Ինչպե՞ս կողմնորոշվել իսպաներենի դասընթաց ընտրելիս

Վերջին տարիներին իսպաներենը բավականին լայն տարածում է գտել Հայաստանում. բացվել են բազմաթիվ լեզվի դպրոցներ, որտեղ դասավանդվում է իսպաներեն։ Այս բազմազանության մեջ դժվար է կողմնորոշվել ու  ճիշտ ընտրություն կայացնել, թե որտեղ սովորել այս լեզուն, իսկ սխալ ընտրություն անելու պարագայում՝ կորցնելու ես ամենաթանկը՝ ժամանակդ։ Այս հոդվածում կփորձեմ նշել մի քանի կարեւոր կետեր, որոնց պետք է ուշադրություն դարձնել իսպաներենի դասընթաց ընտրելիս։

Դասընթացի բովանդակությունը

Հստակ սահմանիր` ինչի համար ես ուզում սովորել լեզուն՝ ուղղակի եւս մեկ լեզվի տիրապետելու նպատակով, հետագայում ուսումդ իսպանախոս երկրում շարունակելու նպատակով, աշխատանքի ընդունվելու համար, թե այլ պատճառով։ Ըստ դրա՝ կկարողանաս ճիշտ ընտրել նաեւ դասընթացը՝ խոսակցական, որտեղ ավելի շատ ուշադրություն է դարձվում բառապաշարին, քան քերականությանը, ընդհանուր իսպաներենի կուրս՝ հիմնովին լեզուն սովորելու համար, ինտենսիվ ծրագիր՝ երբ հստակ մակարդակի հասնելու համար կարճ ժամանակ ունես եւ այլն։

Մակարդակը

Շատ կարեւոր է նաեւ ճիշտ մակարդակի դասընթաց գտնել, հատկապես երբ սկսնակ չես, արդեն ինչ-որ չափով տիրապետում ես լեզվին։ Անպայման մակարդակդ պարզելու թեստ անցիր կամ բանավոր զրուցիր ուսուցչի հետ, նա արդեն կասի, թե որ մակարդակից շարունակես ուսումնառությունդ։ Եթե վաղուց ես իսպաներեն սովորել, գուցե իմաստ ունի նորից անցնել նախորդ մակարդակի կուրսը։ Սխալ մակարդակի խմբում հայտնվելը կարող է դառնալ ժամանակի անիմաստ վատնում։

Եթե ուզում ես իսպաներեն սովորելու մասին մանրամասն տեղեկություններ ստանալ, չմոռանաս միանալ մեր ֆեյսբուքի խմբին՝ Tutor Spanish Learners Club

Ուսուցչի կերպարը

Ուսուցչի կերպարը շատ կարեւոր է, ուսուցիչը պետք է հաճելի լինի քեզ, նրա դասավանդման մեթոդը պետք է ընդունելի լինի քեզ համար, եւ դա շատ սուբյեկտիվ է։ Մեկը կարող է իրեն հարմար զգալ որևէ ուսուցչի հետ, մյուսը՝ ոչ։ Դրա համար կարեւոր է գտնել քեզ համապատասխան մեկին։ Եթե ուսուցիչը կարողանում է մոտիվացնել քեզ, կարողանում էլ քո մեջ սովորելու մեծ ցանկություն արթնացնել ու քեզ համար ընկալելի ձեւով է մատուցում դասը, ուրեմն դու գտել ես նրան։ Սա պարզելու համար կարծում եմ մեկ դասն էլ բավարար է։ Կարելի է ուղղակի մասնակցել փորձնական դասի, սովորաբար լեզվի դպրոցներում հենց այդպես էլ լինում է։

