Տեքստերի հետ աշխատողի հումքը մարդն է, հատկապես եթե տեքստերդ գրական ուղղվածության են։ Եվ եթե, օրինակ, հրուշակագործը պիտի իմանա այս կամ այն տորթը, խմորեղենը թխելու նրբությունը, նույն կերպ գրողը պետք է ինքն իրեն վարժեցնի այնքան, որ մեկ հայացքից անգամ կարողանա ընդհանուր կարծիք կազմել դիմացինի մասին, ներքուստ նկարագիր տա, պատկերացնի տվյալ մարդու միջավայրը, նիստուկացը և այլն․ կյանքում այս հմտությունը կիրառելը հետագայում շատ է օգնում գրելիս։
Մենք էլ մեր գործի հրուշակագործներն ենք․ հունցում ենք մարդկային բնավորությունները, շաղախում ենք տարբեր իրավիճակներով՝ երբեմն դրանք սրելով այնքան, որ «եռան» ու «հում» ոչինչ չմնա։ Մեր ու հրուշակագործների մեջ միայն մի տարբերություն կա՝ մարդիկ տորթերի պես քաղցր չեն, ցավոք։
Կատակը՝ կատակ, բայց քո «աշխատանքային դաշտը» պիտի հնարավորինս լավ ճանաչես, ինչ ոլորտ էլ լինի։Իմ դեպքում, սա ենթադրում է հնարավորինս բազմատեսակ մարդկանց հետ շատ ու՝ակտիվ շփում, նաև՝տեխնիկական-մասնագիտական հմտություններ։ Եթե ուզում ես սրտամոտ նկարագրություն ստանալ, պիտի հոգեբանություն ուսումնասիրես՝թեկուզ մինիմալ չափով։
Մինիմալի շեմը վաղուց է հաղթահարված, ժամանակն էր, երբ ինձ պետք էր ավելի շատ գիտելիք հոգեբանության ոլորտից՝ոչ ակադեմիական կրթություն, բայց և բավարար, գիտահեն, «ճկուն» տեղեկատվություն, փորձ։ Հենց այստեղ էլ բախվեցի մեր կրթական պատերից մեկին․ սովորելու ցանկությունը կա, բայց ցանկությունը իրականություն չի կարողանում դառնալ՝տեխնիկական դժվարությունների պատճառով։
Դե, տեսեք։ Համալսարան ընդունվել-սովորելն իմաստ չունի․ չեմ պատրաստվում աշխատել այդ մասնագիտությամբ, թեզ կամ դիպլոմային պաշտպանելն ինձ ոչինչ չի տա։ Հետո էլ, ժամանակային առումով չեմ հասցնի համադրել աշխատանքի հետ։ Լավագույն որոշումը օնլայն կրթությունն էր։ Փորփրեցի ու սեփական մաշկի վրա հասկացա, որ ահռելի մեծ անդունդ ունենք՝ հայկական կրթությունը «համակարգչում տեղավորելու» հետ կապված։ Եթե ռուսերեն, անգլերեն կուրսերը գտնելու համար ինձնից պահանջվեց մի քանի րոպե, քանի որ դրանք ներառված են հատուկ կայքերում, այսպես ասած՝ դասընթացների «գուգլներում», ապա հայերեն դասընթացների համար ես անգամ չգիտեի՝ որտեղ փնտրել։ Ֆեյսբուքո՞ւմ, Գուգլի անծայրածիր օվկիանոսո՞ւմ, գուցե տան դարակներո՞ւմ։
Լավ է, որ հիմա, տարիներ անց, այս խնդիրը կամաց-կամաց լուծում է ստանում, չնայած դեռ շատ դասախոսներ, ուսուցիչներ աշխատում են «ստվերում»՝կորցնելով այն ուսանողներին, որոնք էֆեկտիվ տարբերակ են փնտրում՝ավելի նորարական ու հարմար։ Կրթությունը վաղուց արդեն համակարգչի մեջ է, և եթե ինձ նման մեկը ցանկանում է հոգեբանության վերաբերյալ կուրսերի գնալ, կամ ցանկացած այլ դասընթացի՝անգլերենի, կավագործության, թայմ մենեջմենթի և այլն, չպիտի համացանցային տարածքում «խարխափելով» ման գա ու ժամանակ կորցնի՝հուսալով, որ գուցե բախտը բերի ու ուզած դասընթացը պատահաբար աչքով ընկնի։ Ի ուրախություն մեզ, օնլայն կրթության պատը կամաց-կամաց սկսում է կոտրվել, ու արդեն իսկ ակտիվ գործում են հայկական կայքեր, որտեղ ուսուցիչները կարող են գրանցել իրենց դասընթացները՝ էլ ավելի արագ գտնելով աշակերտներ ու ուսանողներ, նաև օգնելով մեզ՝ ինչ-որ նոր հմտություն սովորել կամ բարելավել ցանկացողներիս՝արագ ու հեշտ կապվել իրենց հետ։ Կայքի հասցեն հավաքողը եկել է նոր մի բան սովորելու, ուրեմն՝ուսուցչի թիրախն է։Եվ եթե սովորել ցանկացող մարդը քսանմեկերորդ դարում չի կարողանում հարմար ու արագ իր ցանկացած դասընթացը գտնել՝ սովորել ցանկացողի թերացումը չէ, այլ՝ուսուցչի մեղավորությունը, որն իրենց հանդիպումն օր առաջ չի հեշտացնում։
Տարիներ առաջ, իսկապես, շատ մասնագետներ, որոնք թրեյնինգներ, դասընթացներ են անցկացնում, չէին մտածում, որ շատ կարևոր է դասընթացների մասին պատմել նաև օնլայն հարթակներում՝ոչ միայն սոցցանցերում, այլ հատկապես կուրսերը համատեղող կայքերում, որովհետև սովորել ցանկացող մարդիկ առաջնահերթ հենց նման հարթակներում են փնտրում դասընթացները, և դա արդարացված է։ Նման կայքերում գրանցված դասընթացներն ավելի վստահելի են, ավելի «ամփոփ» և․․․Չէ, սա կարծես թե այլ ընդգրկուն թեմա է. կրթական պլատֆորմներում դասընթացները գրանցելու առավելությունների մասին ես կխոսեմ հաջորդ գրառման մեջ։ Հիմա վերադառնանք իմ կրթական ծանր դեռահասությանը։ Որպես ամփոփում ասեմ, որ շատ պատահաբար ես մասնակցեցի հոգեբանությանը վերաբերող մի քանի դասընթացների։ Դրանցից ոչ բոլորն էին հաջող, որովհետև «ստուգված» չէին, ու զուտ պատահական էի գտել։ Ստիպված էի վերադառնալ ինքնակրթությանը ու տխրել, որ մոտակայքում չկա մի մասնագետ, որի հետ կկարողանամ խորհրդակցել կամ մասնագիտական քննարկում ունենալ։ Հիմա ևս սիրածս ոլորտի մասին կարդում եմ, փորփրում եմ, ու սպասում այն մասնագետներին, որոնք կգրանցեն իրենց դասընթացներն օնլայն հարթակում, ես ու իմ պես հետաքրքրված մարդիկ էլ վերջապես կմիանանք։ Ու թող հաղթի նորարությունից չսարսափող կրթությունը։
Սյունե Սևադա
Leave a Comment