5 բան, որ պետք է սովորեն երեխաները (դասերից բացի)
Գիտեմ՝ հոգնել եք համավարակից, հեռավար դասերից, zoom-ից ու skype-ից, բայց երեխաների մասին մտածել պետք է ցանկացած իրավիճակում, հատկապես՝ դժվարին պահերին։
Ցանկացած դժվարություն հաղթահարելի է, եթե ունենք համապատասխան գիտելիքներ, կարող ենք գտնել տեղին ու արդյունավետ լուծումներ։ Ուրեմն առաջարկում եմ, որ հենց այս պահից սկսած մտածեք, թե ինչ գիտելիքով եք ուզում որ զինվեն Ձեր երեխաները, իհարկե՝ հաշվի առնելով նրանց հետաքրքրությունները, ցանկությունները, ինչու ոչ՝ նպատակները։
Արվեստ, ծրագրավորում, բիզնես, այնքան շատ հմտություններ կարող են ստանալ երեխաները դպրոցական գիտելիքին զուգահեռ, որը նրանց կօգնի ավելի լավ կողմնորոշվել, թե ինչով են ուզում զբաղվել կյանքում և ավելի վաղ տարիքից արդեն ստեղծել սեփական նախագծերը։
Թվային մեդիա
Ձեր երեխան հեռախոսը կամ տեսախցիկը ձեռքից չի՞ գցում, հեռուստացույցի՞ց էլ կտրվել չի լինում։ Գուցե այս երևույթները բացասական են թվում, բայց Դուք կարող եք շրջել անիվը դեպի դրական։
Ի՞նչ է թվային մեդիան ու ինչո՞ւ պիտի երեխաները հմտանան այս ոլորտում։ Մեդիան այն բոլոր հաղորդակցության միջոցներն ու գործիքներն են, որ շրջապատում են մեզ։ Սովորելով թվային մեդիայի գործիքներ՝ Ձեր երեխաները կկարողանան գրել մեդիա տեքստեր, լուսանկարել, նկարել հոլովակներ, մոնտաժ անել, ստեղծել ամբողջական մեդիա բովանդակություն։
Հարցրեք՝ գուցե նրանք ուզո՞ւմ են սեփական բլոգն ունենալ, սեփական ֆիլմերը նկարել, կամ լրագրությամբ զբաղվել։
Բիզնես հմտություններ
Երեխայի հետ խանութ եք գնում և նա սկսում է ուզել տարատեսակ իրեր, բայց դրանց կարիքը չունի ու Դուք դա նրան բացատրել չեք կարողանում։ Իրականում սա բիզնես գիտելիքի պակաս է։
Բիզնեսն այն ամենն է ինչի մեջ ապրում ենք ու ինչը մեզ ոչ ոք չի սովորեցնում։ Մեզ կյանքի ամեն քայլափոխի պետք են գալիս բիզնես հմտությունները։
Տարրական ֆինանսական գիտելիքից մինչև վաճառքներ՝ այս հմտությունները ձեռք ենք բերում ինքնուրույն, բայց ինչ հիանալի կլիներ եթե փոքր տարիքից կարողանայինք գրագիտանալ այս ոլորտում, կարողանայինք հստակ պլանավորել մեր բիզնես գաղափարները, կառավարել ֆինանսները և հասկանալ ինչպես է մոլորակը պտտվում այս «առուծախի» շուրջ։
Ծրագրավորում
Նորություն չեմ հայտնի, եթե ասեմ, որ տեղեկատվական տեխնոլոգիաներն են ապագայի հիմքում։ Երեխաներին դեռ փոքր տարիքից տեղեկատվական տեխնոլոգիաների մասին գիտելիք տալը կնպաստի, որ հետագայում ավելի հեշտ մասնագիտություն ընտրեն և ավելի հեշտ կայանան այս ոլորտում։ Ծրագրավորում սովորելով երեխաները կկարողանան նոր խաղեր ստեղծել, զբաղվել ռոբատաշինությամբ, ծրագրել իրենց իսկ ապագան։
Արվեստ
Երեխաների մոտ ամենաառաջինը արվեստի որևէ ճյուղի հանդեպ սերն է արտահայտվում։ Կարող են երգել, պարել, նկարել, դաշնամուրի ստեղների վրա «հրաշքներ գործել»։
Արվեստի որևէ ճյուղով ստաբիլ զբաղվածությունը կօգնի զարգացնելու ստեղծարար մտածողությունը, գեղեցիկը տեսնելու ու զարգացնելու կարողությունը։
Արվեստի որևէ ուղղությամբ զբաղվելն օգնում է նաև երեխաների էմոցիոնալ գրագիտության հարցում։ Արվեստի շնորհիվ երեխաները ճանաչում են իրենք իրենց ու շրջապատին։
Դիզայն
Այն ինչ տեսնում ենք մեր շուրջը և այն ինչ տեսնում ենք հենց համակարգչի մեջ. Ամեն ինչ դիզայն է արվում՝ ապրանքներից մինչև կայքեր։ Դիզայնի հմտություններ ձեռք բերելիս երեխաները պատկերացում կկազմեն ինչպես է ինչ որ նոր բան նախագծվում ու ստեղծվում, կսովորեն ճիշտ համադրել գույները, կձևավորեն նրբաճաշակություն։
Leave a Comment