Ի՞նչ կասեր սեղանը, եթե խոսել իմանար։
Գուցե տարօրինակ հարց է, բայց պարզվում է, որ կախված նրանից, թե ինչ լեզվով ես խոսում, քո պատասխանը շատ յուրահատուկ կարող է լինել։ Օրինակ` իսպանացիներն ու ֆրանսիացիները կարծում են, որ սեղանը կխոսեր կանանց վերաբերող թեմաներից, որովհետև այդ լեզուներում «սեղան» բառը իգական սեռին է պատկանում։ Բնական է՝ հայերենի դեպքում գուցե հստակ արտահայտված յուրահատկություններ չլինեին, ու մեր պատասխանները հիմնված լինեին միայն երևակայության վրա, բայց մի բան հստակ է՝ լեզուները մեծ ազդեցություն ունեն մեր աշխարհայացքի վրա։
Մենք շարունակ լսում ենք օտար լեզուներ սովորելու անհրաժեշտության մասին։ Եվ հիմնականում այդ բոլոր անհրաժեշտությունները կապված են աշխատանք գտնելու, ուսման, ավելի մեծ հաջողությունների հասնելու հետ։ Բայց այդ բոլոր գրեթե ակնհայտ պատճառների կողքին կան նաև ավելի հետաքրքիր, երբեմն թաքնված ու կարևոր պատճառներ։ Այսօր կպատմեմ այն ամենի մասին, հանուն ինչի արժե սովորել այս լեզուներից գոնե մեկ-երկուսը։
Ֆրանսիական ռեստորաններ, նորաձևություն ու կատակերգություններ
Էյֆելյան աշտարակ, Կլոդ Մոնե ու հաղթական կամար։ Իսկ ի՞նչ է քո մտքով անցնում, երբ ասում են Ֆրանսիա… Ես առաջինը հիշում եմ Էդիթ Պիաֆին։ Համաձայնվեք, որ միայն նրա երգերը հասկանալու ու երգելու համար արժեր ֆրանսերեն սովորել։ Այնուամենայնիվ, այս լեզուն սովորելու մի շարք այլ պատճառներ էլ կան, օրինակ՝աշխատել ֆրանսիական ռեստորաններից մեկում, դառնալ ֆրանսիական նորաձևության աստղերից մեկը, ինչպիսին Կոկո Շանելն էր, կամ պարզապես քայլել Փարիզի կամ Լիոնի փողոցներով ու խոսել ֆրանսիացիների հետ իրենց մայրենիով։
Ֆրանսերեն սովորելու հաջորդ պատճառը ֆրանսիական ֆիլմերն են, հատկապես կատակերգությունները։ Ճիշտ է, դրանք թարգմանվում են, բայց ամբողջովին հասկանալու ու մի լավ ծիծաղելու համար կարիք կլինի նաև դրանք բնօրինակով դիտել։ Ֆրանսերեն կարող ես սովորել նաև, եթե շատ ես սիրում արվեստ ու գրականություն, չէ որ հայտնի գրողներ Կամյուն, Բալզակը, Սարտրը ստեղծագործել են հենց այս լեզվով։Բացի հայտնի գրողների մայրենին լինելուց, ֆրանսերենը նաև սիրո լեզուն է, ու երևի չկան ավելի գեղեցիկ բառեր, քան je t’aime, ma belle.
