Տարիներ, շատ տարիներ առաջ ինչպես պատմում են մարդիկ, կային 2 եղբայրներ՝ UI-ը և UX-ը, ում մասին բազմաթիվ լեգենդներ ու ասեկոսեներ են մնացել մեր կյանքում։ Շատերն ասում են թե UI-ը և UX-ը նույն մարդն էին։ Ոմանք պնդում են, որ նրանց նույնիսկ տարբերել չէր լինում։ Այստեղ և հիմա ես ձեզ կպատմեմ UI-ի և UX-ի ճշմարիտ պատմությունը։
Բայց մինչ այդ խորհուրդ կտամ միանալ մեր խմբին՝ Arts and Crafts Learners Club-ին։
UI և UX հեքիաթների աշխարհում
UI-ը և UX-ը եղբայրներ էին, որոնք ամբողջ համացանցի աշխարհով հայտնի էին իրենց սխրանքներով։ Մեծ եղբայրը՝ UI-ը կառուցում էր գեղեցիկ քաղաքներ*, այնտեղ, որտեղ նա հայտնվում էր, քաղաքը սկսում էր ծաղկել ու փարթամանալ։ Մարդիկ շատ էին հավանում այն ամենը, ինչ եղբայը կառուցում էր։ UX-ը նրա կրտսեր եղբայրը հայտնի էր իր կարեկցությամբ։ Մարդիկ գալիս էին նրա մոտ և պատմում իրենց կյանքը՝ խորհուրդներ ու լուծումներ ստանալու նպատակով։ Հաճախ նա օգնում էր UI-ին և միասին նրանք իսկականից սքանչելի աշխատանքներ էին ստեղծում։ Ժամանակի ընթացքում մարդիկ այնքան էին սովորել նրանց, որ սկսել էին ընդհանրապես չտարբերակել եղբայրնեին, նրանց գործառույթները և կամաց-կամաց մոռանալ նրանց տարբերությունը։
Կամ էլ ամեն ինչ իրականում լրիվ այլ ընթացք է ունեցել ու UI-ը մեծ չարագործ էր, որին պետք է հաղթեր UX-ը՝ մեր սրտի հերոսը։ Հիմա մեկն էլ կհարցնի.
-Իսկ միգուցե UI-ը բարի կախա՞րդ էր, իսկ UX-ը՝ գիտնակա՞ն։
Չգիտեմ, հեչ չգիտեմ։ Մի խոսքով հեքիաթի վերջը մտածել չեմ կարողանում ։Դ Դուք մի բան բստրեք։
*քաղաք-կայք
UI/UX-ը իրական աշխարհում
Եկեք մի քիչ լրջանանք ու ավելի մանրամասն պատմեմ նրանց մասին։
UI-ը (user interface) և UX-ը (user experience) հաճախ ներկայացվում են անբաժան, բայց իրականում նրանք բավականին տարբեր են։ Շատ պարզ նկարագրեմ. UI-ն այն ճանապարհն է, որով մենք գնում ենք դեպի նպատակակետը, իսկ UX-ն այն զգացողությունն է, որը մենք ունենում ենք տեղ հասնելիս։ Ոնց որ վերջապես փոքր կոշիկները հանես հագիցդ տուն հասնելուց հետո։ Մենք բոլորս էլ օգտվում ենք այս կամ այն կայքից, համակարգչից, ունենք հեռախոսներ ու կամա, թե ակամա միշտ բախվում ենք հենց այս երկու հասկացություններին։
- UI-ը (user interface) վերաբերվում է հավելվածի, կայքի կամ խաղի արտաքին տեսքին. որտեղ լինի տեքստը, որտեղ համապատասխան հղումները և այլն։ Կարճ ասած՝ այն ամենը, ինչ վերաբերվում է կայքի արտաքին տեսքին։ Փաստացի ներկայումս UI-ը ավելի ու ավելի հաճախ դիտարկվում է որպես UX-ի գործընթացի մի մասը, քանի որ ներկայացնում է վերջինի հենց բուն դիզայներական մասը։
- UX-ը (user experience) իր հերթին այդքան էլ դիզայն չէ, այն պահանջում է հիմնարար գիտելիքներ սոցիոլոգիայից, հոգեբանությունից, ինչպես նաև անալիտիկ մտածելակերպ և իհարկե շուկայի և օգտատերերի հստակ սեգմենտի գիտակցում, շփման փորձ։ Մի խոսքով գործ ունի պահանջարկի, խնդիրների և ֆունկցիոնալության հետ։
Նախ UI-ը և UX-ը միասին շատ լավ են աշխատում, քանի որ UX-ը վերահսկում և ինչ-որ չափով կարգավորում է UI-ի աշխատանքը։
Հարց է ծագում. որտեղի՞ց է եկել այն կարծիքը, թե UI=UX կամ ով է UI/UX դիզայները՝ այդ անհասկանալի արարածը։ Չէ, իհարկե հնարավոր է, որ նույն մարդը անի 2 գործն էլ, բայց այստեղ մի փոքր, շաատ փոքր խնդիր է առաջանում։ UI-ն էլ, UX-ն էլ պահանջում են բավականին տարբեր մասնագիտացումներ և իհարկե գիտելիքներ։
Առանձին-առանձին կարելի է գտնել շատ չքնաղ օրինակներ։ UI-ի համար կարող է օրինակ ծառայել Medium-ը և Mailchimp-ը: UX-ի լավագույն օրինակներից մեկն է Google-ը, քանի որ հենց իր իսկ հիմնավորմամբ՝ մարդը, ով օգտագործում է իրենց կայքը, առաջին հերթին ուզում է իր հարցից առաջ պատասխանն իմանալ։ UX/UI-ի համադրության լավ օրինակ է Airbnb-ն։
Leave a Comment