատարակչության սկսնակների համար նախատեսված ինքնուրույն ուսուցման ձեռնարկից)։
Արդեն A2 մակարդակի սկզբից հասկացա, որ օգնող է պետք։ Շարունակեցի դասախոսի հետ։ Նրա առաջարկով սկսեցինք պարապել Erkundungen/Begegnungen հայտնի դասագրքերով ու քերականության այլ ձեռնարկներով։

Հաջողությամբ B2 քննությունը հանձնելուց հետո (1-ին փորձից)))) սկսվեց լեզվի հաղթահարման մյուս փուլը․ հիմա էլ բժշկական գերմաներեն, առանց որի պարզ է՝ անհնար է։ Այստեղ նշեմ, որ դասախոսիս և իմ ընդհանուր որոշմամբ մշակեցինք ինձ համապատասխան ծրագիր։ Ամենասկզբում օգտվել ենք „Deutsch für Mediziner“ , զուգահեռ „Deutsch im Krankenhaus“ ձեռնարկներով։ Սրանք բժշկական գերմաներենի ամենահիմնական գիտելիքներ ապահովող գրքերն էին, որոնք ավարտելուց հետո անցանք „Deutsch für Ärztinnen und Ärzte“։ Հետաքրքիրն այն էր, որ այս աղբյուրների բառապաշարները իրարից տարբեր են, ինչը շատ լավ է մասնագիտական լեզվում կիրառվող տարբեր արտահայտչաձևերին և ոճերին ծանոթանալու համար։ Այնուհետև օգտագործել ենք ևս 2 աղբյուրներ՝ „Menschen im Beruf“ և „TELC-Medizin B2-C1“։ Վերջին երկուսը, ըստ իս,  փոքր-ինչ բարդ էին մնացածի համեմատ։

Վստահ եմ՝ տարօրինակ, նույնիսկ վախեցնող է. ինչու այսքան շատ գրքեր ու աղբյուրներ։ Բայց ասեմ՝ այսկերպ շոշափելի լեզվական գիտելիքներ են ձեռք բերվում։ Ու նորից եզրահանգում ես այն մտքին, որ այդքան տարբեր գրականություն քրքրելուց հետո էլի նոր բաներ կան սովորելու։
Միայն տքնաջան աշխատանքի շնորհիվ մի օր զգում ես, որ առանց մեծ ջանքերի հասկանում ես կարդացածդ մասնագիտական գրականությունը, կամ էլ գերմանական լուրերով առաջին ձեռքից ստանում ես ՌոբերտԿոխ ինստիտուտի օրական թարմացումները COVID-19-ի մասին։
Ելնելով համեստ փորձիցս խորհուրդ կտամ օրվա ընթացքում անընդհատ «բզբզալ»՝ ֆիլմեր, հաղորդումներ նայելով, տարբեր նյութեր կարդալով, գերմաներենով լուրերի տակ քնելով։ Իրոք շատ է օգնում։ Viel Spaß beim Lernen!

Սիրով՝ Հայրո Գրիգորյան

Comments(0)

Leave a Comment