Ամեն ինչ սկսենք սկզբից
Դեռ երբևէ այսքան հարմար պահ չի եղել մասնագիտական դասընթացների ոլորտին միանալու համար: Տարիների ընթացքում այս շուկան արագորեն աճել է, և իհարկե, այլևս նիշային ոլորտ չէ: Եվ սա միայն սկիզբն է։ Աճի այս տեմպը միանշանակ շարունակական է լինելու, քանի որ ավանդական կրթական ոլորտը ի վիճակի չէ արագ արձագանքել աշխատաշուկայի անվերջ փոփոխվող պահանջներին, և այստեղ ի հայտ է գալիս ամեն տեսակ դասընթացների, վեբինարների, սեմինարների, մաստեր-կլասսերի և թրեյնինգների պահանջարկ։ Այն ձևավորում են ոչ միայն անհատները, ովքեր ցանկանում են ինքնակրթվել, այլև մանր, միջին և անգամ խոշոր ձեռնարկությունները, որոնք իրենց աշխատակիցների համար ձեռք են բերում դասընթացների փաթեթներ բաղկացած ամենատարբեր կուրսերից ՝ օտար լեզուներից մինչև մասնագիտական զարգացում։
Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ այս ոլորտը ստեղծում է հնարավորությունների բավական լայն շրջանական ամենատարբեր մասնագիտություններ ունեցող անձանց համար։ Հատկանշական է, որ շուկա մուտք գործելու էական խոչընդոտներ և նախապայմաններ չկան, ընդհակառակը, գնալով ավելի ու ավելի են զարգանում բոլոր հնարավոր գործիքներն ու տեխնոլոգիաները, որոնք կարող են օգնել հաջողության հասնել։ Սակայն, չպետք է մոռանալ, որ ինչպես ցանկացած ոլորտում, այնպես էլ այստեղ հնարավոր է ձախողվել, եթե չհետևել խաղի կանոններին։
Մեր առանձնացրած կանոնները բաժանել ենք երկու խմբի ՝ 5 պարտադիր պայմաններ դասընթացների բիզնես հիմնելուց առաջ և 7 կանոն հաջողության հասնելու համար։
1. Օգտակար լինելու առաքելություն
Բիզնեսի բոլոր այլընտրանքներից դասընթացների ոլորտը ընտրելիս պետք է հստակ հասկանալ, թե որն է դրդապատճառը։ Ամենակարևոր նախապայմանը պետք է լինի մարդկանց ազնվորեն օգնելու ցանկությունը։ Այս մասնագիտությունը սիրում է ազնվություն։ Պետք չէ անվերջ մտածել փող վաստակելու մասին, այլ պարզապես կենտրոնանալ որակյան ծառայությունների մատուցման վրա, օգնել և օժանդակել հաճախորդներին լուծել այն խնդիրները, որոնց համար իրենք դիմել են ձեզ, և արդյունքը կլինի այդքան սպասված եկամուտը: Սակայն, այս պարագայում էլ պետք է իրատես լինել և գիտակցել, որ որքան էլ կարևոր է մարդկանց օգնելու հանդեպ կիրք ունենալը, դա միակ նախադրյալը չէ այս ոլորտում հաջողության հասնելու համար:
2. Ունենալ գիտելիքները հավաստող որակավորում
Եթե սկսում եք դասընթացների վարման նոր բիզնես, ապա ձեր տեղը շուկայում ապահովելու համար կարևոր է ցույց տալ, որ ունեք ավելի շատ գիտելիքներ և տիրապետում եք ավելի շատ հմտությունների այդ թեմայի վերաբերյալ, քան մյուսները: Սա հնարավոր է հավաստել համալսարանական կրթական աստիճանի, ոլորտի կողմից ճանաչված սերտիֆիկացման կամ մասնագիտական լիցենզիայի շնորհիվ։ Փորձը նույնպես կարևոր է, քանի որ ցույց է տալիս այն ներդրումը, որ արել եք ոլորտի զարգացման և ձեր մասնագիտական աճի համար։Այս ամենը կստիպի պոտենցիալ հաճախորդներին վստահել ձեզ։
3. Բացահայտել և ձեռք բերել անհրաժեշտ հմտություններ բիզնեսի սեփականատեր լինելուհամար
