«Թող շփվի գերմանացիների հետ, իմանա դիսցիպլինան ինչ բան է»։ Մանկությունիցս մնացած արտահայտություններից է, որ մեր ընտանիքի ընկերներից մեկը ասաց, երբ իմացավ, որ գնալու եմ գերմանական թեքումով դպրոց։ Այն մեր տնից բավականին հեռու էր, իսկ այդ տարիներին տրանսպորտը մեղմ ասած լավ չէր աշխատում։ Բայց որպեսզի չսովորեմ տնակում, մերոնք ինձ ուղարկեցին այդ դպրոց։ Տարիներ անցան ու միայն այդ ժամանակ հասկացանք, որ այդ քարաշեն դպրոցը ոչ միայն տաք է, այլև այնտեղ ապահովում են բարձրորակ կրթություն։ Մի խոսքով իմ պատմությունը սկսվել է տնակում սովորել չուզելու ձգտումից։
Իսկ այժմ գանք մեր ժամնակներ ու չմոռանամ հստակեցնել թե ինչ է PASCH-ը։ Հապավումը բացվում է այսպես՝ Schulen:Partner der Zukunft (Դպրոցներ՝ ապագայի գործընկերներ)։
Գերմաներեն գիտես՝ մարդ ես?!
Բազմիցս արդեն նշել եմ թե ինչ հնարավորություններ է օտար լեզուն բացում մեր առաջ։ Հայաստանում մեծ պահանջարկ ունեն անգլերենը, ֆրանսերենը, գերմաներենը, իսպաներենը, ռուսերենն ու չինարենը։ Պատճառները տարբեր են։ Շատերն ասում են միայն անգլերեն իմանամ հերիք է, բայց օրինակ Գերմանիայում սովորելու համար հաճախ գերմաներենի գոնե տարրական գիտելիքները պարտադիր են, էլ չասեմ, որ ապրելու համար էլ առօրյա կյանքում կբախվեք խնդիրների, եթե չիմանաք գերմաներեն։ Հայաստանում կան մի քանի PASCH դպրոցներ։ Այսինքն այդ տարիների ընթացքում դպրոցը համալրվում է համապատասխան տեխնիկայով, գույքով ու ուսման համար անհրաժեշտ նյութերով։ Կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ ու որ երևի թե ամենակարևորն է՝ երեխաներին տալիս են հնարավորություն գնալ գերմանախոս երկիր ու զարգացնել իրենց լեզվական հմտությունները, տեսնել նոր մշակույթ, ձևավորել այլ աշխարհընկալում, ունենալ նոր պատկերացումներ ու ձգտումներ։
Աշխարհը՝ոտքիդ տակ
Ցանկացած հայ ունի ճամփորդելու ավիտամինոզ։ Աշխահրագրական դիրքը ցավոք խոչընդոտ է դարձել ճանապարհորդել սիրողների համար։ Հասարակությունն ու մտծելակերպը աննկարագրելի փոխվում ու թարմանում են այս պրոցեսում, երբ անընդհատ նոր մարդկանց հետ ես ծանոթանում, նոր ավանդույթներ ու ինֆորմացիա ես ստանում մեկից, ով քեզ նման չի, չգիտի քո երկրի նիստն ու կացը։ Դպրոցն ավարտելուց հետո ես համարվեցի PASCH-Alumna, այսինքն գործընկեր դպրոցների շրջանավարտ ու ունեմ մի շարք առավելություններ։ Ամեն տարի Գերմանիայում և հետսովետական երկրներում կազմակերպվում են շրջանավարտների հանդիպումներ ու ֆորումներ, որոնց միայն նմանատիպ դպրոցների շրջանավարտներն իրավունք ունեն մասնակցելու։ Նախորդ տարիներին մասնակցել եմ Օդեսսայում և Մինսկում տեղի ունեցած հանդիպում-ֆորումներին, իսկ այս տարի արդեն որպես խոսնակ գնացի Թբիլիսի։
Այս ամենը իհարկե շատ հաճելի է ու թվում է հեշտ իրականանալի, բայց մասնակիցներից մեծ ջանք ու եռանդ է պահանջվում այս ամենին հասնելու համար։
Ասածս ինչ է։ Երեխաներին ճիշտ դաստիարակեք ու օգնեք լավ կրթություն ստանալու հարցում, չէ որ ընտրելով դպրոց երեխայի համար, դուք որոշում եք թե նա ինչ մարդ կդառնա։ Ընտրելով դպրոցը ընտրում եք երեխայի ապագան։
Leave a Comment