Ինչպե՞ս չմոռանալ անգլերենը, կամ English o’clock

Դպրոց, համալսարան, աշխատանք՝ մենք բոլորս ինչ որ նախապես գծագրված կամ սովորության համաձայն ընտրված հունով ենք ապրում։ Այն կազմված է երկուշաբթի-ուրբաթներից, երբեմն ուրբաթ երեկոներից ու հանգստյան մեկ կամ երկու օրից, որոնց ընթացքում այնքան բան ենք պլանավորում անել, որ չենք էլ հասկանում, որ ավելի շատ հոգնեցինք, քան աշխատանքային օրերին։

Ու այս երբեմն կրկնվող, երբեմն խենթ ռիթմի մեջ հաճախ չենք հասցնում անել կարևոր քայլեր, որոնք մեզ իրականում ավելի անհրաժեշտ են։ Ոչ ոք երևի չի մնացել, որ չիմանա, թե օրինակ ինչքան կարևոր է անգլերենի իմացությունը մեր օրերում։ (Դե ես էլ արդեն այնքան շատ եմ գրել այդ մասին), բայց անգլերենը բարելավելը կամ ինչպես ասում են «լեզուն բաց պահելը» դասվում է այդ պետքական, բայց միշտ ականջի հետև գցվող գործերի շարքին։ Այսօր գրել եմ, թե ինչ է պետք անել, որ չշեղվելով մեր տեմպից՝ ոչ միայն իմացածը չմոռանանք, այլև փորձենք բարելավել ունեցած գիտելիքը։

Ուսումնասիրե՞լ դիմացը կանգնած, կամ նստած ուղևորին՝ չէ։ Ավտոբուսային սերեր՝ չէ։ Հեռախոսով խաղ խաղալ՝ չէ (հեռախոսումս խաղ էլ չունեմ, մեկնաբանություններում մի լավ խաղ գրեք)։ Ես հասարակական տրանսպորտում (եթե իհարկե պայմանները թույլատրելի են ։Դ) աշխատում եմ կամ երաժշտություն լսել կամ կարդալ, կամ որ ամենաշատն եմ սիրում, ուսումնասիրել ճանապարհին հանդիպող պաստառները։ Այս ողջ ճանապարհը կարելի է տրամադրել ու մի քանի նոր բառ սովորել։ Օրինակ այսպես՝

Թերթիր բառարանը՝ փոքր բառարաններ ու զրուցարաններ կան, որ կարող ես միշտ պահել պայուսակումդ ու ազատ ժամանակ ուղղակի look through or have a glance on them.

Անծանոթ բառ ես հանդիպել երգի մեջ, կամ ինչ որ մեկի ֆեյսբուքյան ստատուսի մեջ մի հապաղիր՝ Google-իր։

Մի կարճ նյութ կարդա՝ Medium-ում կամ անգլերեն podcast-եր լսիր ճանապարհին։

Մոռանում եմ!!! Հա-հա, ճիշտ կարդացիր՝ հաճախ մոռանում եմ քերականական կանոնների բացատրությունը, բայց չեմ մոռանում, թե ինչպես կիրառել դրանք, ինչպես ճիշտ ու գեղեցիկ կառուցել խոսքը, որովհետև կարդում եմ շատ ու համարում եմ, որ միայն կարդալը կփրկի աշխարհն ու մեր լեզվական գիտելիքը։ Մի ֆիքսվիր կանոնները հիշելու վրա, պարզապես ուշադիր հետևիր, թե ինչպիսի կառույցների ես շատ հանդիպում։

Անգլերեն խոսելը չեմ մոռանում, հատկապես որովհետև անգլերենի ակումբ եմ վարում, որին դու ևս կարող ես մասնակցել։Անգլերենով խոսքը կառուցելուն շատ է օգնում նաև գրավոր խոսքը։ Աշխատանքային նամակներից մինչև անձնական էսսեներ՝ աշխատում եմ գրել նաև անգլերենով։ Երբեմն բարձրաձայն, կամ մտքում մտածում եմ անգլերենով, դե պատկերացրու, թե ինչ լավ եմ խոսում այդ ժամանակ։ Շատ կարևոր է նաև լեզվակիրների հետ շփումը, որոնց կգտնես թե սոցիալական ցանցերում, թե տարբեր ծրագրերի մասնակցելիս։ 

  1. Աշխատանքային կամ այլ նշումներ արա անգլերենով,
  2. Անգլերենով կազմիր գնումների ցուցակը ու ընթացքում անպայման գտիր մթերքի ու իրերի նոր անուններ,
  3. Ամեն օր մի նոր բառ սովորիր,
  4. Ընդմիջմանը գոնե մի քանի րոպե տևողությամբ հոլովակ նայիր,
  5. Երեկոյան հեռուստացույցով դիտիր բրիտանական ու ամերիկյան ալիքներ, իսկ եթե երեխաներ ունես, որոնք շատ են սիրում մուլտֆիլմեր նայել, դու էլ միացիր նրանց ու կտեսնես, թե որքան նոր բառ կսովորես,
  6. Եթե լուրերին հետևում ես, նայիր BBC-ի CNN կամ The New York Times,
  7. Սառնարանին փակցրու նոր սովորած բառերը, այդպես ամեն անգամ սառնարանի դուռը բացելիս նորից կկարդաս այն,
  8. Շուրջդ նայելիս փորձիր իրերը անվանել անգլերենով ու տես, թե որ բառը չգիտես,
  9. Հետևիր ինստագրամի այնպիսի էջերի, որտեղ բովանդակությունը անգլերենով է։ 
  10. Իսկ տասներորդ, քո մշակած քայլը դու ասա ինձ մեր խմբում՝ English Learners Club-ում։

Հ.գ. Հատկապես օգտակար է հումորային էջերի հետևելը, չէ որ լեզվին լավ տիրապետելու չափանիշներից մեկն այն է, երբ հասկանում ես այդ լեզվով արված կատակը։ 

Չմոռանաս կարդալ նաև այս հոդվածները՝
Հնարավո՞ր է միայնակ օտար լեզու սովորել
Ինչպե՞ս անգլերենը կհարստացնի քեզ

Comments(0)

Leave a Comment