Գերմանական գարեջրի փառատոններ ու անվճար կրթություն
Եթե ինձ հարցնեն, թե ինչու է անհրաժեշտ գերմաներեն սովորել, առաջին բանը, որ ես կնշեմ, Գերմանիայի համալսարաններն են, որտեղ կարելի է բարձրորակ կրթություն ստանալ՝ առանց դրա համար վճարելու։ Գերմաներեն սովորելու համար երևի ավելի լավ պատճառ չէր էլ կարող լինել, բայց գարեջրի ու խենթ փառատոնների սիրահարները պարտադիր պիտի ծանոթանան գերմաներենին, որպեսզի լիարժեք ընդգրկվեն այս երկրի արագ ռիթմի մեջ ու մասնակցեն այնպիսի տոնակատարությունների, ինչպիսին Oktoberfest-ն է։ Գերմանիան հյուրընկալ է նաև տարբեր ոճի երաժշտասերների համար։ Սկսած Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգներից մինչև տեխնո երաժշտության գիշերներ՝ ոչ ոք առանց ռիթմերի չի հեռանա այստեղից։ Իսկ ռիթմերը լիարժեք զգալու համար անհրաժեշտ է հասկանալ նաև գերմաներենի երկար, բայց իրականում շատ գեղեցիկ արտասանություն ունեցող բառերը, ինչպիսին օրինակ՝ Wanderlust-ն է, որը նշանակում է սեր ճանապարհորդությունների հանդեպ։
Իսպանական ֆուտբոլ ու ֆիեստաներ
Իսպաներենը ամենագեղեցիկ լեզուներից է, և հաշվի առնելով դրա նմանությունները անգլերենի հետ՝ այն շատ հեշտ է սովորել։ Իսպաներեն սովորելու իմ ամենամեծ դրդապատճառը իսպանական ֆուտբոլի մասին հոդվածներ կարդալը ու ֆուտբոլային կյանքին հետևելն էր։ Սպորտային լրագրող դառնալու և իսպանական ֆուտբոլը խոշորագույն առաջնությունների ժամանակ մեկնաբանելու երազանքին հասնելու համար, դա թերևս ամենակարևոր քայլերից էր, որ պիտի անեի։ Բայց սպորտը այս երկրով հետաքրքրվելու միակ պատճառը չէ։Իսպանիայում հայտնվելու ու խենթ ֆիեստաներին մասնակցելու համար ևս արժե սովորել այս լեզուն։ Մի պահ ուղղակի պատկերացրու մեկ շաբաթյա տոնակատարություն, պարեր, անսպառ քանակությամբ սանգրիա, գինի և իսպանական ուտեստներ։
Եթե ֆուտբոլն ու տոները քեզ չեն գայթակղում, ապա մի շտապիր որոշում կայացնել։ Իսպանիան հեշտ բաց չի թողնի նաև արվեստի սիրահարներին։ Պաբլո Պիկասոն, Սալվադոր Դալին, Գոյան ամենահայտնի գեղանկարիչներից են ու նրանց արվեստը լիովին ընկալելու համար, կարծում եմ, պիտի գոնե մի փոքր տիրապետես նաև նրանց մայրենիին։
Ռուսական մշակույթ՝ կինո ու գրականություն
Պուշկին, Դոստոևսկի, Տոլստոյ, Եսենին… այս անուններն արդեն ամեն ինչ ասում են ռուսերեն իմանալու անհրաժեշտության մասին։ Վերջին տարիներին ռուսերենը շատ է զիջել դիրքերը անգլերենին։ Բայց չմոռանանք, որ այն մոլորակի խոշորագույն պետության և հզորագույն երկրներից մեկի մայրենին է։ Ռուսերեն սովորելը կարող է դժվար թվալ, և դա բնական է, եթե հաշվի առնենք, որ այն 6 հոլով ունի, բայց մեծ ցանկության դեպքում դա այնքան էլ դժվար չէ։ Ռուսերեն սովորելու ամենամեծ պատճառը ռուսական մշակույթն է, եթե անգամ գրականության մեծ սիրահար չես, ֆիլմեր դիտել հաստատ սիրում ես, ուրեմն կասկածի տեղ չկա, որ պիտի սկսես ռուսերենի դասերը։
Անգլիական թեյ, թագավորական ընտանիք ու մեղմ կլիմա Կամ ամերիկյան երազանք
Իսկ կա մի մարդ, որ չգիտի անգլերեն սովորելու կարևորության մասին։ Եթե դա դու ես, ուրեմն կարդա անգլերեն սովորելու 5 ամենակարևոր պատճառների մասին։ Բայց վստահ եմ, մեզնից շատերը արդեն համոզվել են, որ անգլերենի իմացությունը պարզապես պարտադիր է, եթե մեծ ձգտումներ ու նպատակներ ունենք։ Ես նաև շատ եմ սիրում անգլերենը, որովհետև այն իմ ամենասիրելի երկրներից մեկի՝ Անգլիայի մայրենին է։Նրանք, ովքեր ինձ նման պաշտում են մեղմ անձրևային կլիման, անգլիական թեյն ու թխվածքաբլիթները, հաստատ գիտեն անգլերեն իմանալու արժեքը։ Ժամանակակից ռիթմիկ կյանքի սիրահարները, որոնք ամերիկյան երազանք ունեն, ևս հասկանում են անգլերենի կարևորության մասին, պարզապես այստեղ ընտրությունը մեկ այլ տեղում է՝ ամերիկյան, թե բրիտանական անգլերեն։
Պատմիր ինձ, թե որ լեզուն ես ցանկանում սովորել ու ինչու՝ միանալով մեր ֆեյսբուքյան խմբին ՝ #Tutor_Language_Learners_Club
Մինչ այդ, կարդա նաև մյուս հոդվածները՝
5 ֆիլմ անգլերեն սովորելու համար
Լեզուներ սովորելու լավագույն ուղին՝ Course.am
Ինչպես անգլերենը կօգնի քեզ աշխատանք գտնել
Leave a Comment