Առաջին շաբաթները բժշկական համալսարանում կարող են շփոթեցնող լինել։ Սկսում ես մտածել, որ միգուցե սխալվել ես ընտրության հարցում, և հնարավոր է ընդհանրապես չպետք է այստեղ լինեիր։
Շտապեմ քեզ ուրախացնել։ Համարյա բոլորը, ում հետ դու սովորում ես, զգում են նույնն ինչ դու, իսկ վաղաժամ հիասթափությունից խուսափելու համար կփորձեմ օգնել քեզ որոշ խորհուրդներով։
Սովորիր սովորել
Ուշադրություն մի դարձրու նրան, թե ինչպես են մյուսները սովորում։ Մեկը կարճ ժամանակում հասնում է մեծ հաջողությունների, մյուսը մեկ գիշերվա ընթացքում յուրացնում է ամբողջ նյութը, իսկ մեկ ուրիշը, միայն ուսումնական տեսահոլովակներ նայելով, քեզնից բարձր է ստանում քննությունները։ Մենք բոլորս շատ տարբեր ենք. ինչն արդյունավետ է դիմացինիդ համար, միշտ չէ, որ կարող է օգնել քեզ։ Ամենաօգտակար բանը, որ կարող ես անել ինքդ քեզ համար, քո աշխատելաոճը գտնելն է։
Գիտելիքների հավասարակշռություն
Ոճը գտնելուց հետո, հերթը հասնում է փորձնական և տեսական գիտելիքների միջև հավասարակշռություն հաստատելուն։ Մի սահմանափակվիր տեսական գիտելիքներով: Կարդացածը «փնտրիր» պրակտիկայի ընթացքում։ Հիվանդանոցում հանդիպած անծանոթ կլինիկական դեպքի մասին հարցրու, գտիր գրքերում, մանրամասն կարդա։ Միայն փորձնական, կամ տեսական գիտելիքով հնարավոր չէ լիարժեք բժիշկ դառնալ։
Ժամանակ մի խնայիր ամենաորակյալ բժշկական մասնագիտական գրականությունը գտնելու համար։ Օգտվիր միայն արժեհավատ աղբյուրներից և նորագույն հրատարակություններից։ Երբեք ու երբեք մի սահմանափակվիր միայն համալսարանական տնային աշխատանքով։ Բժշկությունը փոխվում է ամեն վայրկյան, թարմացրու գիտելիքդ, կարդա նորագույն հետազոտությունների մասին, ոգեշնչվի’ր։ ։)
Ինչ վերաբերվում է փորձնական գիտելիքին, հիվանդանոցային կյանք մուտք գործելը կյանքի ամենաբարդ փորձություններից է։ Սկզբի համար կարող ես կամայական հիվանդանոցում, կամայական բժշկի ներկայանալ և թույտվություն վերցնել իրեն հետևել աշխատանքային օրվա ընթացքում։ Ժամանակի ընթացքում բացահայտված հետաքրքրություններդ և ձեռք բերված գիտելիքդ քեզ կտանեն իրենց հետևից։ Մի վախեցիր դուրս գալ հարմարավետությանդ սահմաններից, ինչ-որ մի բան չե՞ս հասկանում ՝ հարցրու։ Ինչքան շատ հարցեր տաս և ստանաս պատասխաններ, այնքան շուտ դուրս կգաս մտքիդ խավարից։
Մասնագիտական նեթվորքինգ
Ինչպես բոլոր մասնագիտություններում, այնպես էլ բժշկությունում, մասնագիտական ծանոթությունները շատ հնարավորություններ կարող են ստեղծել։ Քո կուրսեցիները լինելու են ապագա կոլեգաներդ, մի մոռացիր դրա մասին։
Ինքնազարգացում
Գիտելիքներ ձեռք բերելուց ոչ պակաս կարևոր է անձնային աճը։ Պացիենտներն ակնկալելու են տեսնել կատարյալ անձ, ում գիտելիքը կատարյալ է և ամեն իրավիճակում կարողանում է գտնել կատարյալ լուծումներ։ Իրավիճակից գլուխ հանելու համար զարգացրու առաջնորդի հմտություններ, կենտրոնացիր լուծումներ, այլ ոչ խնդիրներ գտնելու վրա։
Պացիենտներին սովորաբար հանդիպում ենք իրենց ամենախոցելի վիճակում, զինվիր համապատասխան անձնային հատկանիշներով և դրական էներգիայիով, որպեսզի կարողանաս ուղղորդել իրենց կյանքի ամենադժվար պահերին։
Առողջ ապրելակերպ
Բժշկությունը պահանջում է մեզնից ոչ ավել, ոչ պակաս, քան լինել լավագույնը։ Կատարելության փնտրտուքների ճանապարհին մի մոռացիր, որ դու սովորական մարդ ես, և քո կյանքը չի որոշվում միայն բժիշկ-ուսանող լինելով, մի մոռացիր հոգ տանել ինքդ քո մասին։ Մարզվիր, ուշադրություն դարձրու քնելուդ և սնվելուդ ռեժիմներին։
Մի մոռացիր ժամանակ անցկացնել ընտանիքիդ անդամների և ընկերներիդ հետ, ունեցիր բժշկությունից զատ այլ հետաքրքրություններ և զբաղմունքներ, այլապես վաղ թե ուշ կսպառես ամբողջ ուժերդ և վերականգնելը շատ երկար կտևի։
Վերը թվարկած խորհուրդները շատ հեշտ է ուղղակի թվարկել և շատ ավելի դժվար է հետևելը դրանց, բայց եթե գտնես քո սրտի նպատակը և սիրես այն ինչ անում ես, հավատա ամեն բան կստացվի։
Հաջողություն քեզ:)
Հ.գ. Չմոռանաս միանալ մեր ֆեյսբուքի խմբին՝ Medical Learners Club-ին։
Leave a Comment