Նպատակասլաց գերմանախոսը

Միշտ եմ հետաքրքրվել եվոպական լեզուներով։ Հիմնական դպրոցում սովորել եմ անգլերեն և ֆրանսերեն,  իսկ ավարտելուց հետո սկսեցի ինքնուրույն սովորել իտալերեն։ Իտալերենն ու ֆրանսերենը ցավոք չօգտագործելու պատճառով մոռացվեցին, իսկ այժմ չեմ կարող պատկերացնել ինձ առանց գերմաներենի։

 Ինչպե՞ս իմ մեջ ծագեց սեր գերմաներենի նկատմամբ։

Ամեն ինչ շատ պատահական սկսվեց։ 2018 թվականի հուլիսին, երբ արդեն ընդունվել էի «Հերացի» ավագ դպրոց և սեպտեմբերին կլինեի 10-րդ դասարան, որոշեցի մի նոր եվրոպական լեզու սովորել։ Դե քանի որ բժշկությամբ եմ հետաքրքրված, իսկ Գերմանիան աշխարհում առաջատար է այդ ոլորտում, որոշեցի ընտրել գերմաներենը։ Նախքան լեզվի հետ ծանոթանալը վստահ էի, որ այն կոպիտ է և չոր, դե փոքրուց դա էի լսել միայն։ Որոշել էի ինքնուրույն սովորել. YouTube-ում գտա հայերեն դասընթացներ, սկսեցի ուսումնասիրել և հենց առաջին դասընթացից սիրահարվեցի գերմաներենին։ Այդ լեզվի հնչողությունը, խրոխտությունը և նպատակս մոտիվացրեցին ինձ շարունակել սովորել։ Ներբեռնեցի բազմաթիվ ծրագրեր, բառարաններ և նույնիսկ խաղեր գերմաներեն սովորելու համար։ Սկսեցի նայել ռուսերենով և անգլերենով դասընթացներ ևս։ Ամառը մոտեցավ ավարտին և իմ լեզվական գիտելիքներն էլ հասան որոշակի մակարդակի։ Սկսվեցին դասերը նոր դպրոցում, բայց միևնույն է շարունակում էի սովորել գերմաներեն։

Հետո դպրոցում սկսեցին լուրեր տարածվել, որ շուտով պետք է բացվի գերմաներենի խմբակ։ Շատ ուրախացա։ Լուրերը պարզվեցին ճիշտ էին։ Մեր դպրոցը սկսել էր համագործակցել Գերմանիայի Աշերսլեբեն քաղաքի «Շտեֆանիում Գիմինազիա»-յի հետ։ Ծրագիրը, որով պետք է սովորեինք DSD Pro էր կոչվում։ Այս ծրագրով պետք է սովորենք գերմաներեն մինչև B1 մակարդակ, այնուհետև հանձնենք քննություն սերտիֆիկատ ստանալու համար, իսկ վերջում սովորելու ենք բժշկական բառապաշար, և այդ ամենը լրիվ անվճար։ Սա հենց այն էր, ինչ ինձ պետք էր։ Առանց ժամանակ կորցնելու գրանցվեցի խմբակին և 2 ամիս անց սկսվեցին դասընթացները։ Սկզբում խմբակի դասընթացները անհետաքրքիր էին ինձ համար, քանի որ թեմաները ինձ ծանոթ էին, բայց աստիճանաբար դրանք դարձան ավելի հետաքրքիր։ Մեկ ահռելի դրական կողմն էլ այն է, որ մեր ուսուցչուհին գերմանացի է, նրա հետ ավտոմատ սկսում ես խոսել և մտածել գերմաներեն, սակայն ունենք նաև շատ լավ հայ գերմաներենի ուսուցչուհի, որի հետ սովորում ենք տարբեր քերականական նրբություններ։ Այդպես հաճախում էի խմբակին և շարունակում տանը ինքնուրույն նույնպես աշխատել։ Իմ գիտելիքները առնաձնանում էին։ Բոլորը հարցնում էին, թե արդյոք դպրոցում անցել եմ գերմաներեն, որ հիմա այսպես եմ խոսում, բացասական պատասխան լսելով, հարցնում էին, թե ում մոտ եմ պարապել, գերմանացի ուսուցչուհիս երկար ժամանկ կարծում էր, թե մասնավոր պդասերի եմ գնում, մինչև իմացավ իրականությունը, թե ինչպես եմ ինքնուրույն սովորել և շարունակում սովորել, իսկ ես էնտուզիազմով պատմում էի իմ պատմությունը։

Ուսումնական տարին մոտենում էր ավարտին, երբ հայտնի դարձավ, որ մոտ ժամանակներս սպասվում է փոխանակային ծրագիր մեզ հետ համագործակցող դպրոցի հետ։ Անչափ ուրախ էի և մոտիվացված, քանի որ կարող էր կատարվել երազանքս՝ կհայտնվեի Գերմանիայում։ Ամեն ինչ շատ հանկարծակի եղավ 2019 թվականի հունիսի 12-ին հավակնորդների ծնողներին կանչեցին դպրոց՝ համաձայնություն ստանալու նպատակով, իսկ արդեն հաջորդ օրը՝ 13-ին, տեղի ունեցավ հարցազրույցքննությունը։ Բոլորս լարված սպասում էինք և առաջինը հենց ինձ ներս կանչեցին։ Առաջին հարցը որ տվեցին հետևյալն էր, թե ինչու պետք է հենց ես մասնակցեմ այս ծրագրին։ Սկսեցի պատմել գերմաներենի, Գերմանիայի և իմ միջև եղած կապից) Հնչեցին ևս մի քանի հարցեր ընտանիքիս և իմ կյանքի մասին և վերջ. դուրս եկա։ Մոտ 3 ժամ սպասեցինք մինչև բոլորը դուրս եկան, նրանք որոշում կայացրին և մեզ բոլորիս ներս կանչեցին։ Սկսեցին կարդալ Գերմանիա մեկնողների  անունները, 7 աշակերտ՝ 2 տղա, 5 աղջիկ։ Ցուցակում երկրորդը իմ անունն էր։ Անունս լսելուց հետո այնքան էի ուրախացել, որ հաջորդներինը չլսեցի, և գաղափար չունեի էլ ովքեր են մյուսները, սակայն հետագայում շատ լավ ընկերներ դարձանք։ Գերմանիա այցը տեղի ունեցավ սեպտեմբերի 7-14-ը։ Եղանք Բեռլինում, Մագդեբուրգում, Աշերսլեբենում և Հալլեում։ Ապրում էինք հյուրընկալող ընտանիքներում։ Ձեռք բերեցինք հրաշալի ընկերներ, որոնք մոտակա ժամանակներս գալու են Հայաստան։ Այդ 7 օրերը ինձ համար դարձան անմոռանալի, երկար ժամանակ լեզու սովորելուց հետո գիտելիքները հենց այդ երկրում կիրառելը հաճելի զգացում է։  Գերմաներեն սովորելու պատահական առաջացած որոշումը փոխեց իմ կյանքը։ Ինքնակրթության շնորհիվ դարձա ավելի պատասխանատու և նպատակասլաց։ Վերջիվերջո հասկացա,որ եթե գիտակցում ես, թե ինչ ես ուզում և չես հանձնվում, ապա անպայման հասնում ես ուզածիդ․․․

Վահե Գաբրիելյան

Comments(0)

Leave a Comment