Քանի դեռ հնարավորություն չունեք պրոֆեսիոնալ մաստագետների մեծ թիմ ունենալ, հարկավոր է ձեռք բերել նոր հմտություններ ՝ որպես նոր բիզնեսի սեփականատեր: Գործունեության առաջին մի քանի ամիսների ընթացքում ստիպված եք լինելու իրականացնել հաշվապահի, իրավաբանի, մարքեթոլոգի, դիզայների , ֆինանասական տնօրենի և վերջում միայն դասավանդողի պարտականությունները։ Հնարավոր է, որ դուք կարողանաք ձեռք բերել այս հմտությունները անվճար կամ շատ մատչելի թե ներկայիս աշխատատեղում, թե ոլորտի զարգացմամբ զբաղվող այն մասնագետների մոտ, ովքեր պատրաստ են անվճար օժանդակել նորեկներին: Պետք է հստակ գիտակցել, որ սա բիզնես է, և այստեղ գործում են բիզնեսի բոլոր կանոնները։ Սկսելուց առաջ անհարժեշտ է հստակ ձևակերպել բիզնես նպատակները, բիզնես մոդելը և առաջխաղացման ռազմավարությունը։
4. Ուսումնասիրել շուկան
Այս խորհուրդը արդիական է ցանկացած բիզնես նախագծի պայմանում, բայց պետք է հստակ հասկանալ ինչ կտա այն այս ոլորտում։ Երկու կարևոր արդյունք կարելի է ակնկալել այս գործընթացից։ Նախ շուկայի հետազոտության արդյունքում հնարավոր է ուսումնասիրել մրցակիցներին և անել բենչմարքինգ։ Այսինքն, հասկանալ մրցակիցներից ով ինչ է լավ անում և փորձել փոխառել իրենց դրական փորձը։ Մյուս կողմից մրացակիցներին և նրանց առաջարկը ուսումնասիրելիս հնարավոր է հասկանալ, թե շուկայի որ մասն է ազատ մնացել, գտնել հարմար նիշ և գործունեություն ծավալել հենց այդ ուղղությամբ։
5. Գտնել գործընկերներ, որոնք բազմապատկում են բիզնեսի արժեքը
Որպես փոքր և նորաստեղծ ընկերություն, դուք չեք կարող ամեն ինչ ինքնուրույն անել։ Հնարավոր չէ միանգամից ունենալ մեծ մարքեթինգային կամ ֆինանսական թիմ, բայց հնարավոր է պատվիրակել այս գործառույթները։ Կարելի օգտվել նաև շուկայում հասանելի այնպիսի ծրագրերից և տեխնոլոգիաներից, որոնք կհեշտացնեն բազմաթիվ բարդ գործառույթների իրականացումը, օրինակ ՝ LMS համակարգերը, առցանց հարթակները և այլն։ Ծախսերի կրճատման նման մոտեցումը ոչ միայն հնարավորություն է տալիս գումար խնայել, այլև կենտրոնանալ ձեր հիմնական գործընթացների վրա։ Մյուս կողմից աշխատակիցներ ներգրավելիս ընտրեք լավագույններին և պատրաստ եղեք վճարել դրա դիմաց, քանի որ նրանք դառնալու են ձեր բիզնեսի դեմքը, նրանք են նպաստելու բիզնեսի առաջխաղացմանը։
Թվարկված պայմաններն իրականացնելու դեպքում դասընթացների բիզնեսի հիմնումը մի քանի անգամ ավելի է հեշտանում, սակայն չպետք է մոռանալ գործունեության ամբողջ ընթացքում խաղի հետևյալ կանոններին հավատարիմ մնալու մասին։
1. Լինել լիովին նվիրված
Եթե ցանկանում եք հաջողակ ձեռնարկատեր լինել, ապա պետք է ջանք չխնայել նպատակներն իրագործելու համար։ Պետք է ամբողջովին նվիրվել գործին։ Այս ոլորտում շատ ձեռնարկատերեր ձախողվում են, քանի որ նրանք պասիվություն են ցուցաբերում: Բիզնես հաջողելը արագ գործընթաց չէ. այն նվիրում և համբերատարություն է պահանջում : Բոլորս լսել ենք, որ հաջողության են հասնում նրանք, ովքեր քրտնաջան աշխատում են:
2. Զարգացնել սեփական բրենդը
Գործունեության առաջին իսկ օրվանից պետք է աշխատել բրենդի առաջխաղացման ուղղությամբ։ Վերջնական նպատակը սեփական բրենդը դասընթացների ոլորտի հոմանիշ դարձնելն է։ Սա ոչ միայն կօգնի հաճախորդների, այլ նաև գործընկերների ներգրավման հարցում։ Անհրաժեշտ է հնարավորինս լսելի, տեսանելի և հասանելի լինել բոլոր թիրախային խմբերի համար։ Կարելի է օգտվել բազում անվճար կամ մատչելի հնարավորություններից և երբեք բաց չթողնել բրենդի առաջխաղացման և ոչ մի հնարավորություն։
3. Հրապարակել, հրապարակել և հրապարակել
