Հաճախ երբ որոշում ես արվեստի ինչ-որ ճյուղ ուսումնասիրել՝ սովորել նկարել, պարել կամ նվագել այս կամ այն երաժշտական գործիքը, բախվում ես մի երևույթի, որ կոչվում է «տաղանդ»։ «Ես չունեմ նկարչական տաղանդ», «ես երաժշտական տաղանդ չունեմ», ու լիքը ուրիշ արտահայտությունների տարափ, որ դու կրկնում ես ինքդ քեզ հանձնվելուց կամ հետ կանգնելուց առաջ։ Հա, իրականում շատ բարդ է ընտրել՝ ինչով զբաղվել, եթե չկա ընգծված տաղանդ, էլ ավելի բարդ է կատարել ընտրություն ու հետ չկանգնել։
Ես սիրում եմ արվեստը իր գրեթե բոլոր դրսևորումներով, բայց ակնհայտ տաղանդ ես չունեմ, դրա համար փորձեցի ու շարունակում եմ փորձել իմ ուժերը այս կամ այն ոլորտում։ Ես զբաղվել եմ նկարչությամբ, երաժշտությամբ, ինչ-որ չափով դերասանությամբ, լուսանկարչությամբ, քանդակով, դիզայնով, պարով և այլն։
Իմ նկարչական ամենաբարդ փորձությունը եղել է երկու ուղիղ զուգահեռ գիծ քաշելը (նույնիսկ քանոնի օգնությամբ)։ Շատ մարդկանց համար պարզ գործողություն, ինձ համար՝ իսկական փորձություն։ 12 տարի նկարչությամբ զբաղվելուց հետո, կարող եմ ասել՝ մասամբ այս փորձությունը ես հաղթահարեցի։
Երաժշտական դպրոց հաճախելու տարիներին պարզվեց, որ երաժշտական լսողությունը և ռիթմի զգացողությունը նույնպես իմ ուժեղ կողմերը չեն, բայց կիթառի դասարանն ավարտելուց հետո, ես իրագործեցի իմ վաղեմի երազանքը` սովորեցի դաշնամուր նվագել։ Հեշտ չէր, շատ ավելի բարդ էր, քան կիթառը, բայց, երբ 7 ամիս նույն ստեղծագործությունը «քանդակելուց» հետո վերջապես նվագեցի (բոլոր հնարավոր ինտերվալները ու չափերը խախտելով), ես ցնծում էի։
Պարը նույնպես բախվեց երաժշտական լսողության և ռիթմի զգացողության բացակայության պատնեշին։ Շատ մեծ դժվարությամբ եմ պատկերացնում՝ ոնց կարելի է ձեռքերը և ոտքերը շարժել միաժամանակ ու երաժշտության ռիթմին համապատասխան, իսկ երբ այդ ամենին միանում է նաև աջի ու ձախի տարբերակումը, ես ընդհանրապես «քարկապ եմ ընկնում»։ Ու այսօր էլ պարը այն պատնեշն է, որ ես դեռ չեմ հաղթահարել։
Ինչո՞ւ եմ այս ամենն ասում. «անտաղանդ» լինելը չի նշանակում, որ դուք չեք կարող նկարել, երգել, պարել և այլն։ Այստեղ հարց է ծագում՝ ինչ կտա ձեզ արվեստի այս կամ այն ճյուղով զբաղվելը։ Նորից օրինակ բերեմ ինձ. չնայած որ ես բավականին անտաղանդ նկարիչ եմ ու շատ հազվադեպ եմ մատիտ կամ վրձին ձեռքս վերցնում, նկարելը ինձ օգնում է կենտրոնանալ կամ ցրվել, կտրվել շրջապատող աշխարհից և մտածել ինչ որ խնդրի մասին։ Նվագելը հանգստացնում է նյարդերը։
Արվեստը հնարավորություն է տալիս ազատվելու կուտակված զգացողություններից՝ լինեն դրանք դրական, թե՝ բացասական։ Եվ ըստ իս՝ ամենակարևորը և որոշիչը հաճույք ստանալն է։ Հա, շատ բարդ է զբաղվել արվեստով, եթե տաղանդ չկա, բայց ինչի՞ համար ես դու զբաղվում արվեստով՝ հանրաճանաչ նկարիչ/երաժշիտ/քանդակագոր/արվեստագետ դառնալու համար, թե կան ուրիշ պատճառներ։ Եթե դու սիրում ես ինչ որ արվեստի տեսակ, դու զբաղվում ես դրանով անկախ ամեն ինչից և առաջին հերթին՝ անկախ տաղանդի բացակայությունից։ Հա, Պիկասո կարող է և չդառնաս, բայց ինքնաարտահայտվել կկարողանաս միշտ։
Չմոռանաս գալ մեր ան«տաղանդ»ների խումբ՝ Arts and Crafts Learners Club
Leave a Comment