Կարդոնի ուժը. Գերբնական դիպլոմ

«Ծաղկակաղամբը բարձրագույն կրթություն ստացած կաղամբն է» 

Կարելի է անվերջ թվել, թե ինչ մեծ, համակարգային, լուրջ խնդիրներ ունի մեր պետական բուհական համակարգը` թե՛ ուսանողի տեսնկյունից, թե՛՝ աշխատաշուկայի։ Երբեմն թվում է, որ մեր համալսարանները Մարսից են, իսկ աշխատաշուկայի պահանջները՝ Վեներայից, ու մենք, Երկրի վրա գտնվելով, մեծ դժվարություն ունենք առաջինի ու երկրորդի փոխկապակցվածության հետ։ 

«Օժիտի=դիպլոմ» և «դիպլոմ=լավ վարձատրվող+մասնագիտական+աշխատանք» բանաձևերը  արդեն մի 10 տարի է չեն աշխատում մեր իրականության մեջ։ Եթե մենք օրինակ ապրեինք Անգլիայում, որտեղ դիպլոմները կախում են պատերին, ես կասեի, որ մեր այդ «ստվարաթղթի կտորները» դեռ ինչ որ բանի համար պետք են։ Իմ բոլոր 3 դիպլոմները ստանալուց հետո պաշտոնապես հանձնվել են հորս, և այլևս դրանց գոյությունը իմ կյանքում մեծ փոփոխություններ չի մտցրել։ 

Մի անգամ դասախոսներիցս մեկը ասաց, որ իրենք մեզ միայն այբուբեն են սովորեցնում, ոչ թե՝ բառակազմություն։ Ըստ իս շատ սխալ մոտեցում է բարձրագույն կրթության դեպքում։ Բարձրագույն կրթությունը պետք է լինի մասնագիտական կայացման տարրական դպրոց, որտեղ այդ բոլոր կարևոր, մինիմալ գիտելիքները կտան, ոչ թե այբուբեն սովորեցնող հաստատություն մեծ հարցադրամամբ՝ «արդյո՞ք քեզ ինչ որ բան սովորեցնելու են, թե դու ինքդ ես սովորելու»։ Մեծ մասամբ բուհում սովորելը այսպիսի տեսք ունի՝ «այբուբեն տվեցին ձեռքդ, մի երկու տառ ցույց տվեցին, մնացածում գլուխ հանիր ոնց ուզում ես»։ 

Այդ դեպքում հարց է ծագում՝ ինչո՞ւ թողնելով ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած բոլոր հնարավորությունները՝ պետք է գնալ բուհ, և անպայման ստանալ բուհական «ստվարաթուղթ»։ Հնարավորությունները իսկապես շատ են՝ սկսած աշխարհի լավագույն համասարանների լավագույն դասախոսություններից, որոնք հանգիստ կարող ես առցանց լսել, վերջացրած՝ համապատասխան դասընթացների առկայությամբ՝ թե՛ համալսարանական, թե՛ առանձին կազմակերպություններից։ Պարղապես «ընտրի՛ր, վճարի՛ր, սովորի՛ր», որոշները նույնիսկ կտան հավաստագիր, որ Դուք նմանատիպ դասընթաց եք անցել։ 

Այ այստեղ գործում է 2 մեծ ֆակտոր։ Առաջինը, որ աշխատատուի համար դիպլոմը նշան է, որ գոնե այբուբենին Դուք քչից-շատից ծանոթ եք։ Ու եթե ցանկություն էլ ունեք սովորելու, ապա Ձեզ կարելի է հնարավորություն տալ։ Երկրորդը՝ բուհական դիպլոմը պարտադրանք է հիմնականում և միայն սկսնակների համար։ Մի 2-5 տարի նույն ոլորտում աշխատելուց հետո դիպլոմին արդեն շատ չեն էլ նայում։

Մի խոսքով «ստվարաթուղթը, կամ ինչպես ավելի ճիշտ կլիներ ասել՝ գարդոնը» Հայաստանում դեռ ունի գերբնական ուժեր…

Comments(0)

Leave a Comment