Լեզու սովորելու ամենագրավիչ միջոցը՝ couchsurfing

Ուզու՞մ ես շատ ճանապարհորդել ու նոր մարդկանց հետ ծանոթանալ, ուրեմն այս հոդվածը քեզ համար է։ Այժմ կպատմեմ couchsurfing-ի, նրա առավելությունների, թերությունների ու ոչ միայնի մասին։ Հավանաբար լսել ես couchsurfing բառը, բայց առիթ չես ունեցել հյուր ընդունելու կամ ինքդ հյուր դառնալու։ Դա այն երևույթն է, երբ դու գնում ես ուրիշ երկիր ու չես գիշերում հյուրանոցում կամ հոսթելում, այլ՝ մեկի տանը, ով քեզ անվճար սենյակ է տրամադրում մի որոշ ժամանակ ապրելու համար։ Այն նախատեսված է նրանց համար, ովքեր սիրում են նոր ծանոթներ ու ընկերներ ձեռք բերել, կատարելագործել իրենց լեզվական գիտելիքները և ովքեր ունեն ճանապարհորդելու մեծ ցանկություն ու ժամանակ, բայց ոչ բավարար միջոցներ։ Հետևաբար պետք է նաև հասկանանք, որ այն զուտ գումար խնայելու միջոց չէ։

Couchsurfing-ը մեզ հնարավորություն է տալիս,  որ դառնանք հյուրընկալողի, այսինքն՝ couch-ի առօրյայի մի մասը ու, եթե արդեն որոշել ես կամ ուզում ես couchsurfing-ով գնալ ինչ-որ երկիր, ապա անպայման բացիր հաշիվ տարբեր կայքերում (օրինակ՝couchsurfing.com), որոնք զբաղվում են couchsurfing-ի կազմակերպմամբ, վստահելի են ու նշիր համապատասխան ինֆորմացիան, թե որ քաղաքն ես այցելում, ում մոտ կուզեիր ապրել՝ տարիք, սեռ և ահա համակարգը կգտնի համապատասխան մարդկանց։ Եթե ամեն ինչ համընկնում է, ու գտել ես մի քանի տարբերակ, ապա ժամանակն է ուսումնասիրելու նրանց նկարներն, ինֆորմացիան ու անձնական նամակով գրելու, որ ավելի լավ հասկանաս՝ կկարողանայիր մնալ նրանցից ինչ-որ մեկի տանը ու ապրել նրա կողքին մի որոշ ժամանակ, թե ոչ։ Ուսումնասիրիր նրա հետաքրքրություններն ու հասկացիր՝ արդյոք նա լավ տպավորություն է թողնում քեզ վրա, արդյոք կկարողանայիր նրա ներկայությամբ քեզ հանգիստ ու ազատ զգալ։ Եթե նրա հետ խոսելիս կամ նկարներից ինչ-որ անհանգիստ ու տհաճ զգացողություն ես ունենում, լավ կլինի ուղղակի մեկ ուրիշին փնտրես։

Լավ կլինի couch-ին նախապես ասես, թե որ օրը ու որ ժամին կժամանես։ Գտիր կամ նրանից իմացիր օդանավակայանից տուն հասնելու բոլոր ուղիները։ Հնարավոր է ինքն էլ պատրաստակամություն ցուցաբերի քեզ օդանավակայանից դիմավորելու ու անձամբ տուն հասցնի։ Իհարկե սա ամենալավ տարբերակն է, բայց միշտ չէ, որ նա կկարողանա քեզ դիմավորել։ Ես ինքս էլ եղել եմ couch ու դիմավորել եմ իմ հյուրին, որ Գերմանիայից էր ու նախքան գալը, ինձանից ուզում էր իմանալ իմ տուն հասնելու հնարավոր տարբերակները։ Բայց նա չէր սպասում դեպքերի նման զարգացմանը. օդանավակայանում դիմավորեցի նրան, քանի որ ունեի թռիչքի տվյալները ու ուզում էի, որ առաջին տպավորություններն իսկ շատ լավը լինեն։