Ուսուցման մեթոդը, դասագրքերն ու հավելյալ նյութերը

Օտար լեզու դասավանդելու բազմաթիվ մեթոդներ կան եւ շատ դժվար է ասել, թե որն է ավելի արդյունավետ։ Կրկին հակված եմ այն մտքին, որ յուրաքանչյուրի հետ պետք է հատուկ մեթոդ մշակել ու կիրառել։ Մեկի համար առավել արդյունավետ կարող է լինել ավանդական Քերականական թարգմանության մեթոդը ( The Grammer Translation Method), որը հիմնված  է գրավոր թարգմանության և ընթերցանության վրա, մյուսի համար Աուդիո – լեզվական մեթոդը (Audio-lingual method), մեթոդի էությունը անընդհատ  լսելն ու կրկնելն է օտար լեզվով ձայնագրությունը (լեզվի ուսուցման մեթոդների մասին առավել ամբողջական կխոսեմ հետագա հոտվածներցս մեկում)։ Բացի կիրառվող մեթոդից, կարեւոր է նաեւ, որ ուսուցիչն ունենա անհատական մոտեցում յուրաքանչյուր աշակերտի հանդեպ։ Բանն այն է, որ  ցանկացած մարդ սովորելու յուրահատուկ մեխանիզմ ունի։ Ըստ այդ մեխանիզմների՝ սովորողները բաժանվում են չորս խմբի՝ մեկը հեշտ է յուրացնում նյութը կարդալով (visual learners), մյուսը՝ լսելով (aural learners), մեկ այլ խումբ նախընտրում է յուրացնել նյութը գրելով (reading/writing learners) եւ վերջինները՝ ինչ-որ գործողություն անելով, օրինակ՝ ձեռքի շարժումեր անելով, քայլելով, ինչ-որ առարկաներ շոշափելով, եւ այլն (kinesthetic learners)։

Շատ կարեւոր է, երբ ուսուցիչը կարողանում է հասկանալ իր աշակերտի տիպը եւ կիրառել հենց այդ աշակերտին հարմար ուսուցման մեթոդ, որի արդյունքում ուսուցումն ավելի արդյունավետ է լինում։ Կան ուսուցիչներ, որոնք շատ լավ կարողանում են համադրել տարբեր մեթոդներ եւ հարմարվել աշակերտի առանձնահատկություններին։ Եթե դու երբեւէ օտար լեզու չես սովորել, քեզ համար դժվար կլինի հասկանալ, թե որ մեթոդն է քեզ համար արդյունավետ։ Դա կհասկանաս ընթացքում, բայց նախնական պատկերացում կազմելու համար կարող ես զրուցել ուսուցչի հետ եւ հասկանալ՝ իր մեթոդը հարմար է քեզ, թե ոչ։ Փորձիր պարզել նաեւ արդյոք ուսուցիչն օգտագործում է հավելյալ նյութեր՝ տեսանյութեր, ֆլիմեր, երգեր, խաղեր դասը ավելի հետաքրքիր դարձնելու համար։

Միջավայրը

Սովորելու գործընթացը ուղիղ կապ ունի ուղեղի գործունեության հետ։ Որպեսզի ուղեղը լավ կատարի իր գործառույթները, կարեւոր է, որ մարդն իրեն հարմարավետ զգա, կարողանա կենտրոնանալ, հանգիստ լինի եւ ոչ մի կողմնակի բանից չլարվի։ Դրա համար կարեւոր է նաեւ միջավայրը։ Դրա համար ուսումնասիրիր լեզվի դպրոցը, պարզիր արդյոք քեզ շեղող ու անհանգստացնող ոչինչ չկա, արդյոք քեզ դուր է գալիս միջավայրը ու հանգիստ ես քեզ զգում այնտեղ, թե ոչ։

Ուզում եմ հոդվածս ավարտել մի քանի ընդհանուր խորհուրդներով։ Նախ երբեք հույսդ մի դիր միայն ուսուցչի վրա, լեզվի դասընթացները դեռ գործի կեսն են։ Անընդհատ պետք է զբաղվել ինքնակրթությամբ. սա, ես կասեի, առանցքային է։ Բարեբախտաբար հիմա կան շատ լավ ու հետաքրքիր միջոցներ ինքնակրթությունը ավելի արդյունավետ դարձնելու համար։ Օգտվիր տարբեր հավելվածներից, որոնք կօգնեն սովորածը ամրապնդել ու վերհիշել ցանկացած հարմար պահի։Եթե ունես հնարավորություն, շփվիր լեզվակիրների հետ, հիմա համացանցը այդ հնարավորությունը տալիս է, իսպաներեն գրքեր կարդա, շատ-շատ լսիր լեզվակիրների խոսքը՝ լինեն ֆիլմեր, երգեր, թե տարբեր ուսուցողական տեսանյութեր։

Չմոռանաս կարդալ նաև մեր մյուս հոդվածները՝

Comments(0)

Leave a Comment