Կրթական համակարգի բացերը. Ուսանողներ

Միշտ առկա խնդիրները

Դեռ փոքրուց մենք բոլորս հայաստանյան կրթական համակարգի լաբորատոր մկներն էինք, ու մեզ վրա փորձարկում էին տարբեր ստրատեգիաներ ու մեթոդներ։ Այդ ժամանակահատվածից ի վեր բազմիցս քննարկվել է կրթական համակարգի փոփոխությունների ու արդիականացման մասին թեման։ Հաշվի առնելով վերջին իրադարձությունները և կրթության ուղղության փոփոխությունը` որոշեցինք կրթության որակի և բացերի մասին խոսել Մորից Լենգլախների հետ, ով 8 կիսամյակ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում դասավանդում էր որպես OeAD (Ավստրիական Փոխանակման Ծրագիր)-ի դասախոս։

Հայ ուսանողն ինքնուրույն չէ

Զրույցի ամենասկզբում Մորիցը շեշտեց հայ ուսանողների ինքնուրույն չլինելու փաստը։ «Համալսարանական կյանքում շատ ուսանողներ ազատ չեն իրենց գործողությունների մեջ, ինքնուրույն չեն նույնիսկ առօրյա հարցերում։ Իրենք չեն կազմում դասապլանը ու չեն ընտրում իրենց նախընտրած առարկաները, որ հավաքեն անցողիկ միավորներ»։

«Ի տարբերություն հայաստանյան կրթական համակարգի՝ գերմանախոս երկրներում առարկաների մոտավորապես 60%-ը պարտադիր է, իսկ մնացած 40%-ը ուսանողները ըստ նախասիրության կարող են ընտրել տրված ցուցակից»։ Մորիցը նաև զուգահեռներ տարավ հայ ուսանողների և գերմանալեզու երկրների աշակերտների միջև. «Գերմանախոս երկրներում դու ես պատասխանատու՝ որ առարկան որ ժամին լինի, որ պրոֆեսորին դիմել, ինչպիսի ինտենսիվությամբ հաճախել դասերին և այլն»։

Ինչո՞ւ մենք՝ հայ ուսանողներս չունենք այդ պատասխանատվության զգացումը։

Ես սովորում եմ, երբ ինչ-որ խնդրի եմ բախվում

Այստեղ գտնվելու տարիներին Մորիցը հաճախ է զարմացել, որ ծնողները հասուն մարդկանց ասում են՝ ինչ անել ու չեն թողնում զարգանալ, կամ ինքնուրույն որոշում կայացնել։ «Մարդիկ երկար ապրում են ծնողների հետ ու հետո ինքնուրույն չեն բախվում կյանքի մարտահրավերներին։ 

Լուծումներից մեկը ժամանակի հետ ավելի ու ավելի մեծ կարևորություն ձեռք բերող կամավորական աշխատանքներն են։ Մարդկանց սոցիալական ակտիվությունը նրանց տալիս է այնպիսի հմտություններ/soft skill-եր, որոնք նրանք հետագայում կկարողանան օգտագործել կյանքի բոլոր ոլորտներում։

Բայց պատկերը այլ է։ Երիտասարդները հաճախ շատ ժամանակ են անցկացնում համացանցում՝ խաղեր խաղալով կամ ինչ-որ հավելվածներով զբաղվելով։ Ինքնակրթությունն ու ինքնազարգացումը, մարդկային շփումն ու soft skill-երը կամաց-կամաց նահանջում են ու կորում։ Ու ավելի հաճախ դա վերաբերում է ջահել կանանց, ովքեր ճնշման տակ են հասարակության ակնկալիքներին համապատասխանելու համար. պետք է լինեն «գեղեցիկ» կամ դուր գան մյուսներին։ Երիտասարդ տղամարդկանց այս օրենքները հաճախ չեն վերաբերում»։

Կիրառական հմտությունները՝ կարևոր

«Եթե ուսանողը չի կարող գրել պաշտոնական նամակ դասախոսին կամ ֆայլերին համապատասխան անուններ տալ, ապա ի՞նչ պետք է անի, եթե ուզի ընդունվել աշխատանքի։ Եթե դու չունես կարգուկանոն համակարգչիդ մեջ, ապա դա նշան է դասախոսի կամ աշխատատուի համար, որ լուրջ չես վերաբերում հարցին ու չես կարևորում աշխատանքը»,- կարծում է Մորիցը։

«Խնդիրները գալիս են դեռ դպրոցից, որտեղ աշակերտները չեն սովորում ռեֆերատ գրել, շնորհանդես ներկայացնել։ Ցավոք շատ ուսուցիչներ իրենք էլ չգիտեն՝ ինչպես անել այդ ամենը, ո՞ւր մնաց՝ սովորեցնեն։ Փաստացի կրթությունը հիմնված է տեսական գիտելիքների վրա, բայց ոչ՝ կիրառական ու խմբային աշխատանքների։ Դեռ դպրոցից պետք է հստակեցվի ու խրախուսվի ոչ ֆորմալ կրթության կարևորությունը ֆորմալի հետ՝ զուգահեռ։
Պետության խնդիրն է լուծել այս հարցերը, իմաստալից ու համապատասխան դասապլան ստեղծել։ Դրանից բացի, պ
ետական կրթական հաստատություններում աշխատող մասնագետները չեն ստանում նորմալ աշխատավարձ։ Ջահել մասնագետները գնում են այլ ոլորտներ կամ էլ երկրից դուրս։ Տասը տարի հետո Հայաստանը կկանգնի ահռելի խնդիրների առաջ, եթե չլուծի այս հարցը»։

Ամեն ինչն ունի իր տեղն ու ժամանակը

Խնդիրներից մեկն էլ այն է, որ ուսանողները ճիշտ առաջնահերթություններ չեն տալիս աշխատանքին կամ կրթությանը։ «Վերջին տարիներին Հայաստանում հիմնադրվել են տարբեր գերմանական կազմակերպություններ, որոնք ունեն շատ թափուր հաստիքներ ու տրամադրում են հայաստանյան պայմանների համար միջինից բարձր աշխատավարձ։ Այժմ շատ ուսանողներ աշխատում են այդ կազմակերպություններում՝ հաճախ աչքաթող անելով կրթությունը և դասերը։

Ամեն դեպքում պետք է կարողանալ համադրել աշխատանքն ու ուսումը, ոչ թե անտեսել մեկը մյուսի պատճառով։ Ինչքան էլ լավ մասնագետ լինես այս կամ այն ոլորտում, պետք է կարողանաս գրել պաշտոնական նամակ, մշակել տեքստ, խոսք ու պրեզենտացիա ներկայացնել, ունենալ շատ լավ գրավոր հմտություններ ու ճիշտ դասավորել առաջնահերթություններդ։ Օրինակ՝ ավստրիական կրթական համակարգի հաջողության բանաձևն այն է, որ երիտասարդները աշխատաշուկային համապատասխան կրթություն են ստանում և նույնիսկ դպրոցը ավարտելուց հետո, անմիջապես գտնում են աշխատանք»։

Թեման քննարկելու և ավելի շատ ինֆորմացիա ստանալու համար միացիր մեր գերմանախոսների խմբին՝
Tutor German Club


Հոդվածի հեղինակ՝
Սվետա Մելիքյան

Comments(0)

Leave a Comment