Մի բան պետք է հաշվի առնես։ Շատ լավ կլինի եթե ցանկացած իրավիճակում ելքը գտնելու կարողություն ունենաս ու ճկուն լինես նաև շփման մեջ, քանի որ ապրելով ուրիշ մարդու տանը՝ պետք է քեզ հնարավորինս ազատ, բայց և չափավոր պահես։ Շատ լավ կլինի, որ հաշվի նստես տանը արդեն առկա «օրենքների» ու նրա՝ որպես անձ, պահանջ/խնդրանքների հետ։ Մի մոռացիր՝ դու հյուր ես։ Հնարավոր է նույնիսկ, որ քեզ խնդրի տունը լքել իր հետ միասին, ինչը կարելի է հասկանալ։ Հնարավոր է վատ փորձառություն է ունեցել նախորդ հյուրի հետ ու հիմա ավելի զգուշավոր է։ Պետք չէ նեղանալ, կամ մտածել, որ անվստահություն է ցուցաբերում քո նկատմամբ։ Ի վերջո՝ անծանոթ եք։ Բայց ընկերանալով նրա հետ՝ կունենաս անձնական գիդ-էքսկուրսավար, որը քեզ ցույց կտա ոչ միայն տեսարժան վայրերն ու կգա քեզ հետ, այլև խորհուրդ կտա, թե որտեղ կարող ես ծանոթանալ ուրիշ արտասահմանցիների հետ, որ թատրոն կամ կինոթատրոն գնաս, որ սրճարաններն ու փաբերն են մյուսներից առանձնանում, որ խանութից օգտվես առօրյա գնումներ կատարելիս ու ինչ տրանսպորտային միջոցներից օգտվես քաղաքում կամ քաղաքից դուրս գնալիս։ Մի խոսքով՝ ձեռք կբերես անձնական խորհրդատու, որը կլինի քո կողքին դժվար պահերին։ Բայց էլի կրկնեմ, եթե զգում ես, որ սկսում ես նյարդայնացնել նրան կամ  couch-դ այդքան էլ չի սիրում շատ խոսել՝ փոխիր մոտեցումդ։

Շատերը ասում են, որ couchsurfing-ը անապահով է ճանապարհորդելու համար՝ կարող են գողանալ գումարդ, տեխնիկադ կամ թե ֆիզիկական վնաս հասցնել։ Այդպիսի դեպքեր կարող են լինել ցանկացած ճանապարհորդության ժամանակ, սկզբում կամ վերջում։ Միշտ պետք է լինել զգոն ու չկորցնել ուշիմությունը։ Couchsurfing-ը եզակի հնարավորություն է տալիս անընդհատ հաղորդակցվելու այն լեզվով, որը ուսումնասիրում ես, կամ ուզում ես սովորել։ Տանը, խանութում ու նոր ծանոթների հետ խոսելիս կարող ես կիրառել գիտելիքներդ ու մեծացնել բառապաշարդ։ Շատերը նույնիսկ պատրաստ են օրվա մեջ ինչ-որ ժամանակ տրամադրել քեզ նոր բաներ սովորեցնելու ու օգնելու համար։ Իսկ եթե հենց դու ես հյուրընկալողը, ապա քեզ համար քո ճանապարհորդող հյուրը կլինի հաղորդակցման թիրախը, եթե գիտի այն լեզուն, որ երկար ժամանակ չես կիրառել, կամ եթե կուզենայիր լեզուդ միշտ ակտիվ պահել։ Նա էլ քեզ իր մշակույթի հետ կծանոթացնի։ Եթե երկար ժամանակով է եկել, կարելի է նույնիսկ լեզվի ակումբ բացել ու բոլոր հետաքրքրվածներին հրավիրել։ Հանդիպումներ կազմակերպել ու բավականին լավ ժամանակ անցկացնել՝ օգնելով նաև մյուսներին։ Իսկ քո հյուրն էլ հնարավորություն կստանա ծանոթանալու տեղի մարդկանց հետ, ի վերջո, ապրում է մի վայրում, որտեղ մարդիկ իրենից տարբերվում են  լեզվով, մտածելակերպով ու ապրելակերպով։

Հ.Գ.
Չմոռանաս նվերների մասին։ Ժամանելիս՝ քեզ հետ ունեցիր քո երկրից բերված հուշանվեր, շոկոլադ կամ մեկ այլ իր, որը քո կարծիքով couch-դ կհավանի։Գնալիս ևս կարող ես նրան մի բան նվիրել՝ որպես շնորհակալություն, որ այդքան ժամանակ համբերատար է եղել ու օգնել է քեզ։
Ավելի շատ ինֆորմացիա կարող ես ստանալ Tutor German Club ֆեյսբուքյան խմբին հետևելով։

Կարդա նաև այս հոդվածները՝
4 պատճառ գերմաներեն սովորելու համար
Ինչպե՞ս սկսել գերմաներեն սովորել
Որքա՞ն արժե օտար լեզու սովորելը

Comments(0)

Leave a Comment