Նախորդ կետը շարունակելով ՝ հարկ է նշել, որ բրենդի տեսանելիության բարձրացման ամենահեշտ տարբերակը ամենատարբեր հոդվածների և ուսումնական նյութերի հրապարակումն է բոլոր հնարավոր հարթակներում։ Բացի այդ, սա շատ լավ միջոց է պոտենցիալ հաճախորդին դասավանդողների մասնագիտական որակներին, գիտելիքներին և հմտություններին ծանոթացնելու համար։ Բազմաթիվ բլոգեր, առցանց հարթակներ, գործընկեր ընկերություններ հնարավորություն են տալիս դասընթացների ընկերություններին կատարել անվճար հրապարակումներ և այս միջոցով գիտելիք փոխանցել։
4. Ընդլայնել ծանոթների շրջանակը / Networking
Մարդիկ նախընտրում են գնել նրանցից, ում վստահում են կամ ում վստահում են իրենց ծանոթները։ Ամենայն հավանականությամբ ձեր առաջին հաճախորդներին ուղղորդելու են ձեր ծանոթները։ Հնարավորինս շատ մասնակցեք ոլորտում կազմակերպվող միջոցառումներին և հարստացրեք ձեր գործընկերների ցանկը այսպիսի միջոցառումների շնորհիվ: Պետք չէ մոռանալ նաև պոտենցիալ գնորդների հետ ծանոթությունների մասին։ Արդեն նախապես թիրախավորած հաճախորդների հետ տարբեր միջոցառումների մասնակցությունը հնարավորություն կտա ձեռք բերել նոր եկամտաբեր ծանոթություններ։
5. Ձեռքը միշտ պահել ֆինանսական զարկերակին
Փոքր ձեռնարկությունների մեծ մասը ձախողվում է ֆինանսական վերահսկողության բացակայության պատճառով: Անհրաժեշտ է համոզված լինել, որ բիզնեսում համապատասխան քանակությամբ դրամական միջոցներ կան առևտրային ցիկլերը ապահովելու համար, այսինքն միայն շահույթը չէ, որ կարևոր է, կանխիկի հոսքն է ապահովում բիզնեսի կյանքը։ Յուրաքանչյուր բիզնեսի համար նաև կարևոր է հասկանալ, թե որն է գործընթացից ստացվող մարժան, և դասընթացների կազմակերպման բիզնեսը բացառություն չէ։
6. Ապահովել տրամադրած ծառայությունների որակը
Կարող է թվալ, թե այս կանոնը անիմաստ է, սակայն շատ սկսնակ ձեռնարկատերեր հաճախ մոռանում են, որ միայն լավ ապրանք կամ ծառայություն ունենալը բավարար չէ, անհրաժեշտ է նաև այդ մասին հայտարարել։ Այս ոլորտում հաճախորդները չափազանց զգայուն են դասընթացների որակ/գին համադրության յուրաքանչյուր տատանման դեպքում։ Եթե չկարողանաք հաջողությամբ կրթել դասընթացների մասնակիցներին և արդարացնել իրենց ներդրումը, դա կիմանան բոլորը, և կվնասվի ընկերության հեղինակությունը: Միշտ պետք է պատրաստ լինել արդարացնել և ապացուցել ձեր արժեքը առկա և պոտենցիալ հաճախորդներին, և միշտ պետք է ձգտել ավելի արդյունավետ դասընթացներ իրականցնել:
7. Միշտ պատրաստ լինել աճի հաջորդ փուլին
Կարող է այսօր թվալ, թե աճի մասին շատ շուտ է խոսել, սակայն պետք է միշտ պատրաստ լինել, որ ընկերությունը կարող է շատ արագ աճել և զարգանալ։ Սա նշանակում է, որ պետք է քաջ գիտակցել այն պահը, երբ առկա աշխատակիցների քանակը և գիտելիքները չեն բավարարում նոր առաջացող գործընթացներն իրականացնելու համար։ Չպետք է հապաղել և երկար մտածել, քանի որ հնարավոր է բաց թողնել առաջխաղացման հնարավորությունը։ Նոր ներդրումներ կատարելու պատրաստակամության շնորհիվ էլ հենց տարբերակվում են հաջողակ և ձախողված ձեռնարկությունները։
Ամփոփելով, անհրաժեշտ է նշել, որ անհաջողություններ շատ են հանդիպելու դաընթացների կազմակերպման բիզնեսի հիմանդրման և զարգացման ճանապարհին, սակայն կարևոր է միշտ հավատալ սեփական ուժերին և սիրել այն ինչ անում եք, և սա կօգնի հաղթահարել բոլոր դժվարությունները։
Leave a Comment