Ինչպե՞ս օպտիմիզացնել դասընթացի էջի բովանդակությունը

Լեզվի դպրոցի ուսանողների թիվը մեծացնելու և դասընթացին միանալու ավելի շատ հայտեր ստանալու համար շատ կարևոր է, որ այն բովանդակությունը, որ օգտատերերը կարդում են Ձեր դասընթացի էջում, լինի ամբողջական ու հաղորդի դասընթացի վերաբերյալ ողջ մանրամասները։

Ցանկալի է, որ դասընթացի էջը համապատասխանի հետևյալ պահանջներին՝

  • Տեքստերը գրված լինեն հայերենով՝ անկախ նրանից, թե դասընթացը որ մակարդակի ուսանողների համար է նախատեսված։
  • Տեքստերը պետք է պարունակեն ամբողջական տեղեկատվություն դասընթացի կազմման և բովանդակության մասին՝ ովքեր են կազմել դասընթացը, ինչ նյութերից են օգտվել և ում համար է այն նախատեսված։
  • Նկարագրվեն այն դասագրքերը և վիդեո, աուդիո նյութերը, որոնք օգտագործվելու են դասընթացի ընթացքում։
  • Նկարագրվի դասընթացի անցկացման մեթոդը, սպասվելիք պահանջները և առաջադրանքները։
  • Հստակ նշել այն հմտությունները, որ ուսանողները կստանան դասընթացին մասնակցելուց հետո։
  • Պարունակի լուսանկարներ և վիդեո նյութեր հենց դասապրոցեսից, որպեսզի ավելի ուժեղ տեսողական տպավորություն թողնի։

Խիստ ցանկալի է, որ հստակ նշված լինի, թե ինչով է այդ դասընթացը առանձնանում նման դասընթացներից, որն է նրա յուրահատկությունը։

Որպես կառուցվածքային օրինակ՝ կներկայացնեմ “Tutor-Խոսակցական անգլերենի արագացված դասընթաց (Intensive Speaking Course)” էջի բովանդակությունը։

Tutor լեզվի դպրոցը կազմել է խոսակցական անգլերենի արագացված դասընթաց անգլերենի տարրական և միջին մակարդակների գիտելիք ունեցող այն մարդկանց համար, որոնք ցանկանում են կարճ ժամանակում բարելավել խոսակցական անգլերենի գիտելիքները և հասնել միջինից բարձր մակարդակի։ Դասընթացին կարող են մասնակցել 16 տարեկանից բարձր բոլոր անձինք։

Tutor թիմի մեթոդոլոգներն ու ուսուցիչները մշակել են հատուկ դասապլան, որի շնորհիվ 4 շաբաթների ընթացքում ուսանողները կուսումնասիրեն  12 տարբեր թեմաներ անգլերենով և կյուրացնեն մեծ քանակությամբ օտար բառեր, որոնք նաև հաճախ կարելի է հանդիպել TOEFL/IELTS թեստերի առաջադրանքներում։ Դասապլանը կազմելու համար օգտագործվել են նյութեր “English in Mind” և “New English File” դասագրքերից։ Բառապաշարի հատվածում լրացումներ են կատարվել նաև “Business Results” դասագրքից։

Այս դասընթացի յուրահատկությունն այն է, որ թե՛ բառապաշարի, թե՛ քերականական հատվածների նյութերը ավելի լավ սերտելու համար ուսանողները օգտվելու են Tutor Bot հավելվածից, որը ներառում է վերոնշյալ դասագրքերի պարունակությունը։

Բացի դասագրքերից և հավելվածից՝ ուսանողները նաև յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ կարճ տեսանյութեր կդիտեն, կանցկացվեն բանավեճեր և խմբային խաղեր։

Դասընթացի հիմքում ուսուցման 4՝ ուղիղ, հաղորդակցական, առաջադրանքների և տեխնոլոգիաների վրա հիմնված մոտեցումների համադրումն է։ Այսինքն՝ ուսանողները ավելի կզարգացնեն բանավոր խոսքի հմտությունները միմյանց հետ շփվելու, առաջադրանքներ կատարելու և բարձր տեխնոլոգիաների ինտենսիվ կիրառման շնորհիվ։

Դասընթացի ընթացքում ուսանողների հետ կանդրադառնանք հետևյալ թեմաներին՝

  1. Science and technology (Գիտություն և տեխնոլոգիաներ),
  2. Work and business (Աշխատանք և բիզնես),
  3. Environment (Շրջակա միջավայր),
  4. Family and society (Ընտանիք և հասարակություն),
  5. Education and learning (Կրթություն),
  6. The media (Մեդիա),
  7. The law and crime (Օրենքներ և հանցանքներ),
  8. Traveling and tourism (Զբոսաշրջություն),
  9. Hobbies (Հոբբի),
  10. Health and fitness (Առողջ ապրելակերպ),
  11. Entertainment (Զվարճանք և ժամանց),
  12. Food and Drink (Մթերք)։

Կուսումնասիրենք նաև հետևյալ քերականական թեմաները՝

  • Ժամանակաձևեր,
  • Հոդ և նախդիրներ,
  • Պայմանական նախադասություններ,
  • Բայի եղանակներ,
  • Ուղղակի և անուղղակի խոսք և այլն։
  • Ինչպես գրագետ կազմել բանավոր խոսք,
  • Ինչպես շփվել լեզվակիրների հետ և կողմնորոշվել խոսակցության մեջ առաջացող խճճված իրավիչակներում։
  • Ինչպես գրել ելույթ և ելույթ ունենալ օտար լեզվով,
  • Անգլերենի հնչյունաբանության հիմնական կանոնները,
  • Հաղորդակցության և բանակցություններ վարելու հմտություններ։

Հետևե՛ք կառուցվածքային այս պահանջներին, և Ձեր դպրոցի ապագա ուսանողները, ստանալով լիարժեք տեղեկատվություն դասընթացի մասին, կընտրեն հենց Ձեր առաջարկած դասընթացը։

Comments(0)

Leave a Comment